Air France-ի ուղևորները ռումբի մուլյաժ են տեղադրել Փարիզ թռչող ինքնաթիռում
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Air France ընկերության ինքնաթիռում ռումբի մուլյաժ տեղադրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կիրակի օր ֆրանսիական ավիաընկերության ինքնաթիռը, որը ուղևորվում էր Մավրիկիայի Հանրապետությունից Փարիզ, ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել Քենիայում ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին ահազանգերից հետո:
Ինքնաթիռի զուգարանում հայտնաբերվել էր կասկածելի տուփ՝ խոհանոցային թայմերով: Արդյունքում պարզվել էր, որ տուփում ռումբ չկա ու այն իրենից վտանգ չի ներկայացնում:
Երկուշաբթի առավոտյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզում: BBC-ի թղթակից Աննա Հոլլիգանը հայտնում է այն մասին, որ ոստիկանությունը օդանավակայանում ձերբակալել է մի զույգի, որը թռչում էր այդ չվերթով: Air France-ի տնօրեն Ֆրեդերիկ Գաժեին տեղի ունեցածը «վատ կատակ» է որակել:
Մավրիկիայի Հանրապետությունը Air France-ի ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո հայտարարել է երկրի օդանավակայաններում անվտանգության միջոցառումների բարձրացման մասին, հայտնում է AFP-ն: