Համաստեղությունների դիցույթները
168.am-ն իր ընթերցողներին կներկայացնի երկնքի համաստեղությունները և դրանց դիցաբանական պատմությունը։
Հայտնի է, որ գիշերային երկնքում աստղերը ճանաչելու և դրանում ավելի հեշտ կողմնորոշվելու համար դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ երկինքը բաժանել են համաստեղությունների: Հին Հայաստանում բացատրել են կենդանակերպի անունները՝ ըստ այն բանի, թե Արեգակի գտնվելը դրանցից յուրաքանչյուրում ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։
Իրականում համաստեղությունը որոշակի խմբի աստղերով նախանշված երկնքի տվյալ տիրույթն է, ոչ թե այդ աստղախումբը: Սակայն աստղադիտակների բացակայության պայմաններում նախկինում հենց միայն այդ պայծառ աստղերն էին համարվում տվյալ համաստեղության անդամները, և դրանց նկարվածքով էր պայմանավորվում համաստեղության անվանումը և հնարավոր դերը երկնային և երկրային իրադարձություններում:
Աղեղնավոր համաստեղության դիցույթը
Բաբելոնացիներն Աղեղնավորի համաստեղությունը նույնացրել են իրենց Ներգալ աստծո հետ, ով մարդաձիու կերպարանք ուներ, իսկ ձեռքին՝ նետ ու աղեղ: Շումերացիներն այս համաստեղությունն անվանել են Պաբիլսագ, որը թարգմանաբար նշանակում է՝ նահապետ: Ինչպես բաբելոնացիների մոտ, այնպես էլ հին հունական դիցաբանությունում Աղեղնավորն ունեցել է կենտավրոսի (կես մարդ, կես ձի) կերպարանք: Որոշ հեղինակներ Աղեղնավորի համաստեղությունը նույնացնում են կենտավրոս Չիրոնի հետ, ով ձիու կերպարանք է ստացել, որպեսզի խուսափի իր խանդոտ կնոջից:
Այս կերպարանքը ստանալուց հետո Չիրոնը ստեղծում է Աղեղնավորի համաստեղությունը, որպեսզի առաջնորդի արգոնավորդներին Ոսկե գեղմի որոնման ժամանակ: Հունական մեկ այլ դիցույթում Աղեղնավորի համաստեղությունը նույնացվում է Կրոտուսի (մարդայծ) հետ, ով ուներ մարդու գլուխ և այծի իրան ու ոտքեր: Ըստ հունական դիցաբանության՝ Կրոտուսը եղել է հմուտ երաժիշտ ու որսորդ, նա է աղեղի հեղինակը: Թեպետ դիցույթները տարբերվում են, սակայն Չիրոնի և Կրոտուսի դիցաբանական կերպարները մի շարք արտաքին և բնութագրական ընդհանրություններ ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ