«Այս ամեն ինչը վերջանա՝ ո՞վ կհիշի մեզ, ո՞ւմ ենք պետք». Սուրեն Աբրահամյանին ասել է Վազգեն Սարգսյանը
«Վազգեն Սարգսյանն իր մասին ասում էր՝ «Ժողովուրդն այդպես էլ ինձ չհասկացավ, ինձ միշտ տեսնում են մորուքով, փրփրած, քրտնած…»: Բայց նա ուներ փխրուն հոգի, լիրիկական բնավորություն, ահավոր կարգին մարդ էր, հրաշք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվելով Վազգեն Սարգսյանի մասին ունեցած իր հուշերով՝ ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը:
Խոսելով Վ. Սարգսյանի ամենառոմանտիկ դրսևորումների մասին՝ Ս. Աբրահամյանը պատմեց, որ մի անգամ մի գյուղ էին ազատագրել, ու այդ գեղեցիկ բնութան մեջ կար մի անտառապահի տնակ, որը տեսնելով՝ Վ. Սարգսյանն իր հիացմունքն է հայտնել. «Նման բնություն ոչ մի տեղ չէի տեսել, Վազգենն ասաց՝ «սա մեզ է, չէ՞, մնալու», ասացի՝ «մեզնից է կախված», ասաց՝ «եթե այդպես է՝ այդ անտառապահի տնակը վերանորոգի՝ կեսը՝ քեզ, կեսը՝ ինձ: Ե՜րբ է այս ամեն ինչը վերջանալու, նստեմ՝ այնքան նյութ ունեմ գրելու»: Ինձ հարցրեց՝ ես ի՞նչ եմ անելու, ասացի՝ ես էլ քո մասին հիշողությունները կգրեմ, ասաց՝ «լսի, այդ ի՞նչ մեծ կարծիքի ես մեր մասին, այս ամեն ինչը վերջանա՝ ո՞վ կհիշի մեզ, ո՞ւմ ենք պետք»: Երբ զինվոր էր մահանում, ոչ ոք չէր համարձակվում առաջինը Վազգենին ասել, այդ օրը երկրաշարժ էր, մի սարսափելի բան էր, ինքն ամեն մի զինվորի համար լաց էր լինում, այդ փխրունն ու կամայինը մեկտեղված էր այդ անձնավորության մեջ»:
Ս. Աբրահամյանը պատմեց, որ մի անգամ մի բնակավայր էին ազատագրել, բայց դրանից հետո հիմնական ճանապարհը, որ գալիս էր Հայաստան, ականապատված էր. «Արդեն մթնշաղ էր, բարձր տրամադրությամբ ասաց՝ «նշելու համար բան չկա՞», մի շիշ օղի բերեցինք, խմեցինք, Մոսոն՝ նրա վարորդը, որ գնաց ղեկին նստի, ասաց՝ «իջի դու, Աբրահամյանին ես պետք է տանեմ»: Ուղիղ քշեց այնտեղ, որտեղ դեռ չի ականազերծվել, ասացի՝ ի՞նչ ես անում, ասաց՝ «եթե Աստված մեր նկատմամբ բարեհաճ է, ոչինչ չի լինի»: Երաժշտություն միացրեց, անցանք այդ ճանապարհով, ոչինչ չեղավ: Հետո ասաց՝ «քեզ գեներալի կոչում են տվել»»: