«Իրենք իրենց դուրս թողնելով քաղաքակիրթ գործընթացներից՝ նաև դուրս են մնում քաղաքականությունից ու անցնում են պատմության գիրկը»
168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը
– Պարոն Համբարյան, Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող ուժերի վերադասավորումների և նոր ուժերի ի հայտ գալու ֆոնին՝ Ձեզ համար արդեն որոշակիանո՞ւմ է՝ 2017 թվականին ո՞ր ուժերը կհայտնվեն խորհրդարանում:
– Կուսակցությունների վերջնական ձևավորումը դեռ չի ավարտվել, հիմա ոչ ոք չի կարող ասել, թե 2017 թվականի խորհրդարանում ինչ կուսակցություններ ի հայտ կգան: Նաև գիտենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ևս ցանկանում է իր սեփական կուսակցությունը ձևավորել և մասնակցել 2017 թվականի՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Այնպես որ, հիմա դեռ վաղ է ասել՝ ո՛ր կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում, որովհետև Հայաստանում կարող են տեղի ունենալ նաև ֆորսմաժորային իրավիճակներ, և այն կուսակցություները, որոնց վերաբերյալ մենք հարյուր տոկոսով համոզած ենք, որ կլինեն խորհրդարանում, կարող են և պատմության գիրկն անցնել: Քաղաքական դաշտը շատ ակտիվ է հիմա, և դա շատ նորմալ է: ՀՀ-ում կարևոր է նաև գումար ունենալը, այսինքն՝ հարուստ կուսակցություններն ավելի մեծ շանսեր ունեն խորհրդարան անցնելու, քան նրանք, որոնք միայն գաղափարախոսության և ծրագրերի վրա են հիմնվում:
– Ազատության հրապարակում պայքարող «Նոր Հայաստան» շարժումը բացառում է որևէ բանակցություն կամ քննարկում իշխանությունների հետ, նրանք «մերժում են իշխանությունների խաղի կանոնները»: Եթե նման գործելաոճ են որդեգել՝ կարելի՞ է բացառել, որ իրենք 2017-ի խորհրդարանում չեն լինի:
– Բացառել ոչինչ հնարավոր չէ, սա քաղաքականություն է, իսկ Հայաստանում քաղաքական պրոցեսները կարող են շատ կտրուկ զարգացումներ ստանալ: Իմ կարծիքով՝ «Նոր Հայաստան» շարժումը որևիցե հաջողության չի հասնի, մենք այսպիսի չակերտավոր «նոր հայաստաններ» շատ ենք ունեցել այս երկու տասնամյակի ընթացքում, ու ավելի հզոր շարժումներ էլ են եղել: Նրանք իրենց դուրս թողնելով քաղաքակիրթ գործընթացներից՝ բերում են նրան, որ հետագայում իրենք նաև դուրս են մնում քաղաքականությունից ու անցնում են պատմության գիրկը:
– Պարոն Համբարյան, հիմա մամուլում ակտիվ քննարկվում է նաև ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի՝ իշխանությունների հետ հնարավոր կոալիցիայի մասին: Եթե այդ երեք ուժերը միասնական գործեն՝ որոշակի փոփոխություններ կարո՞ղ ենք ակնկալել:
– Ոչ մի փոփոխություն էլ չի լինի, որովհետև այստեղ խնդիրն այն է, թե արդյո՞ք ՀՀԿ-ն այնքան լայն լիազորություններ կտրամադրի ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ինչպես նրանք ուզում են: Այսօրվա դրությամբ կոալիցիա ձևավորելու խնդիր ՀՀԿ-ն չունի: Եթե ուշադիր եք եղել, կոալիցիա ձևավորելու մասին ավելի շատ խոսում են հենց ՀՅԴ ներկայացուցիչները, ինֆորմացիայի արտահոսքը հենց նրանցից եղավ, ոչ թե ՀՀԿ-ից:
Եթե հիշում եք, սահմանադրական բարեփոխումներից առաջ ՀՅԴ-ի ախորժակը բավականին մեծ էր, լրատվամիջոցների միջոցով ինֆորմացիոն արտահոսք էին կազմակերպում դաշնակցականները և իրենց ցանկություններն էին հասցնում իշխանություններին: Հիմա ախորժակը բավական պակասել է, որովհետև իրենք հասկացան՝ իրենց ռեյտինգն ընդամենը չորս-հինգ տոկոս է կազմում ամբողջ Հայաստանում: Այստեղ խնդիրն այն է, որ հասարակության համար այս երկու կուսակցությունները շատ մեծ նշանակություն չունեն: Իշխանություններն ի սկզբանե ամեն ինչ արեցին, որ Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ն բավական ցածր ռեյտինգ ունենա: Եթե ՀՀԿ գրասենյակում որոշեն, որ ԲՀԿ-ն պետք է կոալիցիայում լինի և ստանա որոշակի քանակի պորտֆելներ, կստանա, եթե ոչ՝ ոչ: ՀՀԿ-ն այս պահի դրությամբ կոալիցիայի խնդիր չունի: