ՎՏԲ-ից նեղացածները. Պատվե՞ր, թե՞ անգրագիտություն

Անցած տարվա վերջին հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում սկիզբ առավ մի զարմանալի հոդվածաշար՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի դեմ։ Լրատվամիջոցի անունը չենք նշում ոչ թե գործընկերային համերաշխությունից ելնելով, այլ պարզապես անվանումը չտիրաժավորելու համար։

Խոսքը վերաբերում էր հոդվածների այն շարքին, որտեղ խոսվում էր «ՎՏԲ-Հայաստանի» սեփականակատեր ՎՏԲ բանկում Ադրբեջանի 3% մասնակցության և դրա հետևանքների մասին։ Ինչո՞ւ ենք ասում՝ զարմանալի հոդվածաշար։ Բանն այն է, որ լրատվամիջոցները հատկապես բանկերի մասին հոդվածներ գրելիս առավելագույն պատասխանատվություն և կոռեկտություն են դրսևորում՝ անգամ մանրուք թվացող հարցերում։ Բանկը այլ կազմակերպություններից առավել զգայուն է նման հարցերում, և ցանկացած անզգույշ կամ չկշռադատված հրապարակում, նախադասություն, բառ կամ թիվ կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն՝ տվյալ բանկի հեղինակության և կայունության, այլև ամբողջ ֆինանսական համակարգի վրա։

Իսկ այս հոդվածաշարն այդ առումով աչք էր ծակում՝ թե՛ իր անգրագիտությամբ, թե՛ կողմնակալությամբ, թե՛ այն տիրաժավորելու աննկարագրելի մոլուցքով։

Թեմային անդրադառնալու առիթ հանդիսացավ հերթական հոդվածը, որ հրապարակվեց 2 օր առաջ։ Ու այն իր մեջ կոնկրետ վտանգ է պարունակում՝ ոչ թե ՎՏԲ-ի, այլ ընդհանրապես ՀՀ ֆինանսական կայունության տեսանկյունից։

Գլխավոր աբսուրդը
Հրապարակման «մեխն» այն իրողությունն է, որ Ադրբեջանի նավթային ֆոնդը 3%-ի փայատեր է «ՎՏԲ-Հայաստան» բանկի մայր ընկերությունում՝ ՎՏԲ-ում։ Իհարկե, դա նորություն չէր. այդ մասին Hetq-ը գրել էր դեռ 2014թ. ապրիլին։ Սակայն սա ներկայացվեց՝ որպես բացահայտում, և սկսեցին սրա հիման վրա կառուցել իրենց ասելիքը։
Իսկ այդ ասելիքը, կարճ ասած, հետևյալն է՝ լինելով 3%-ի փայատեր՝ Ադրբեջանը ներկայացուցիչ ունի բանկի տնօրենների խորհրդում և կարող է պահանջել ու ստանալ ՎՏԲ-ի հաճախորդ հանդիսացող ՀՀ քաղաքացիների տվյալները։ Ու քանի որ ՎՏԲ-ն Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է, ապա Ադրբեջանի համար հասանելի են դառնում տասնյակ-հազարավոր մարդկանց և կազմակերպությունների տվյալները, ինչն ուղղակի սպառնալիք է մեր անվտանգությանը։

Սրա աբսուրդն այն է, որ 3%-ը նշանակալից մասնակցություն չէ։ Բացի այդ՝ տնօրենների խորհրդի անդամը, թեկուզ 50%-ի բաժնետեր, իրավունք չունի հենց այնպես պահանջել և ստանալ մի խումբ հաճախորդների տվյալներ։ «Հաշվետվությունները, որոնք ՎՏԲ բանկը ներկայացնում է բաժնետերերին և Վերահսկիչ խորհրդին, չեն պարունակում հաճախորդների մասին (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական) անձնական տվյալներ: Նմանատիպ տեղեկությունները խստորեն պահպանվում են՝ համաձայն բանկային գաղտնիքի մասին օրենսդրության պահանջներին»,- այս մասին նշել էր «ՎՏԲ-Հայաստան» բանկն իր պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելին, բանկային ոլորտի ցանկացած աշխատակից ձեզ կասի, որ ավելի հեշտ է տվյալներ ստանալ ՀՀ բանկերից որևէ մեկում աշխատող հասարակ օպերատորից, քան վերը նշված եղանակով։

Իսկ հարցն ավելի գլոբալ համատեքստում դիտարկելու դեպքում, այդ տրամաբանությամբ հարկավոր է ընդհանրապես փակել օտարերկրյա կապիտալի մուտքը հայկական շուկա։ Որովհետև շատ ընկերությունների բաժնետերերի թվում կան օֆշորային կազմակերպություններ, որոնք չեն հրապարակում վերջնական սեփականատերերին։ Ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը դրանցում փայատեր չէ։

Երկրորդ աբսուրդը
Ըստ երևույթին, հասկանալով, որ «տվյալների յուրացման» մեղադրանքը չափազանց թույլ է՝ հետևեց շարունակությունը՝ «Ադրբեջանը ՎՏԲ բանկի միջոցով Հայաստանը քանդում է ներսից»։ «Տրամաբանությունը» հետևյալն էր՝ բանկը վարկավորում է ընկերությունների և քաղաքացիների, որոնք չեն կարողանում մարել պարտքերը, սնանկանում են, գույքն էլ բռնագանձվում է։ Այսինքն, եթե կարճ ասենք, բանկը միտումնավոր վատություն է անում ՀՀ սուբյեկտներին՝ վարկավորում իրականացնելով։ Բայց չէ՞ որ բանկի հիմնական գործառույթը հենց վարկավորումն է։ Նույն տրամաբանությամբ կարելի է Հայաստանը ներսից քանդելու մեջ մեղադրել հայաստանյան բոլոր բանկերին։ Բոլորն էլ վարկավորում են ու բոլորն էլ հարկ եղած դեպքում դատական կարգով բռնագանձումների են գնում։
Մտածել, թե Ադրբեջանը հատուկ նպատակով 500 մլն դոլարով 3% փայաբաժին է գնել ՎՏԲ-ում, այդ 3%-ի միջոցով վերահսկում է բանկի վարկային քաղաքականությունն ու միտումնավոր վարկեր տալիս ռիսկային վարկառուներին, ավելի շատ ֆանտաստիկ ժանրի ֆիլմ է հիշեցնում։

Երրորդ աբսուրդը
Սա էլ դեռ ամենը չէ։ Քանի որ ՀՀ քաղաքացիների հայրենասիրական զգացմունքների վրա խաղադրույք կատարելը սպասված արդյունքը չտվեց, որոշվեց անցնել շանտաժի մեթոդին։ Կայքը «ՎՏԲ-Հայաստան» բանկի վարկառուներին բաց տեքստով մեղադրեց պետական դավաճանության մեջ։ «Տրամաբանությունն» այստեղ էլ հետևյալն էր՝ ՎՏԲ վարկառուները տոկոս են վճարում բանկին, որն այդ տոկոսներից շահույթ է ստանում, այդ շահույթի մի մասը գնում է Ադրբեջան, իսկ Ադրբեջանն այդ գումարն ուղղում է զենք գնելու և մեր զինվորներին սպանելու համար։ Ասվածը համոզիչ դարձնելու համար հղում էր արվում ՀՀ ՔՕ 299 հոդվածին՝ ըստ որի, ի թիվս այլ արարքների, պետական դավաճանություն է համարվում թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը։ Կարճ ասած՝ ՎՏԲ-ից վարկ վերցնելն ապրիորի համարվում է թշնամուն օգնել։ Սա մեկնաբանելն իմաստ չունի։ Առավելևս, որ «ՎՏԲ-Հայաստանը» 2014 և 2015 թվականները փակել է մի քանի միլիարդ դրամ վնասով։

Սակայն սա միայն աբսուրդով չի ավարտվում։ Այստեղ սկսվում է ամենավտանգավորը՝ ՀՀ քաղաքացիներին ուղղորդելը ու պրակտիկ մոլորության մեջ գցելը։ Կայքը նրանց խորհուրդ է տալիս խզել վարկային պայմանագրերը՝ անհնարինության պատճառով։ Այլ կերպ ասած՝ խորհուրդ է տալիս հրաժարվել վարկային պարտականությունները կատարելուց՝ պատճառաբանելով, որ դա անհրնար է, քանի որ վարկային պարտավորության կատարելը նշանակում է՝ հայրենիքի դավաճանություն։

Այստեղ խաղադրույք է արվում արդեն ոչ միայն՝ հայրենասիրական զգացմունքների, այլ՝ վարկառուների սոցիալական վիճակի վրա։ Գաղտնիք չէ, որ շատերն այսօր դժվարությամբ են կատարում վարկի մարումները, և նրանց մոտ հույս է առաջանում՝ իսկ միգուցե իրո՞ք հնարավոր է «ջրել» վարկերը։ Ընդ որում, այս գաղափարը թխվել էր ռուսական կայքերից, որոնք ընթերցողներին խորհուրդ էին տալիս դիմում գրել և նույն պատճառաբանությամբ հրաժարվել արևմտյան բանկերի նկատմամբ պարտավորությունները կատարելուց (քանի որ նրանք պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ և թշնամի են)։
Այս թեմայով վերջին հրապարակումը եղել է 2 օր առաջ։ Ու ցավալին այն է, որ հետևելով այդ հրապարակման առթիվ կատարվող մեկնաբանություններին՝ կարելի է տեսնել, որ շատերն անկեղծ հավատում են նման հնարավորությանը։ Ու չի բացառվում, որ վերջում լուրջ խնդիրների առաջ կանգնեն։

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը
Առաջին հոդվածից հետո կարելի էր մտածել, որ սա պարզապես անտեղյակության կամ անգրագիտության արդյունք է։ Սակայն թեմայի զարգացումն ու շարունակությունն արդեն հիմք են տալիս մտածել, որ սա շարքային անգրագիտություն չէ։ Սա առնվազն մարտնչող անգրագիտություն է, ու չի բացառվում նաև՝ պատվեր։
Կայքը, որի մասին խոսում ենք, սկսել է գործել 2014 թվականի դեկտեմբերից։ Մինչև 2015 թվականի նոյեմբերը, այսինքն՝ շուրջ 1 տարի, այս կայքն ընդհանրապես չի անդրադարձել ՎՏԲ բանկի գործունեությանը՝ ոչ դրական ոչ էլ բացասական առումով։ Առաջին հրապարակումը ՎՏԲ-ի մասին (իհարկե՝ բացասական երանգով) եղել է 2015թ. նոյեմբերին։

Այս հրապարակման մեջ ՎՏԲ-ն մեղադրվում էր ինչ-որ «Ընդանիկ» շինարարական ընկերության հետ համատեղ մեքենայություն մշակելու և շուրջ 600 հազար դոլարի վարկային միջոցներ յուրացնելու մեջ։ Դրանից 10 օր անց հայտնվում է երկրորդ հրապարակումը՝ այն մասին, թե ինչպես է անշարժ գույքի հետ կապված ՎՏԲ-ի խարդախությունը կանխվել։
Բուն «ադրբեջանական գծի» առաջին հոդվածը հրապարակվել է 2015-ի դեկտեմբերի 26-ին՝ «Բացահայտում ՝ ՎՏԲ Հայաստան Բանկի սեփականատերերից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն է» ճչացող վերնագրով։ Հոդվածաշարի կեսից թեմային միանում է ինչ-որ իրավաբանական ընկերություն, ում անունը հոլովվում էր նախկին հրապարակումներից մեկում (կրկին ՎՏԲ-ի մասին, սակայն այլ թեմայի շրջանակներում)։
Արդյո՞ք ՎՏԲ-ի դեմ ուղղված այս արշավը պատվեր է։ Դժվար թե։ Սովորաբար նման դեպքերում պատվերը գալիս է մրցակիցներից։ Սակայն չենք կարծում, որ ՎՏԲ-ին մրցակից ՀՀ բանկերից որևէ մեկը կգնար նման քայլի, առավելևս՝ նման էժանագին, ոչ պրոֆեսիոնալ և որևէ քննադատության չդիմացող փաստարկներով։
Առավել հավանական է, որ սա ինչ-որ հակասության արդյունքում ծնված վրեժխնդրության դրսևորում է։ Կամ, ինչպես նշեցինք, մարտնչող տգիտության հաղթարշավ։

Ինչպե՞ս սա կարող է ազդել բանկի վրա
Ասում են, որ բանկի համար ամենաթանկ կապիտալը հեղինակությունն է։ Կարելի՞ է ասել, որ ՎՏԲ-ի հեղինակությունը տուժեց այս հարձակումների արդյունքում։ Դժվար է ասել։

Ամեն դեպքում, տրամաբանող մարդկանց մոտ սա պետք է հակառակ ազդեցություն ունենար՝ արշավի հեղինակի ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով։ Սակայն, ցավոք, ոչ բոլորը տրամաբանելու հետ սեր ունեն։ Ու նրանց հաշվին բացասական տրամադրություններն այս բանկի դեմ, չի բացառվում, որ ավելացած լինեն։ Առավելևս, որ քաղաքացիների վերաբերմունքը բանկային համակարգի նկատմամբ չափազանց բացասական է, իսկ Հայաստանի դեպքում՝ դա առավել ընդգծված է։ Իսկ ՎՏԲ-ն ամենախոշոր բանկերից մեկն է, հետևաբար՝ առավել մեծ թվով հաճախորդներ ունի (այդ թվում՝ դժգոհ հաճախորդներ)։
Հնարավո՞ր է, որ այս ամենի արդյունքում ՎՏԲ-ի ավանդատուների մի մասը հրաժարվի բանկից և խնայողությունները տեղափոխի այլ բանկ։ Սա նույնպես չի բացառվում, սակայն նման մարդկանց թիվը չնչին կլինի։ Դրա մասին հնարավոր կլինի կարծիք կազմել, երբ ՎՏԲ-ն ամփոփի 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։ Սակայն, անգամ, եթե ավանդների ու հաշիվների ծավալը լուրջ փոփոխություն կրի, կրկին դժվար կլինի ասել, թե դա պայմանավորված էր հենց այս հրապարակումներո՞վ, թե՞ այլ գործոններով։
Անկախ այս ամենից, այս արշավը, իհարկե, ոչ մի կազմակերպության օգուտ բերել չի կարող։ Առավելևս՝ բանկին։

Ինչպե՞ս արձագանքել նման դեպքերում
Ի՞նչ անել նման դեպքերում՝ արձագանքե՞լ ակնհայտ վարկաբեկող նպատակ ունեցող այսպիսի հրապարակումներին, թե՞ ոչ։ Միանշանակ պատասխան չկա։ Նման հրապարակմանը պատասխանելով՝ կազմակերպությունը (անձը կամ քաղաքական ուժը) իր կամքից անկախ՝ արժևորում է այդ նյութն ու դրա հեղինակին։ Բացի այդ, նպաստում է, որ նյութն ավելի տարածվի, քանի որ անտեղյակ մարդիկ այս մասին իմանում են հենց բանկի հրապարակումից։ Եվ վերջապես, արձագանքից հետո հարձակումը, որպես կանոն, ավելի մեծ թափով է վերսկսվում։ Մյուս կողմից՝ չպատասխանելը կարող է ընկալվել՝ որպես անուղղակի խոստովանություն կամ համաձայնություն, որ մեղադրանքն իրոք ճիշտ է։
ՎՏԲ-ն ընտրեց առաջին տարբերակը՝ հունվարի 26-ին արձագանքեց Ադրբեջանի 3% մասնակցության թեմային՝ հայտարարելով, որ այդ հրապարակումներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը և մոլորեցնում են հանրությանը։

Ճի՞շտ էր դա մարքետինգի տեսանկյունից, թե՞ ոչ՝ դժվար է միանշանակ ասել (համոզված ենք, որ արձագանքել-չարձագանքելու հարցը լրջորեն քննարկվել է բանկում)։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ ՎՏԲ-ի արձագանքից հետո սկսվեց հոդվածների նոր և ավելի բուռն տարափ. եթե մինչև ՎՏԲ-ի արձագանքը հրապարակվել էր 5 հոդված («ադրբեջանական գծի» մեջ), ապա դրան հաջորդած 20 օրերի ընթացքում եղել է 10 հոդված բանկի դեմ։ Ընդ որում, կայքն իր ֆեյսբուքյան էջում գովազդում էր այդ հրապարակումները՝ վճարելով, որպեսզի դրանք առավելագույնս շատ դիտումներ ունենան։
Ամենաճիշտ որոշումը, թերևս, դատի տալն է՝ ընթերցողին մոլորության մեջ գցելու և ընկերության համբավին ու հեղինակությանը վնասելու համար։ Հասկանալի է, որ շատերը խուսափում են լրատվամիջոցներին դատի տալ, քանի որ դա կարող է ներկայացվել՝ որպես ազատ խոսքը ճնշելու փորձ։ Սակայն լրատվական դաշտին ու ազատ խոսքին ամենամեծ վնասը հասցնում են հենց նման ոչ պրոֆեսիոնալ և ակնհայտ միտում ունեցող հրապարակումները։

Մանավանդ որ, սույն կայքին կարող է դատի տալ ոչ միայն բանկը, այլև այդ բանկի տասնյակ-հազարավոր պարտաճանաչ վարկառուները, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս