«Դա միայն խոսք չէ, դա ռոմանտիկա չէ, դա կլինի նոր տարվա ընթացքում». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իշխանափոխության մասին

«Նոր տարին՝ նոր Հայաստանում, ես այլընտրանք չեմ տեսնում այդ հրամայականին»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով նոր տարուց ունեցած իր ակնկալիքների մասին՝ այս մասին ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ սա եզակի հնարավորություն է, և նա համոզված է, որ իրենք ճիշտ ուղու վրա են: «Ներկա դրությամբ ժողովուրդը գիտի, որ իր դեմ, իր նկատմամբ մեծ հանցագործություն է տեղի ունեցել: Ինքը գիտի, որ, եթե չհաղթահարի այս պահը, սեփական վախը, ստրկամտությունը, անտարբերությունը, այդ տեղապտույտը պետք է շարունակվի: Ելնելով միջազգային հանրության վերաբերմունքից, միջազգային զարգացումներից, նաև՝ հանցավոր իշխանավորների վարքից՝ գիտենք, որ Հանրապետական կուսակցապետությունն իր հոգեվարքի մեջ է, և հիմա պահն է, որ վերածնվի Հայաստանի Հանրապետությունը: Դա միայն խոսք չէ, դա ռոմանտիկա չէ, դա կլինի նոր տարվա ընթացքում, երբ ժողովուրդը խաչմերուկ կգա, և վստահ եմ, որ ոչ միայն կլցնի հրապարակները Հայաստանի, այլև յուրաքանչյուր քաղաքացի, ընտանիք կհասկանա, որ սա իր երեխաների, թոռնիկների ճակատագրի մասին է»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:

Նա կարծում է՝ այս շարժումը շարունակվելու է, և հանգուցալուծումը պետք է անպայման լինի նոր տարուն: Նրա խոսքով՝ մենք ապրում ենք պատմական շրջանում, որը «մեզ վերջապես հնարավորություն պետք է տա վկան և մասնակիցը լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական պետության վերականգնմանը»:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Նոր տարին դիմավորել Ազատության հրապարակում: Ր. Հովհաննիսյանը, սակայն, դեկտեմբերի 31-ին կլինի ԱՄՆ-ում, քանի որ այդ օրը նրա մայրիկի ծննդյան 84-ամյակն է: Ազատության հրապարակում կլինեն նրա կինը՝ Արմենուհին, որդին՝ Կարինը՝ իր նշանածի՝ Լարիսայի հետ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս