Բաժիններ՝

«Ուսումնասիրությունները մեր տնտեսության մեջ խնդիրների 5 բլոկ են բացահայտել». Գագիկ Մակարյան

«ՓՄՁ-ների հետ կապված այն ցուցանիշները, որոնք բերվում են պետական մարմինների կողմից, որ ավելի շատ բացվում են, քան փակվում, մենք գնահատեցինք և տեսանք, որ մոտ 8000 ՓՄՁ՝ տարվա կտրվածքով, համարյա  թե տնտեսությունից դուրս են մնում: Ակտիվ գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտների տասը տոկոսը տնտեսությունից դուրս է մնում, իսկ դա նշանակում է, որ  ՀՆԱ-ի 30 տոկոսը պայմանավորված է ՓՄՁ-ներով, որը կազմում է մոտ 3 մլրդ դոլար, իսկ  տասը տոկոսի դեպքում՝ մոտ 300 մլն դոլարի չափ մենք ամեն տարի կորցնում ենք, չենք ունենում տնտեսության մեջ»,- այս մասին այսօրվա ասուլիսին նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները մեր տնտեսության մեջ խնդիրների 5 բլոկ են բացահայտել. «Առաջին՝ արդյունավետ կառավարում և կոռուպցիա, արդյունավետ կառավարումը վերաբերում է նաև կառավարության որակին, երկրորդ՝ օրենսդրական կարգավորում, մեզ մոտ բազմաթիվ բարեփոխումներն են արվում, բայց խնդիրները բաց են մնում, երրորդ բլոկը վերաբերում է մրցակցությանն ու ստվերային տնտեսությանը, չորրորդը՝ ֆինանսների հասանելիություն՝ վարկավորման տոկոսներ, վարկավորման պայմաններ, և   5-րդ խոչընդոտը՝ կրթությունն է, աշխատուժի որակն ու արտադրողականությունը»:

Նա նշեց, որ ուսումնասիրության մասին զեկույցն ամբողջությամբ մոտ օրերս կներկայացվի հանրությանը:

Գ. Մակարյանը հույս հայտնեց, որ հոսանքի հետ կապված բարելավումներ կլինեն, որովհետև ըստ նրա՝ ՀԷՑ-ի նոր սեփականատերերն առողջացման նախագծեր են իրականացնում. «Ժամանակի ընթացքում կարող է նույնիսկ գների էժանացման հետդարձ ունենանք»: Իսկ գազի մասով նշեց, որ չպետք է գնանք ռուսական կողմին խնդրելու տարբերակով, այլ պետք է ապացուցենք իրենց ոչ արդյունավետ գործունեությունը Հայաստանում, կոռումպացվածությունը. «Ոչ թե խնդրել, այլ ապացուցել և սանկցիաներ կիրառել: Աբսուրդ է այն, որ սահմանի վրա գազն արժե 165 դոլար, բայց սպառողին հասնում է կրկնակի թանկ: Էժանացում կարող է լինել, բայց դա կարող է լինել նաև քաղաքական նպատակներով, որից Հայաստանը պետք է խուսափի: Այսինքն՝ ոչ թե զիջել, որ ինչ-որ մի բան վերցնել, այլ պարզապես ասել, որ իրենք սխալ են ու արդյունավետ չեն գործում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս