Բաժիններ՝

«Հիմա այնպիսի մարդիկ են որպես «կռված» ներկայանում, որոնց քրտնելն իրենց փախցրած փողն է եղել, ոչինչ չեն արել». Սուրեն Աբրահամյան

«Մեր իրականության ամենապայծառ օրերից մեկն է, որ կարող ես մի կողմ դնել քաղաքական հայացքները, քո չհասկացված լինելը ու սրտանց ուրախանալ: Դա այն բացառիկ բնագավառն է, որտեղ մենք բացառիկ հաջողություն ունեցանք, հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը ձեռք բերեցինք այդ օրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց բանակի օրվա մասին՝ ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ մենք դեռ չավարտած պատերազմ ունենք, մենք բանակի շնորհիվ ենք պարտադրել խաղաղությունը, և, եթե չունենայինք նման բանակ, ապա ոչ ոք մեզ հետ չէր նստի բանակցային սեղանին:

«Ես ուզում եմ նաև անձնապես շնորհավորել Գրետա և Զավեն Սարգսյաններին այս բանակի օրվա կապակցությամբ: Ես չեմ պատկերացնում ֆրոնտ գնացող մի հրամանատար, որը ճաշակած չլինի տիկին Գրետայի դոլման ու գնացած լինի»,- հայտարարեց Ս. Աբրահամյանը:

Նա նշեց, որ պատերազմի տարիներին իրենք կարողացան ապաքաղաքականացնել հրացան բռնող մարդու գիտակցությունը. «Վազգեն Սարգսյանն այդ առումով շատ խիստ էր, և դա շատ ճիշտ էր»:

Կարդացեք նաև

Ս. Աբրահամյանի գնահատմամբ՝ մենք ունենք կայացած, ամուր ու պինդ բանակ, բայց այդ բանակը խնամքի կարիք ունի: Նրա խոսքով՝ շատ հաճախ պետության գործառույթները պահանջում ենք բանակից, բայց պետության գործառույթները չի կարելի բանակից պահանջել:

Դիտարկմանը, թե հայ բանակին երբեմն մեղադրում են, որ նախաձեռնողական չէ, Ս. Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Նման խոսք կա, ասում են՝ ոտքերդ վերմակիդ չափով մեկնիր: Ժամանակին Իսրայելի բանակի կառուցվածքն ուսումնասիրել եմ, նայել եմ, շատ եմ նախանձել, որ այդ մթնոլորտը մեզ մոտ չկարողացանք ստեղծել, դա մեր կենցաղը պետք է լինի, այդ ապրելն ու մեռնելը, դա սովորական բան պետք է լինի՝ առանց տանկի վրա նկարվելու, կուրծք ծեծելու»:

Ս. Աբրահամյանը նշեց, որ հիմա այնպիսի մարդիկ են որպես «կռված» ներկայանում, որոնց ինքն անգամ չի ճանաչում. «Շատ անգամ իրենց քրտնելը փախցրած փողն է եղել, բայց իրենք ոչինչ չեն արել, ես անգամ իրենց չեմ ճանաչում»: Հարցին՝ իշխանության վերնախավում կա՞ն նրանք, Ս. Աբրահամյանը պատասխանեց, որ, իհարկե, կան, բայց չհստակեցրեց՝ ում մասին է խոսքը:

Հարցին, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ սահմանին հիմնականում ծառայում են անապահով ընտանիքների երեխաները, Ս. Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Ցավոք սրտի, այդ խնդիրը եղել է երեկ, այսօր ու վաղն էլ է լինելու, դրա համար եմ ասում՝ նախանձով ու ափսոսանքով եմ Իսրայելին նայում: Այս խնդիրը բանակի խնդիրը չէ, դրա համար եմ ասում՝ որոշակի պետական գործառույթներ կան, որ բանակին են վերագրում»:

Հարցին՝ այսօրվա բանակն արդյոք ապաքաղաքականացվա՞ծ է, Ս. Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Այդ առումով Սեյրան Օհանյանն իրեն շատ կարգին է պահում, դե, ընտրությունների հետ կապված՝ ինչպես մեր ժամանակ էին շարում-տանում, հիմա էլ են տանում, բայց նրա վարքագիծը բռնակալի չէ»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ գեներալներն Ազգային ժողովում են հայտնվում ու իրականում ոչ մի գործ չեն անում այնտեղ, Ս. Աբրահամյանը պատասխանեց, որ, եթե կրթության տեսանկյունից ենք ասում, Ազգային ժողովի մեծ մասն իրենց տեղում չեն. «Գոնե գեներալներն այս երկրի համար գործ ունեն արած»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս