«Հայաստանի Հանրապետությունը կարող է հանդիսանալ և՛ փակուղի, և՛ խաչմերուկ, ինչպես նաև՝ տրանզիտային երկիր». Վարդան Ոսկանյան

«2016 թվականին Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում երեք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սրում, Թուրքիայում քրդական հարցի սրումը և Ադրբեջանի տնտեսական խնդիրները՝ կապված նավթի գների և տարադրամի անկման հետ:

Քանի որ այս ամբողջ գործընթացները վերաբերում են մեր 3 անմիջական հարևաններին, որոշակիորեն ազդում են Հայաստանի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ըստ նրա՝ Իրանը, որպես Հայաստանին դաշնակից, ունի հսկայական կարևորություն ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև՝ Հարավային Կովկասում.

«Իրանը հանդիսանում է այս տարածաշրջանի անվտանգության կարևորագույն գործոններից մեկը: Հայաստանի և Իրանի անվտանգության կետերը շատ անգամ լրացնում են միմյանց, և Իրանի անվտանգությանն ուղղված սպառնալիքները կազդեն նաև ՀՀ անվտանգության բաղադրիչների վրա: Եթե Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը հասնի այն կետին, որ սաուդցիները սկսեն միջամտել Իրանի ներքին գործերին՝ հրահրելով տարբեր տեսակի հակաիրանական գործողություններ Իրանի այն շրջաններում, որոնք ունեն էթնիկական անջատողականության վտանգ, և դրանցից մեկը մեր սահմանակից Ատրպատականն է, որտեղ կա թյուրքալեզու բնակչություն, ապա դա ուղղակիորեն ազդելու է Հայաստանի անվտանգության վրա: Այս առումով՝ Հարավային Կովկասում Հայաստանը զսպելով Ադրբեջանին՝ կարելի է ասել, նպաստում է Իրանի կայունացմանը հյուսիսից»,- ասաց բանախոսը:

Նա նշեց, որ Թուրքիայում քրդական հիմնախնդրի սրումն ինչ-որ առումով ունի «արհեստական» բնույթ, քանի որ, իրանագետի կարծիքով՝ քրդական հիմնախնդիրն արհեստականորեն սկսեց սրվել Թուրքիայում իշխող վարչակարգի կողմից.

«Էրդողանի վարչակարգն այս հարցն օգտագործեց, որպեսզի կրկնակի ընտրությունների ժամանակ կարողանա ապահովել իրեն անհրաժեշտ ձայները, և իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, ու հիմա Թուրքիայի արևելյան շրջաններում, որոնք մենք անվանում ենք Արևմտյան Հայաստան, բախումները շարունակվում են, և կան զոհեր»:

Իսկ Ադրբեջանի մասով նշեց, որ այն արհեստածին երկիր է, ու դրա գոյության գրավականը նավթն է և դրանից եկող եկամուտները. «Հետևաբար՝ ակնհայտ է, որ նավթի գնի աննախադեպ անկումը հանգեցնելու էր այս երկրի ամրության սասանմանը: Ադրբեջանի տնտեսական ներկայիս պայմաններում դժվար է ասել, թե ինչ վարքագիծ կդրսևորեն Ադրբեջանի իշխանությունները»:

Իրանագետի կարծիքով՝ տարածաշրջանում առկա լարված իրավիճակը, վտանգների հետ մեկտեղ, կարող է ՀՀ-ի համար դառնալ նոր հնարավորությունների սկիզբ. «Հայաստանի Հանրապետությունն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որ կարող է հանդիսանալ և՛ փակուղի, և՛ խաչմերուկ, ինչպես նաև՝ տրանզիտային երկիր: Բոլոր շանսերն ունենք դառնալու տարածաշրջանային միջանցք ու կապել Ռուսաստանի էներգետիկ համակարգն Իրանի էներգետիկ համակարգին, և ընդգրկել այդ ոլորտում նաև Վրաստանին:

Հաշվի առնելով վրաց-իրանական վերջին համաձայնությունը՝ ունենք հնարավորություններ՝ իրանական գազը Վրաստանին մատակարարել Հայաստանով»:

Տեսանյութեր

Լրահոս