Վաղինակ Շուշանյանը մտածում է առաջադրել իր թեկնածությունը Սպիտակի քաղաքապետի պաշտոնում
Այսօր «Ո՛չ թալանին» նախաձեռնության նախկին անդամ, քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով, թե մտածում է ապրիլ ամսին Սպիտակ քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: 168.am-ի հետ զրույցում Վաղինակը ևս մեկ անգամ նշեց, որ հստակ որոշում չկա, ինքն ուղղակի մտածում է այդ ուղղությամբ:
«Սպիտակ քաղաքում ծնվել, մեծացել եմ ես, ու այնտեղ՝ որպես աղետի գոտի, շատ խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել, վերջին շրջանում ընդհանրապես հարցեր չեն լուծվել, ուղղակի իրենք ընտրվել են՝ որպես այդ պաշտոնի համար: Քաղաքապետ կոչվածը ձևական բնույթ է կրել մեզ մոտ: Ես մտածեցի՝ միգուցե, եթե կարողանամ ես էլ առաջադրվեմ, ընտրվեմ, կկարողանամ ինչ-ինչ խնդիրներ լուծել, որովհետև ես բավականին պլաններ ունեմ Սպիտակի զարգացման համար նախատեսած, ուղղակի այս պահին շանսեր ու ռեսուրսներ չունեմ, իսկ քաղաքապետի հաստիքում գտնվող մարդը լիքը ռեսուրսներ ունի, որոնցով կկարողանա օգտակար լինել իր քաղաքին»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Շուշանյանը:
Մեր այն հարցին՝ արդյոք որևէ քաղաքական ուժի կողմից աջակցություն ակնկալո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում հիմնականում հաջողության են հասնում այն թեկնածուները, ովքեր որոշակի աջակցություն են ունենում տարբեր քաղաքական ուժերի, հիմնականում՝ իշխանությունների կողմից, Վ. Շուշանյանն այսպես պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ մի քաղաքական ուժի կողմից աջակցություն չկա, և չեմ էլ ուզում լինի, որովհետև ամեն մեկն իր շահը կհետապնդի այդ պայքարի շրջանակներում: Այդ իսկ պատճառով չեմ ուզենա դառնալ ինչ-որ քաղաքական ուժի ձեռքին օգտագործման խաղալիք: Մտածել եմ՝ անկախ ամեն ինչից, անկախ որևէ աջակցությունից՝ կարելի է փորձել պայքարել հենց այս ճանապարհով՝ վերևներում գտնվողների դեմ, որ ցույց տանք, որ միանշանակ չէ իրենց որոշումը, կարող են լինել մարդիկ, ովքեր դուրս կգան իրենց դեմ, ու առանց որևէ քաղաքական կամ ֆինանսական աջակցության՝ կփորձեն ինչ-ինչ ճանապարհով իրենց դեմ կռիվ տալ»:
Նա նկատեց, որ Սպիտակի թե՛ նախորդ, թե՛ գործող քաղաքապետները ՀՀԿ-ից են, ինչքանով իրեն է հայտնի՝ այս պահին 2-ն էլ ցանկանում են քաղաքապետի թեկնածություն դնել. «Եթե երկու գաղափարական նույն թիմի անդամներն առաջադրվում են, իրենց միջև հակասություններ են լինելու, սա հնարավորություն է՝ օգտել այդ առիթից ու մտնել այդ պայքարի մեջ ու ավելի սրել նրանց հարաբերությունները ու փորձել արանքից մաքուր դուրս գալ՝ նման տարբերակով»:
Հարցին էլ, թե՝ չե՞ք կարծում, որ ձեր երիտասարդ տարիքն ու փորձի պակասը կարող են խանգարել նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար, Վաղինակը պատասխանեց, որ, միանշանակ, դրա շուրջ էլ մտահոգություններ կան. «Ճիշտ է, ես քաղաքականապես շատ զարգացած չեմ, բայց ցանկացած մեկը, որն ուզում է ինչ-որ պաշտոնի նստել և նստում է դրան, դրանից հետո է նոր ձեռք բերում, ինչո՞ւ չէ, նաև իր սխալների վրա է փորձ ձեռք բերում: Երբ ուսանողը համալսարանն ավարտում է, պետք է ինչ-որ մի տեղից սկսի, որ իր մասնագիտությունը զարգացնի, իսկ ես մասնագիտությամբ իրավագետ ու քաղաքագետ եմ, ճիշտ է, բարդ կլինի, բայց իմ գիտելիքները, հուսով եմ, ինձ թույլ կտան լինել այդ հաստիքում: Դեռևս մտածում եմ, հստակ բան չկա»:
Հարցին էլ, թե՝ այս հարցի շուրջ ավելի փորձառու մարդկանց, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ չե՞ք խոսել, Վաղինակն այսպես պատասխանեց. «Միտքն այսօր է եկել իմ մոտ, երբ կարդացի, որ Սպիտակ քաղաքում ապրիլ ամսին քաղաքապետի ընտրություններ են լինելու: Մինչ այդ էլ, իմ համաքաղաքացիներն էին միշտ ասում՝ իմ ակտիվությունը տեսնելով, թե՝ ինչո՞ւ չես առաջադրվում պատգամավորի կամ տեղական ինքնակառավարման մարմնի հաստիքում: Դեռևս այս մասին չեմ հասցրել որևէ մեկի հետ խոսել, ուղղակի Ֆեյսբուքում գրառում էի արել, որ իմ ընկերների կարծիքը տեսնեմ»:
Հիշեցնենք, որ Սպիտակ քաղաքի գործող քաղաքապետն է ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը: