Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի անդամները բաց նամակով դիմել են ՀՀ Նախագահին
168.am-ն արդեն անդրադարձել է օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված, այսպես ասած, կառուցվածքային փոփոխություններին, որի արդյունքում թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր։ Զանգվածային լրատվամիջոցները կատարված բարեփոխումներն օբյեկտիվորեն որակել էին՝ որպես աննախադեպ, փորձելով, սակայն, մշակութային օջախի պատասխանատուներից հետաքրքրվել` կա՞ արդյոք աշխարհում մի այնպիսի օպերային թատրոն, որ չունի գլխավոր դիրիժորի հաստիքը։ Ցավոք, մշակութային կառույցի պատասխանատուներից և ոչ ոք, այդ թվում՝ նաև կառուցվածքային փոփոխությունների միանձնյա նախաձեռնող, թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը ոչ մի կերպ չկարողացավ հիմնավորել նմանօրինակ փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը: 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նա ասաց միայն այսքանը. «Որովհետև թատրոնը շատ վատ էր աշխատում, և ես հասկացա, որ սա կլինի ճիշտ որոշում»:
Թատրոնի ներսում նմանօրինակ փոփոխությունների և Կարեն Դուրգարյանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ Մշակույթի նախարարության պաշտոնական դիրքորոշումը, ի դեմս փոխնախարարի, այսպիսին էր. «Մենք տեղյակ ենք այդ մոտեցմանը և նպատակահարմար ենք գտնում ստեղծագործական խմբին թույլ տալ զարգացնելու այդպիսի մոտեցումը: Ինչ-որ զանգված կարող է նաև դժգոհ լինել ցանկացած տեսակի փոփոխություններից, դա բնական է: Փաստ է, որ այդ կառուցվածքային փոփոխությունները տեղի են ունեցել ընդունված կարգի համաձայն և օրենքի շրջանակներում: Որպես անհատ՝ կարող եմ միայն ասել, որ լավ չէ, երբ որևէ քաղաքացի փորձում է հեռանալ Հայաստանից: Ինչ վերաբերում է Կարեն Դուրգարյանի՝ երկրից հեռանալու որոշմանը, ապա դա իր գործն է, ես ոչինչ չեմ կարող ասել»:
Այսօր «Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպեց Օպերային թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ զրուցելու վերջին օրերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված, այսպես ասած, կառուցվածքային փոփոխությունների մասին, որի արդյունքում թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր։ Ասուլիսին ներկա էր նաև Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ողջ կազմով: Նրանք եկել էին սատարելու իրենց նախկին ղեկավար Կարեն Դուրգարյանին:
Ի դեպ, այսօր մամուլի ասուլիսի ընթացքում 168.am-ը տեղեկացավ, որ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի անդամները բաց նամակով դիմել են ՀՀ Նախագահին՝ խնդրանքով՝ վերանայել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի կողմից իրականացված կառուցվածքային փոփոխությունները՝ լուծարելու թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը, և թատրոն վերադարձնել իրենց սիրելի դիրիժոր Կարեն Դուրգարյանին: Թե ի՞նչ որոշում կկայացնի այս առնչությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պարզ կդառնա ապագայում: