Օրվա փրկարարը. Իմ երեխու պես եմ վերաբերվել. panorama.am
Սոցիալական ցանցերում առավոտից շրջանառվող ու քննարկվող այս լուսանկարի հերոս փրկարարը Գոռ Կարապետյանն է՝ ծնված 1988 թ. , Ծաղկահովիտ գյուղի բնակիչ է:
Գ. Կարապետյանն արդեն երկու տարի է՝ աշխատում է Արագածոտնի մարզային փրկարար ծառայությունում:
«Ես իմ գործն եմ արել ընդամենը: Ուժեղ ձնախառն բուք էր: Երեխայի դեմքն առաջին հերթին ծածկեցի վերնաշապիկով, որ չմրսի: Հետո տեղափոխեցի ուրիշ մեքենա: Իրենց մեքենան խցանման մեջ խափանված կանգնած էր: Պեչկերը չէին աշխատում: Երեխային տեղափոխեցի մեր մեքենա»,-Panorama.am-ին պատմել է Գոռը:
Հետո մյուս փրկարարները խափանված մեքենան գործի են դրել, հանել երթևեկելի մաս: Մի քանի ժամ խափանված ու անշարժ կանգնած մեքենայի փոքրիկ ուղևորը լավ վիճակում է եղել: Դրանից հետո փրկարար Գոռը նրա մասին տեղեկություններ չունի:
«Իմ երեխու պես վերաբերվել եմ: Տարբերություն չկար՝ էդ պահին իմ երեխան էր բարդ վիճակում, թե ուրիշի»,-ասել է Գ. Կարապետյանը: Ի դեպ, Գոռի առաջնեկ որդին մի քանի ամսական է:
Արագածոտնի մարզային փրկարար վարչության պետ Ավետիք Մանուկյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ Արագած-Արթիկ ավտոճանապարհին ձնաբքի մեջ մնացած մեքենաների մասին ահազանգ ստացել են երեկ՝ ժամը 16:06-ին: Նույն պահին դուրս են եկել ժամանակավոր հենակետից, աշխատել են ողջ գիշեր: Աշխատանքներն ավարտվել են այսօր առավոտյան ժամը 12:40-ի սահմաններում: Ձնաբքում մնացել էր 75 մեքենա՝ 150 ուղևորով, նրանցից 10-12-ը եղել են երեխաներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: