Կառուցվածքային աննախադեպ փոփոխություններ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր, նույն հաջողությամբ լուծարվել է նաև համապատասխան հաստիքը: «Միջադեպը» տեղի է ունեցել երեկ, նախապես մշակված նոր կանոնակարգի համաձայն: Այստեղ պետք է ընդգծել, սակայն, որ սա մշակութային դաշտում համաշխարհային նշանակության աննախադեպ իրադարձություն է, որ կարող էր գրանցվել հայաստանյան ներմշակութային գզվռտոցների արդյունքում միայն: Լավ է՝ գոնե մարդկային զոհեր չեն գրանցվել Օպերային թատրոնի աշխատակազմի ներսում, սակայն մի բան պարզ է՝ թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահագն Զաքարյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում պաշտոնապես հայտարարեց, որ նախկին գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին առաջարկել են մնալ և շարունակել աշխատանքը թատրոնում՝ որպես դիրիժոր, որից, սակայն, վերջինս հրաժարվել է: Մեզ չի հաջողվում կապ հաստատել նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ, որովհետև վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին:
Մենք զրուցեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հետ, ինչի արդյունքում ուրվագծվեց հետևյալ պատկերը. «Ես հաստատում եմ լուրերն այն մասին, որ Օպերային թատրոնը երեկվանից չունի գլխավոր դիրիժոր, հաստիքը նույնպես հանվել է: Դա թույլ է տալիս նոր կանոնակարգը, որ մշակվել է անցած վեց ամիսների ընթացքում և ուժի մեջ է մտել երեկվանից: Ես ինքս եմ նպատակահարմար գտել գնալու այս քայլին, համենայն դեպս՝ այս պահին թատրոնին գլխավոր դիրիժոր պետք չէ»:
168.am-ի այն հարցին, թե ո՞րն էր նման որոշում կայացնելու բուն պատճառը, պարոն Գրիգորյանը բառացի պատասխանեց՝ որովհետև թատրոնը շատ վատ էր աշխատում, և ես հասկացա, որ սա կլինի ճիշտ որոշում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարից մենք փորձեցինք հետաքրքրվել նաև՝ արդյոք ինքն իր լուման չունի՞ թատրոնի ներսում ստեղծված անառողջ մթնոլորտի, սեփական որակավորմամբ՝ վատ աշխատանքի և, առհասարարակ, ստեղծված իրավիճակի համար: Պարոն Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Ո´չ: Ես ոչնչում մեղավոր չեմ, ավելին ասեմ՝ ես եկել եմ, որ եղած հարցերը լուծեմ»:
Մեր այն հարցին, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ սա գործարք է, որին պետք է հաջորդի նոր, հավանական թեկնածու Սերգեյ Սմբատյանին՝ որպես թատրոնի գլխավոր դիրիժոր նշանակելը, Գեղամ Գրիգորյանը պատասխանեց. «Նման բաներ չկան, չգիտեմ՝ ովքեր են տարածում այդ լուրերը, որոնք սուտ են: Հասկանո՞ւմ եք՝ հաստիքը հանված է, թատրոնն այլևս չունի այդ հաստիքը, ուրեմն՝ հավանական անունների քննարկման հարցն անիմաստ է»:
Մենք փորձեցինք նաև պարզել՝ արդյո՞ք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այլևս երբեք չի ունենա գլխավոր դիրիժոր, ինչին ի պատասխան՝ պարոն Գրիգորյանն ասաց. «Դա կարող եմ որոշել միայն ես: Եթե նպատակահարմար գտնեմ վերականգնել հաստիքը, ապա կանեմ: Կարող է, մի երկու-երեք տարի հետո նորից վերականգնվի, չգիտեմ»:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահագն Զաքարյանից մենք փորձում էինք պաշտոնական պատասխան ստանալ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հնչեցրած և, իր իսկ բնորոշմամբ՝ վատ աշխատանքային պատճառների մասին, որի արդյունքում թատրոնի ներսում նմանօրինակ արմատական փոփոխությունների կարիք է զգացվել:
Թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցմանը պատասխանեցին հետևյալ հաղորդագրությամբ. «Վերջին մեկ տարվա ընթացքում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում զգալի աշխատանքներ են իրականացվել, հրավիրվել է նաև գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Վերջինիս կարծիքով՝ թատրոնը ստեղծագործական առումով այնքան էլ լավ վիճակում չէ, և տնօրինության կողմից խնդիր է դրվել, որպեսզի Գ. Գրիգորյանը բարելավի ստեղծագործական ուղղությամբ իր կողմից նկատված թերացումները: Այդ ուղղությամբ Գեղամ Գրիգորյանն արդեն սկսել է իր գործունեությունը, ակտիվորեն աշխատում է ստեղծագործական կոլեկտիվների հետ, առաջարկել է մի շարք կառուցվածքային փոփոխություններ»:
Թե ինչպե՞ս է թատրոնի անձնակազմն ընդունել նոր կարգավիճակում աշխատելու լուրը՝ մենք պարզեցինք Վ. Զաքարյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը լուծարել է գխավոր դիրիժորի պաշտոնը: Վ. Զաքարյանի փոխանցմամբ՝ այս պահին թատրոնում աշխատում են երեք դիրիժորներ՝ Աթանես Առաքելյանը, Հարություն Արզումանյանը և Ռուբեն Ասատրյանը:
Ինչ վերաբերում է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյին, ով, ի դեպ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի դստեր ապագա ամուսինն է և հավակնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բարձր պաշտոն զբաղեցնել, ապա նա արդեն իսկ աշխատում է թատրոնում՝ հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով:
Մեր հարցին, թե կա՞ն արդյոք նման նախադեպեր, որ օպերային թատրոնը չի ունեցել գլխավոր դիրիժոր, պարոն Զաքարյանը պատասխանեց.
– Ոչ, կան նման թատրոններ:
– Որո՞նք են այդ թատրոնները, կտա՞ք դրանցից գոնե մեկի անունը:
– Էլի կան թատրոններ, որ նման ձևով են աշխատում:
– Պարոն Զաքարյան, մեկի անունն եմ ուզում լսել Ձեզանից:
– Տեսե´ք, կան դիրիժորներ, և կա հրավիրյալ դիրիժոր… Հիմա մենք աշխատելու ենք այս տարբերակով:
– Արդյոք պարոն Սերգեյ Սմբատյանն այն հավանական նոր գլխավոր դիրիժորի թեկնածուն չէ՞ առաջիկայում վերականգնվելիք հաստիքի համար:
– Առայժմ կառուցվածքային փոփոխությունները տանում են նրան, որ մենք չունենք գլխավոր դիրիժոր, թատրոնն աշխատելու է այս տարբերակով, գլխավոր դիրիժոր չի լինելու:
– Այլևս երբեք չի՞ վերականգնվելու այս հաստիքը:
– Ես հիմա չեմ կարող ասել, թե ապագայում ի՞նչ զարգացումներ կարող են լինել, տվյալ պահին չի լինելու:
– Թատրոնի անձնակազմը կո՞ղմ էր այսօրինակ կառուցվածքային փոփոխություններին, ինչպիսի՞ն է եղել արձագանքը ներսում:
– Փոփոխությունները երեկ են եղել, այս պահին դեռ որևէ արձագանք չկա, կարծես լուրջ, էական դժգոհություններ անձնակազմի կողմից չկան:
168.am-ին ուղարկված պաշտոնական հաղորդագրության համաձայն, որը տրամադրվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է ոչ միայն թատրոնի գլխավոր դիրիժորի, այլ նաև երաժշտական ղեկավարի հաստիքը:
Թե ինչի՞ն են իրականում միտված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում նմանօրինակ կառուցվածքային փոփոխությունները՝ հայտնի կդառնա առաջիկա զարգացումներում:
Վարկածները շատ են: Ասում են՝ փոփոխությունների հիմքում կանգնած և շահագրգիռ մարդկանց թիվը մեծ է, նրանց զբաղեցրած պաշտոնները՝ խոսուն, նպատակները՝ կասկածելի: