Բաժիններ՝

Օպերային թատրոնի ներսում գործադո՞ւլ է հասունանում

Օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված, այսպես կոչված, կառուցվածքային փոփոխությունները շարունակում են լարված պահել կառույցի ներքին կյանքը: Հայտնի է, որ փոփոխությունների արդյունքում թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր, հետևաբար՝ նախկին գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը հեռացվել է աշխատանքից:

Կատարված բարեփոխումները միանշանակ ընդունելության չարժանացան ո´չ օպերային թատրոնի ներսում, ո´չ մամուլի էջերում, և ո´չ հասարակության լայն շրջանակներում: Կատարված կառուցվածքային փոփոխություններից ժամեր անց արձագանքեցին ո´չ միայն զանգվածային լրատվամիջոցները, որոնք փորձում էին հասկանալ և ներկայացնել, թե ի՞նչ հեղափոխական հովեր են այցելել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարին՝ Գեղամ Գրիգորյանին, որի արդյունքում նա միանձնյա որոշում է կայացրել՝ կտրուկ փոփոխության ենթարկել երկրի միակ օպերային թատրոնի ներքին կառուցվածքները, այլև տարակուսանք էր առաջացել հենց նվագախմբի ներսում: Մեր հրապարակումից ժամեր անց 168.am-ի պաշտոնական էլեկտրոնային հասցեին եկավ անստորագիր մի նամակ, որով նվագախմբի անդամներն իրենց զայրույթն էին արտահայտում թատրոնի ներսում կատարված «փոփոխություններից»՝ կասկածի տակ դնելով դրանց անհրաժեշտությունը և հայտնելով վիրավորանք այն կապակցությամբ, որ թատրոնի ղեկավարությունը նպատակահարմար չէր գտել նվագախմբին տեղյակ պահել ընդունված որոշման մասին: Պարզվում է՝ նվագախմբի անդամները մամուլից էին տեղեկացել, որ իրենք այլևս չունեն գլխավոր դիրիժոր, և, որ նվագախումբն արդեն չի աշխատի Կարեն Դուրգարյանի ղեկավարության ներքո:

Լրատվամիջոցներն իրենց հերթին՝ կատարվածը որակեցին՝ որպես աննախադեպ, փորձելով, սակայն, մշակութային օջախի պատասխանատուներից հետաքրքրվել` կա՞ արդյոք աշխարհում մի այնպիսի օպերային թատրոն, որը չունի գլխավոր դիրիժորի հաստիքը։ Ցավոք, մշակութային կառույցի պատասխանատուներից և ոչ ոք, այդ թվում նաև՝ կառուցվածքային փոփոխությունների միանձնյա հեղինակ, թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը, ոչ մի կերպ չկարողացավ հիմնավորել նմանօրինակ փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ի զորու չեղավ նշելու աշխարհում գեթ մեկ օպերային թատրոնի անուն, որ ստանձնել է այսպիսի աշխատաոճ՝ շարունակել ստեղծագործական գործունեությունը՝ առանց գլխավոր դիրիժորի:

Առնվազն հակամշակութային կարելի էր որակել նաև այս առնչությամբ Մշակույթի նախարարության պաշտոնական դիրքորոշումը՝ ի դեմս փոխնախարար Արթուր Պողոսյանի. «Մենք տեղյակ ենք այդ մոտեցմանը և նպատակահարմար ենք գտնում ստեղծագործական խմբին թույլ տալ զարգացնելու այդպիսի մոտեցումը: Ինչ-որ զանգված կարող է նաև դժգոհ լինել ցանկացած տեսակի փոփոխություններից, դա բնական է: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Կարեն Դուրգարյանի՝ երկրից հեռանալու որոշմանը, ապա դա իր գործն է, ես ոչինչ չեմ կարող ասել»:

Կարդացեք նաև

168.am-ի պաշտոնական էլեկտրոնային հասեցին ուղարկված անանուն նամակին հաջորդեց Օպերային սիմֆոնիկ նվագախմբի անունից ստորագրված բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ վերջիններս իրենց դժգոհությունն էին հայտնում ստեղծված իրավիճակի համար՝ խնդրելով երկրի ղեկավարից վերանայել միանձնյա ընդունված կառուցվածքային փոփոխություններն ու հետ վերադարձնելով իրենց սիրելի դիրիժորին՝ Կարեն Դուրգարյանին:

Ի դեպ, այսօր 168.am-ը կապ հաստատեց ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հանրապետության նախագահն իրեն ուղղված բաց նամակի և, մասնավորապես, Օպերային թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասաց հետևյալը. «Բաց նամակի արձագանքը կլինի սահմանված ընթացակարգի համաձայն»:

Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակին անմիջապես հաջորդեց «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսը, որի ընթացքում Օպերային թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ խախտելով օրեր շարունակ ձգվող լռությունը, արձագանքեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված, այսպես կոչված, կառուցվածքային փոփոխություններին՝ խոսելով դրա պատճառահետևանքային կապերի մասին. «Նվագախումբը պետք է ունենա ստաբիլ դիրիժոր, որն անընդհատ կլինի նվագախմբի հետ՝ պահպանելով տրադիցիաները և բարձրացնելով, անշուշտ, որակը: Եթե մենք ուզում ենք նվագախումբը քանդենք, քայքայենք, խաղանք նվագախմբի հետ, հետևաբար՝ գլխավոր դիրիժոր պետք չէ: Ես այսօր ցանկություն չունեմ քննարկելու այնպիսի բաներ, որոնք օդում կախված և ակնհայտ իրականություն են: Ինձ որևէ մեկը չի կարող հեռացնել, որովհետև ես ունեմ իմ մասնագիտությունը: Պաշտոնից կարող են հանել՝ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, բայց մասնագիտությունս որևէ մեկը չի կարող իմ ձեռքից վերցնել»:

Օպերային թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակին պարզաբանումներ տալու նպատակով կազմակերպված մամուլի ասուլիսին մասնակցում էին ոչ միայն օպերային թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, այլև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ինչպես նաև՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Վերջինս՝ խոսելով թատրոնի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասաց. «Օպերային թատրոնն առանց գլխավոր դիրիժորի չի կարող լինել: Սա նման է նրան, որ ֆուտբոլի թիմում ասեն՝ գլխավոր մարզիչ պետք չէ, դաշտի տնօրենը կզբաղվի դրանով: Երբ այս լուրը լսեցի՝ մեծ ցավ ապրեցի: Կարեն Դուրգարյանն արդեն պատրաստի և համաշխարհային մակարդակի դիրիժոր է: Ինչպես ինքը՝ Կարենը, ասաց՝ մեզնից ոչ ոք չի խլի մեր մասնագիտությունը, և դրսում, վստահ եմ՝ ավելի շատ գումար կաշխատենք: Եթե չլինենք այստեղ՝ ուղղակի կկորցնենք կապը ժողովրդի, երաժիշտների հետ: Ես այն կարծիքին եմ, որ հիմա արդեն Կարեն Դուրգարյանը գտնվում է ստեղծագործական կյանքի ամենաբուռն և ամենաարդյունավետ շրջանում, և հենց հիմա, երբ նա այնքան անհրաժեշտ է մեր երկրին ու մեր թատրոնին, կորցնել նրան, կներեք, ես սա համարում եմ աններելի սխալ: Վստահ կարող եմ ասել, որ Դուրգարյանի նման պրոֆեսիոնալ դիրիժոր երկար ժամանակ մենք կարող ենք չունենալ: Ուստի ուզում եմ կոչ անել՝ հերիք ա: Ես կարողանում եմ լավ պատերազմել ու հաղթել, բայց հոգնել եմ: Ամեն մեկը թող իր գործով զբաղվի, բոլորի համար էլ տեղ կա»:

Ասուլիսին մասնակից մյուս բանախոսին՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին, վրդովեցրել էին ոչ միայն կատարված կառուցվածքային փոփոխություններն ու դրա գաղափարն, այլև այն հնարավոր հեռանկարը, թե Կարեն Դուրգարյանին կարող է փոխարինելու գալ այս պահին Օպերային թատրոնում հրավիրյալ գլխավոր դիրիժոր, ազգությամբ իտալացի Ջանլուկա Մարչիանոն, ով, ի դեպ, իր մասնագիտական ծառայություններով աչքի է ընկել հարևան երկրում՝ ղեկավարելով Ադրբեջանի օպերային նվագախումբը, միաժամանակ՝ հանդես գալով դիֆերամբներով, գովաբանության խոսքեր շռայլելով այնպիսի մի նվագախմբի հասցեին, որի գոյության մասին տեղյակ չեն նույնիսկ սեփական երկրում. «Ես խիստ մտահոգված եմ, մի՞թե մեզանում չկար արժանի մեկը, որ գլխավոր դիրիժորի պաշտոնին դրսից հրավիրված ինչ-որ մեկի անունն է շրջանառվում: Ինքս առաջինը դեմ դուրս կգամ այս որոշմանը, եթե նման բան լինի, որովհետև համոզված եմ՝ որևէ օտարերկրացի ի զորու չէ, ըստ էության, հասկանալու և ներկայացնելու հայկական օպերային արվեստը: Վստահաբար այս հարցն այսպես չի կարող մնալ, և մենք մինչև վերջ կպայքարենք ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու համար»:

Գաղտնիք չէ նաև այն հայտնի տեսլականը, ըստ որի՝ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տարիներ շարունակ իրեն «հովանավորող»՝ ՀՀ Մշակույթի նախկին նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, 2014-ից մինչ օրս ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի շահերին միտված քաղաքականություն բանեցնելով՝ անհաջող փորձեր է ձեռնարկում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում կամ Օպերային թատրոնում տեղավորել վերջինիս որդուն՝ Երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանին: Նախարարուհու թափած բոլոր ճիգերն այդ ուղղությամբ, սակայն, անպտուղ են մնացել, և հիմա, երբ ՀՀ կառավարության ներսում ակտիվ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե առաջիկա ամսվա երկրորդ կեսից Հասմիկ Պողոսյանը, ամենայն հավանականությամբ, այլևս չի «ծառայի» այդ պաշտոնում, վերջինս ստիպված է հեռացումից առաջ ամեն գնով արդարացնել իրեն այդ աթոռին «տեղավորած» ու «ամենաերկարակյաց Մշակույթի նախարարուհու» համբավն ապահովող հովանավորյալի վաղեմի երազանքը: Ստացվում է, որ Օպերային թատրոնում իրականացված Գեղամ Գրիգորյանի աննախադեպ «կառուցվածքային փոփոխությունները» հող են պատրաստում մի գործարքի համար, որն ունի հետևյալ պատկերը՝ Ջանլուկա Մարչիանոն կդառնա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, իսկ Սերգեյ Սմբատյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:

Ինչևէ, այն պահից, երբ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ աշխատող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի անդամները մամուլից տեղեկացան, որ իրենք այլևս չունեն գլխավոր դիրիժոր, անխախտ որոշում կայացրեցին սատարելու իրենց ղեկավարին: Ե´վ Հանրապետության ղեկավարին ուղարկված բաց նամակը, և´ Կարեն Դուրգարյանի մասնակցությամբ մամլո ասուլիսին ողջ նվագախմբի ներկայությունը, որը, ի դեպ, հուզել էր Կարեն Դուրգարյանին, ապացույցն է այն իրականության, որ կոլեկտիվը պատրաստ չէ և ցանկություն չունի աշխատելու առանց սիրելի դիրիժորի: Ի դեպ, այս օրերին, նվագախմբին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ թատրոնի ներսում բողոքի նոր նոտա է հասունանում: Հարցին ըստ էության լուծումներ չտրվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, նվագախմբի անդամները կդիմեն ծայրահեղ քայլերի՝ դուրս կգան գործադուլի: Թե ի՞նչ զարգացումներ կլինեն թատրոնի ներքին կյանքում՝ ցույց կտա միայն ժամանակը: Առջևում ամանորյա տոներն են, որից հետո պատկերը կպարզվի:

Հ.Գ. Այս ամենի ֆոնին, ի դեպ, հետաքրքիր է նաև այն, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը զուգահեռ զբաղվելու է Քանաքեռում իր սեփական երաժշտական ակադեմիայի կառուցման աշխատանքով, որը, ըստ նրա՝ իր «սեփական նախաձեռնությունն է և կառուցվում է իր միջոցներով»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս