«Այս տարի ղարաբաղյան հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նույն ինտենսիվությամբ». Լուկիանով
«2015-ը հեշտ տարի չէր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» վերլուծական ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկիանովը` ամփոփելով 2015թ. քաղաքական տարին: Նա նշեց, որ անցած տարին ծանր տարի էր ինչպես՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, այնպես էլ՝ Հայաստանի համար:
Լուկիանովի կարծիքով` տարվա ընթացքում արտառոց նոր զարգացումներ չեն գրանցվել, այլ շարունակվել են այն գործընթացները, որոնք սկսվել էին ոչ 2015 և ոչ էլ 2014թ.-ին և ոչ էլ այս տարի ավարտվելու են: «Բայց գործընթացները, որոնք վաղուց ընթանում են, սկսել են տեղափոխվել այլ փուլ: Իմ կարծիքով` վերջին քսանհինգ տարիների ընթացքում թվում էր, թե նոր աշխարհակարգի ձևավորման շրջանն է, սակայն հասկացանք. որ դա նորի ձևավորումը չէ, այլ հնի քայքայվածության հետևանքը, էրոզիան և այդ հին աշխարհակարգի փլուզումը շարունակվում էր: Տարվա առաջին փուլում Իրանն էր գլխավոր քննարկման թեման, հետո՝ Սիրիան, ապա՝ ռուս-թուրքական հակամարտությունը, որը բարդացրեց Վիեննայի բանակցությունների գործընթացը:
Սիրիան ցույց տվեց, որ որևէ կողմ չգիտի` ինչպես վարվել, և իրավիճակի այս խճճվածությունը, երբ յուրաքանչյուր ուղղությամբ տարբեր իրավիճակային ալյանսներ կան, տարբեր շահեր, դասական դիվանագիտությանը ոչինչ չի մնում անել: Ռուսաստանին հաջողվեց պարզապես փոխել իր շուրջ առկա՝ իր համար ոչ ձեռնտու դիսկուրսը: Ռադիկալ փոխվել է ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքը»,- նշեց Լուկիանովը:
Վերջինս նաև նկատեց, որ այս ամենին զուգահեռ՝ պետք է հասկանալ, թե Ռուսաստանը որքան կարող է խաղադրույքները բարձրացնել: Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներին, ապա Լուկիանովը նշեց, որ որևէ նոր գործընթաց Հայաստանի շուրջ չի սկսվել, շարունակվել են առկա հակամարտությունները: «Հասկանալի է, որ քանի դեռ չկա հակամարտության կարգավորում, ինչը չի լինելու նաև 2016-ին, հակամարտությունը շարունակվելու է նույն ինտենսիվությամբ, քանի որ չկա դրական հող կարգավորման համար: Իմ նշած միջազգային խնդիրները ևս հակամարտության չկարգավորման պատճառ են: Կասկածները, թե կլինի պատերազմ Ղարաբաղում, արդարացված չեն, քանի որ միջնորդները թույլ չեն տա ստատուս-քվոյի փոփոխություն»,- ասաց Լուկիանովը: Նրա խոսքով՝ նոր զարգացումը ռուս-թուրքական առճակատումն էր, որը կարող էր Հայաստանը թիրախ դարձնել:
«Սակայն, կարծես թե, այդ վտանգավոր փուլը ևս անցավ: Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում ավելի իմաստուն դիսկուրս կծավալվի, որը կհեռացնի վտանգը»,- ասաց Լուկիանովը: