Բաժիններ՝

«Եթե բեկումնային գործողություններ եք սպասում, ապա երկու տարի մեզ մի քննադատեք, ոչ մի վատ բան մի գրեք». Արմեն Աշոտյանը՝ լրագրողներին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված տարվա ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց այն 3 խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի մեր երկրում կրթությունը զարգանա.

«Այս 7 տարվա ընթացքում տեսնում եմ փոփոխություն, բայց դրա ծավալն ու տեմպն ինձ չի բավարարում, դա մոտիվացիան է՝ ինչո՞ւ սովորել: Այդ հարցի պատասխանը ճիշտ տալու համար, և՛ ուսանողական մակարդակով, և՛ աշակերտական մակարդակով, մենք դեռ չենք ստեղծել պատշաճ միջավայր երկրում: Ինչո՞ւ լավ դասավանդել: Մանկավարժների ու դասախոսների համար այդ «ինչու»-ի պատասխանը դեռ չենք ստեղծել: Իհարկե, ասում ենք՝ մանկավարժությունն առաքելություն է, և դրանով այդ մարդիկ ոգևորվում են, բայց կան նաև ֆինանսական, սոցիալական խնդիրներ, կա դասաժամերի խնդիր, այս խնդիրների համախումբը թույլ չի տալիս մոտիվացիոն դաշտում միանշանակ պոզիտիվ լինել»:

Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի՝ առկա կոռուպցիոն ռիսկերն են. «Դրանք գոյություն ունեն շատ ավելի քիչ, քան դուք դրանց մասին խոսում եք, բայց իրենք այդուհանդերձ գոյություն ունեն ու շատ են, որովհետև համակարգը մեծ է»:

Երրորդը՝ ոչ հավասարաչափ կրթության որակն է.

Կարդացեք նաև

«Մենք ունենք բեկումնային միջազգային նշանակության մրցունակության կրթական ծառայություններ Հայաստանում, ինչպես՝ հանրակրթության, այնպես էլ՝ բարձրագույն կրթության մակարդակում, և մենք ունենք կրթական ծառայություններ, որոնք ամբողջությամբ պետք է փակվեին, եթե չլինեին սոցիալական խնդիրներ: Մի կողմից՝ կա կրթության որակ, գերազանցություն, որին մենք ձգտում ենք, մյուս կողմից՝ կրթության համակարգն ունի սոցիալական բեռ իր վրա: Հենց սկսում ես կրթության որակի մասին շատ մտածել ու գործ անել, տուժում է սոցիալական բաղադրիչը, առաջանում է գործազրկություն, որովհետև կրճատումներն անխուսափելի են այս դեպքում, բայց կրթության որակը երկարաժամկետ առումով կարողանում ես կտրուկ բարձրացնել: Հենց որ սևեռվում ես սոցիալական խնդիրների վրա, ասում ես՝ մարդու ձեռք չտամ, բողոք կլինի, ցույցեր չանեն, մարդիկ հացի փողից չզրկվեն, դպրոց չփակենք, և այլն, տեղում ընկնում է կրթության որակը: Մեր թիվ մեկ մարտահրավերը՝ այս երկու ժայռաբեկորների միջև ճիշտ անցնելով՝ թեքվել աջ՝ դեպի կրթության որակ»:

Դիմելով լրագրողներին՝ նախարարն ասաց, որ, եթե իրենից սպասում ենք բեկումնային գործողություն, ապա պետք է իրեն խոստանալ, որ երկու տարի լրագրողներն իրեն չեն քննադատելու, ոչ մի վատ բան չեն գրելու՝ անկախ նրանից, եղե՞լ է, թե՞ ոչ.

«Երկու տարվա քարտ-բլանշ տվեք նախարարությանը, գերատեսչությանը, կառավարությանը՝ իրականացնել կրթության ոլորտի ամենացավոտ ու ամենաանհրաժեշտ բարեփոխումները, ու հետո կստանաք մեզանից արդյունք: Եթե քննադատեք, բեկումնային ու ցավոտ չենք անի, այլ՝ ավելի խորամանկ ու խելացի ձևով ու դանդաղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս