«Ղարաբաղի հարցում ՌԴ-ն այլ ելք չունի, պետք է պաշտպանի կայուն ստատուս-քվոն». Վլադիմիր Ռիժկով

«Հետսովետական տարածքում շուտով անիվը կսկսի հակառակ ուղղությամբ շարժվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանի ընտրությունը» ընդդիմադիր շարժման ղեկավար, ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը` անդրադառնալով հետխորհրդային տարածքում տեղի ունեցող հակալիբերալ զարգացումներին, աշխարհում Ռուսաստանի ներկայիս կերպարի ընկալմանը և ժողովրդավարացման հետընթացը կանգնեցնելու տարբերակներին:

Վլադիմիր Ռիժկովը նշեց, որ Ռուսաստանն այսօր աշխարհում ընկալվում է՝ որպես վտանգի ու անկայունության աղբյուր: Սակայն, ըստ նրա, այն, ինչ աշխարհում ընկալվում է՝ որպես վտանգ ու ագրեսիա, իրականում փորձ է՝ պաշտպանել աշխարհում կորսվող ռուսական դիրքերը, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում:

Ռիժկովի խոսքով` բանակը, ռազմաարդյունաբերական համակարգը, հատուկ ծառայությունները, Ոստիկանությունը, Ռուսաստանի աջակցությունն արտասահմանյան արբանյակներին ավելի ու ավելի մեծ ռեսուրսներ են կլանում, ռուսաստանցիների կյանքի մակարդակն արագորեն նվազում է, լիբերալները քննադատում են գործող ավանտյուրիստական քաղաքականությունը, որի համար հետապնդումների են ենթարկվում:

«Բայց ամենակարևորն այս ողջ գործընթացում այն է, որ որքան հակալիբերալ են դառնում հետսովետական տարածքի ռեժիմները, այնքան ավելի վատ ընթացքի մեջ են ընկնում նրանց տնտեսությունները, ինչն այդ ռեժիմները պահող օղակն է: Կարծում եմ, որ առաջիկայում անիվը կանցնի հակառակ աշխատանքին, և սոցիալ-լիբերալ ծրագրերը նոր թափ կառնեն, քանի որ հակալիբերալ ռեժիմներն իրենց սկսում են սպառել վերջնականապես»,- նման կարծիք հայտնեց Ռիժկովը՝ շարունակելով, որ, եթե նման գործընթաց սկսվի Ռուսաստանում, այն կսկսի տարածվել նաև ողջ հետսխորհրդային տարածքում, քանի որ ներկայումս Ռուսաստանն է փորձում իր ազդեցությունը պահել, ինչը ենթադրում է նաև Ռուսաստանի թելադրած արժեքային համակարգ ու ռեժիմներ:

Ռուս ընդդիմադիր գործիչը նաև նշեց, որ գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, անկախության ձեռքբերումից նույնիսկ 25 տարի անց, չափազանց թույլ են, թույլ են թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական տեսանկյունից, թույլ են նաև քաղաքական ինստիտուտների կայունության առումով:

«Նրանց, այդ թվում՝ Հայաստանի կայունությունը կարող է հեշտությամբ խաթարվել ավելի հզոր հարևանների կողմից, և այդպիսի օրինակները քիչ չեն: Որևէ ուժի դեմ պայքարելն այս իրավիճակում հիմար քաղաքականություն է: Ամենաճիշտն առողջ միտք ունենալն է, չմտածված ավանտյուրիստական որոշումներ չկայացնելը և ամենակարևորը՝ ուշադրություն դարձնել ներքին ամրությանը, տնտեսության զարգացմանը, պետական ինստիտուտների զարգացմանն ու ժողովրդավարական լեգիտիմ պետությունների կայացմանը, որքանով որ այսօր դա հնարավոր է»,- ասաց Ռիժկովը:

Վերջինս այն կարծիքին է, որ ցանկության դեպքում հետսխորհրդային երկրների իշխանությունները կարող էին, անկախ Ռուսաստանի կամքից, բարեփոխվել և ամուր պետություններ ստեղծել: Նրա կարծիքով` չզարգանալու ողջ մեղքն էլ ճիշտ չէ Ռուսաստանի վրա բարդելը:

Հարցին, թե ի՞նչ սպասել ՌԴ ներկայիս իշխանությունների քաղաքականությունից Հարավային Կովկասում` հատկապես ԼՂ հակամարտության և Վրաստանի եվրաատլանտյան նկրտումների հարցերում, Ռիժկովը պատասխանեց, որ ՌԴ տնտեսությունը հայտնվել է ծանրագույն իրավիճակում, ուստի ՌԴ իշխանությունը հետաքրքրված չէ լարվածության նոր օջախներով, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

«Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Մոսկվան այլ ելք չունի, ձգտելու է տարածաշրջանում` ԼՂ հակամարտության հարցում հատկապես, կայուն ստատուս-քվոյի պահպանմանը՝ խուսափելով իրավիճակի սրումից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ՌԴ-ի ծայրաստիճան կտրուկ դիրքորոշումը միայն խորացնելու է Ռուսաստանի իրավիճակը, որի համար Թուրքիան առանցքային տնտեսական գործընկերներից մեկն է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս