Բաժիններ՝

«Ինչ վերաբերում է Կարեն Դուրգարյանի՝ երկրից հեռանալու որոշմանը, ապա դա իր գործն է, ես ոչինչ չեմ կարող ասել». Մշակույթի փոխնախարարն ամփոփում է անցնող տարին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը հանդես եկավ 2015 թվականի ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով ոլորտային ուղղությունները՝ կինոն, թատրոնը, կերպարվեստը, մշակութային կրթությունը, հոբելյանները և այլն:

Երկու մասից բաղկացած ասուլիսի առաջին հատվածում Մշակույթի նախարարի տեղակալը լրագրողների համար ընթերցեց հաշվետվությունը, որը հիմնական մասերով ներկայացված էր մամուլի հաղորդագրության մեջ, ինչը և ներկայացնում ենք 168.am-ի ընթերցողներին.

Ժամանակից արվեստի ոլորտներում իրականացվել է 41 նախագիծ, այդ թվում՝ 5-ը՝ առաջին անգամ (21 միջազգային, 20 հանրապետական), որից 4-ը՝ մանկապատանեկան, 15-ը՝ երաժշտական, 7-ը՝ թատերական, 8-ը՝ կինո, 7-ը՝ կերպարվեստի ոլորտներում մրցույթ-փառատոներ: Հանրապետության ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները մասնակցություն են ունեցել ավելի քան 120 միջազգային նախագծերի:

Ստեղծագործական պատվերի միջոցով կյանքի են կոչվել շուրջ 40 թատերահամերգային ծրագրեր (ներկայացումներ, համերգային ծրագրեր) և նկարահանվել է 40-ից ավելի խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր, պատրաստվել է 7 հեռուստատեսային նախագիծ: ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում իրականացվել է 100 նախագիծ (փառատոներ, մրցույթներ, նպատակային ծրագրեր, կինոցուցադրություններ), 50-ից ավելի հյուրախաղեր (թատերահամերգային ստեղծագործական խմբեր):

Կարդացեք նաև

Անդրադարձ է կատարվել 40 հոբելյաններ, որոնք նշանավորվել են միջոցառումներով (երեկոներ, համերգներ, ներկայացումներ, փառատոներ, շնորհանդեսներ), 21 հեռուստահաղորդումներով (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն «Արվեստակիրներ»՝ 12, «Հայից հայ»՝ 7, «Շողակաթ»՝ 2 հեռուստաֆիլմ), 28 գրականության տպագրությամբ (5 նոտագիրք, 23 գիրք), 1 վավերագրական ֆիլմ:

Մշակութային կրթություն ենթաբաժնում նախարարի տեղակալը ներկայացրեց՝ 2015 թվականին կարևորվել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համա¬կարգի ներդրման պիլոտային ծրագրի մեկնարկը, որն իրականացվել է երկու փուլով` Երևանում և մարզերում: «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թթ. ծրագիրն» այս տարի ներառել է միջազգային ասպարեզում պատանի երաժիշտների մասնակցությունը և հաղթանակները՝ 51 շնորհալի երեխաները և պատանիները մասնակցել են շուրջ 22 միջազգային նախագծերի, նրանցից ոմանք հայրենիք են վերադարձել մրցանակներով:

Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ 2015 թ. Հայաստանի Հանրապետությունում գործում է 209 գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն (99 երաժշտական, 84 արվեստի, 22 գեղարվեստի, 4 պարարվեստի դպրոցներ), որտեղ սովորում է 36520 աշակերտ, դասավանդում` 4545 մանկավարժ:

Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում ծրագրում ընդգրկվել է 144 հա¬մայն¬քա¬յին դպրոցի թվով 2361 ա¬շա¬կերտ, այդ թվում՝ ազգային նվագարաններ ուսանում` թվով 1779, լարային` 258, և փողային նվագարաններ` 324 երեխա: «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 22 անուն՝ 96 երաժշտական գործիք:

Մշակութային կրթության ոլորտի արտերկրի 7 առաջատար մասնագետների միջոցով իրականացվել է «Հայաստանում վարպետության դասերի կազմակերպում արտերկրի մասնագետների կողմից և շնորհալի երաժիշտ-կատարողների մասնակցությանն աջակցություն արտերկրում կազմակերպվող վարպետության դասընթացներին և ստեղծագործական ճամբարներին» ծրագիրը, որին մասնակցել է 149 շնորհալի պատանի երաժիշտ-կատարող և 109 մանկավարժներ:

Երաժշտարվեստի բնագավառում 2015 թ. նշանավորվել է հայ երաժշտարվեստի և կատարողական արվեստի միջազգայնացմամբ, քանի որ հանրապետության լավագույն պետական և ոչ պետական երաժշտախմբերն ու անհատ կատարողները, հայկական ծրագրերով, այդ թվում՝ հայ և ժամանակակից երաժշտությամբ, ժանրային տարբեր ուղղություններով հանդես եկան աշխարհի 4 մայրցամաքների լավագույն բեմահարթակներում: Ընդհանուր առմամբ ոլորտում ապահովվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային նախագծերին` 31 ստեղծագործողներ և 16 երաժշտախումբ մասնակցություն են ունեցել 22 երկրներում` 44 նախագծերի, որից` 12 անհատ կատարողներ և 8 երիտասարդական խմբեր:

Իրականացվել է 15 նախագիծ, այդ թվում՝ 8 միջազգային (7 փառատոն, 1 մրցույթ) և 7 հանրապետական փառատոն, որից 1-ը՝ «Խաչատրյանը և մեր ժամանակները» հանրապետական փառատոնը, իրականացվեց առաջին անգամ: Ստեղծագործական պատվերի միջոցով կյանքի կոչվեցին և նախապատրաստական փուլում են գտնվում 22 երաժշտական ծրագրեր:

Թատերարվեստի ոլորտը 2015 թ. կարևորվեց նոր բեմադրությունների առատությամբ, նախապատվություն տրվեց երիտասարդական ծրագրերին, հյուրախաղային գործունեությանը և միջազգային համագործակցությանը, ինչպես նաև հանրապետության մի շարք թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը: Ընթացքում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Երևանի կամերային և Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամա¬տիկական թատրոնների ժամանակակից լուսաձայնային սարքավորումներով վերազինման աշխատանքները:

Կինոարվեստի ոլորտում իրականացված ծրագրերից բանախոսն առանձնացրեց հայկական ֆիլմերի թվայնացումը և կինոյի մասին օրենքի նախագծի մշակումը:

Կերպարվեստի ոլորտում 2015 թվականին իրականացված ծրագրերից բանախոսն առանձնացրեց Վենետիկի 56-րդ բիենալեում 53 մասնակից երկրներից «Հայություն» խորագիրը կրող Հայաստանի տաղավարի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի արժանանալու փաստը:

Պարարվեստի ոլորտում ապահովվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային նախագծերին՝ 2 համույթներ, որից մեկը մենահամերգներով հանդես է եկել եվրոպական 5 քաղաքներում: Իրականացվել է 7 նախագիծ, այդ թվում` 1-ը՝ միջազգային, 3-ը՝ հանրապետական և 3 մարզային հյուրախաղեր:

Անդրադառնալով լրագրողների հարցերին և մասնավորապես 168.am-ի այն հարցին՝ արդյոք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման համար տրամադրված 7. 000. 000 եվրոն հսկայական գումար չէ՞ նախատեսված այդ նպատակի համար ՀՀ մշակույթի փոխնախարարը նշեց. «Սա խիստ մասնագիտական հարց է, որ իրականացնում են ավստրիական կազմակերպությունները, տեղադրվում է լուսաձայնային համակարգի վերջին մակարդակի տեխնիկան, մի խոսքով, այնպես, ինչպես վերազինվեց Օպերային թատրոնը»:

Վերջին օրերին մամուլում և հասարակության շրջականակներում լայն քննարկման արժանացած Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված կառուցվածքային փոփոխությունների հետ կապված 168.am-ի հարցին փոխնախարար Ա. Պողոսյանն այսպես պատասխանեց.

«Պետությունը և, մասնավորապես, Մշակույթի նախարարությունն իրավունք չունեն խառնվելու որևէ ստեղծագործական կոլեկտիվի ներքին ստեղծագործական հարցերին, այդ թվում՝ նաև Օպերային թատրոնում տեղի ունեցող դեպքերին: Ինչ վերաբերում է Օպերայում ստեղծված իրավիճակին, ապա այդտեղ նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել՝ Գեղամ Գրիգորյանը և ստեղծագործական անձնակազմը թատրոնի զարգացման հետ կապված իր յուրահատուկ տեսլականն ունի՝ մասնավորապես, հրավիրյալ դիրիժորների միջոցով նոր ստեղծագործությունների բեմադրումը:

Մենք տեղյակ ենք այդ մոտեցմանը և նպատակահարմար ենք գտնում ստեղծագործական խմբին թույլ տալ զարգացնելու այդպիսի մոտեցումը»: Անդրադառնալով այն հարցին, թե թատրոնի երաժիշտներին վրդովեցրել է այն իրողությունը, որ իրենք զանգվածային լրատվամիջոցներից են իմացել այն մասին, որ այլևս չունեն գլխավոր դիրիժոր, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ես նորմալ եմ համարում դժգոհության որոշակի դրսևորումները, ցանկացած կոլեկտիվի ներսում նման իրավիճակներում կարող են լինել:

Ինչ-որ զանգված կարող է նաև դժգոհ լինել ցանկացած տեսակի փոփոխություններից, դա բնական է: Փաստ է, որ այդ կառուցվածքային փոփոխությունները տեղի են ունեցել ընդունված կարգի համաձայն և օրենքի շրջանակներում: Երբ կառուցվածքային փոփոխությունների հետ կապված հրամանը տրվել է՝ սահմանված կարգով այդ հրամանը փակցվել է ներքևում, և ցանկացած մեկը կարող էր գնալ ու տեղեկացվել: Այնպես որ՝ բոլորովին պարտադիր չի եղել այդ մասին հատուկ բանավոր հայտարարություն տարածելու: Տեղեկանալու հնարավորություն նրանք ունեցել են օրենքով նախատեսված կարգով»:

Մեր այն դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ տաղանդավոր դիրիժորը, ամենայն հավանականությամբ, կհեռանա երկրից, Մշակույթի փոխնախարարն այսպես պատասխանեց. «Ես՝ որպես անհատ, կարող եմ միայն ասել, որ լավ չէ, երբ որևէ քաղաքացի փորձում է հեռանալ Հայաստանից: Ինչ վերաբերում է Կարեն Դուրգարյանի՝ երկրից հեռանալու որոշմանը, ապա դա իր գործն է, ես ոչինչ չեմ կարող ասել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս