Բաժիններ՝

475 մլն դրամ՝ արտահանման խթանման համար

Հաջորդ տարի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման համար կառավարությունը ծախսելու է 475 մլն դրամ: Այդ գումարով նախատեսվում է գործարար համաժողովների (ֆորումների), շնորհանդեսների, ինչպես նաև այլ համանման միջոցառումների մասնակցություն և կազմակերպում, ակնկալվում է մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն օտարերկրյա պետությունում մասնակցության համար՝ կատարված ծախսերի փոխհատուցում մինչև 50 %-ի չափով, արտադրական գործունեության վարկավորման մասնակի սուբսիդավորում առնվազն 10 սուբյեկտի, օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում, արտադրանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով դրամաշնորհների տրամադրում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղում, հայկական ապրանքների ներկայացում, շուկայական տեղեկատվության ապահովում, ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում, և այլն:

Հաջորդ տարվա պետական աջակցության ծրագիրը վաղն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կներկայացնի կառավարության արտահերթ նիստում: Նախագծում նաև նշվում է, թե պետությունն ինչ աջակցություն է ցույց տվել գործարարներին, ինչը «դրական է ազդել այդ ընկերությունների` արտահանման և արտադրության ծավալների աճի վրա»:

Սակայն, Հայաստանի Արդյունաբերողների և գործատուների (գործարարների) միության եզրակացության համաձայն՝ գնահատված չեն 2015թ. պետական աջակցության իրական օգուտը կամ արդյունավետության չափը, ինչպես նաև՝ դրանից բխող եզրահանգումները, որոնք հաշվի են առնվել 2016թ. միջոցառումների իրականացման ծրագիրը կազմելիս: Ըստ այդմ, միությունը գտնում է, որ ծրագրի կազմման նման մոտեցումը հասկանալի չի դարձնում ծրագրի տրամաբանությունը, միջոցառումների հաջորդականության պահպանության հետևողականությունը և ծախսվող միջոցների իրական արդյունավետությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս