«Թուրքիան ռիսկի կդիմի ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերություններում՝ միջամտելով ԼՂ հակամարտությանը»

«168 Ժամի» զրուցակիցն է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական, «Radikal»-ի սյունակագիր, ազգությամբ քուրդ գրող, լրագրող և ռեժիսոր Ումիթ Քվանչը

– Նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերականգնեց մեծամասնությունը խորհրդարանում, որը կորցրել էր հունիսյան ընտրությունների արդյունքում։ Ընտրություններին հաջորդող մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի ներքին և արտաքին կյանքում բավականին ակտիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք, մի շարք վերլուծաբանների պնդմամբ, Էրդողանի` էլ ավելի մեծ տարածաշրջանային հավակնությունների հետևանքն են, որոնք առնչվում են նաև ներքին կյանքին։ Ի՞նչ եք ակնկալում ընտրություններից հետո իշխանությունների ներքաղաքական դոկտրինից։

– ԱԶԿ-ն ունի հասարակության կեսի աջակցությունը։ Նրանց մեծ մասը պահպանողականներ են։ Իսկ նրանց մեծ մասը գաղափար անգամ չունեն ժողովրդավարության և խոսքի ազատության մասին։ Մյուս կեսի առանցքային հատվածը միանում է այս կեսին ազգայնական քաղաքականության համար։

ԱԶԿ-ի համագործակցությունը խորքային երկրի կեղտոտ մեխանիզմների հետ մահացու է եղել Թուրքիայի ժողովրդավարացման համար։

Մեծ կոալիցիան ձևավորվել է ազգայնականության հիմքի վրա։ Այս մեծ կոալիցիան, որը ներառում է ԱԶԿ-ն, և՛ խորքային պետությունը, և՛ սիրիական քրդերին, որոնք նախաձեռնություններ են իրականացնում Սիրիայում, և՛ Ժողովրդավարական կուսակցությանը, որն Արևմուտքից աջակցություն է ստանում, համարում է սպառնալիք Թուրքիայի համար։ Արդարադատության և անվտանգության համարյա թե ողջ բյուրոկրատիան պատկանում է, այսպես կոչված, ընդդիմության «Ազգայնական շարժում» և «Հանրապետական» կուսակցություններին։ Քրդական հարցում ոչինչ կանխատեսելի չէ այս պահին։ Երկու կողմն էլ պատերազմի մասին է խոսում։ Չկա իրատեսական և պատճառաբանված բացատրություն այն բանի, թե ինչու է Թուրքիան քրդերին սպառնալիք համարում։ Բայց այս ճանապարհից վերադարձ չի երևում։

Այնինչ Անկարայի և Իրաքի Քրդական տարածաշրջանային կառավարության հարաբերությունները բավականին ջերմ են։ Եթե խնդիրը Քրդական կուսակցությունն է, նրա գոյությունը կարող էր չեզոքացվել Թուրքիայում արմատական բարեփոխումների միջոցով։ Սակայն դրա ցանկությունը ևս չկա։ Այն, ինչի ցանկությունը կա, պատերազմն է։
Քրդական հարցն այլևս Թուրքիայի հարցը չէ։ Այն դարձել է սիրիական, նույնիսկ` միջինարևելյան։ Թուրքիան կարող է թևակոխել արյունոտ քաղաքացիական պատերազմ։ Կա նման վտանգ։

– Այսինքն` ներկայումս չեք տեսնում քրդական հարցի կարգավորման որևէ հեռանկար։

– Ես այս պատասխանս կավելացնեմ նախորդին։ Քոբանիի դիմադրության ընթացքում որոշ քրդեր վրդովված էին ԻՊ-ին աջակցելու` Թուրքիայի քաղաքականությունից։ Հունիսի յոթին քրդական կուսակցության հաջողությունից հետո այդ կուսակցությունը սկսեց դիտարկել թուրքերի հետ ընդհանուր ապագա կերտելու հնարավորությունը։ Սակայն պատերազմի սանձազերծումը, երկխոսության ուղին վերացնելը, նոյեմբերի 1-ի ընտրություններին ընդառաջ` ջարդերը, ապա` ամենահեղինակավոր մարդու իրավունքների ակտիվիստի սպանությունը, խոսքը Թահիր Ելցիի մասին է, հասունացրեց քրդերի զգացմունքային պոռթկումը։

Քրդական երիտասարդությունը ժամանակավորապես կտրվել է իրադարձություններից։ Կառավարությունը նրանց դեմ է դուրս գալիս Հատուկ ուժերով բիրտ ուժի կիրառմամբ։ Այն վայրերում, որտեղ պարետային ժամն արդյունավետ էր, պատերը ծածկվում էին «Պետությունը եկել է», «Տեսեք պետության ուժը» կարգախոսներով։ Արագորեն դեպի բաժանումն ենք ընթանում։ Միայն հրաշքը մեզ կփրկի։

– Ի՞նչ պետք է սպասել արտաքին քաղաքականության ոլորտում, հատկապես ռուս-թուրքական հարաբերություններում։ Տեսնում ենք, որ Էրդողանը համարձակորեն լարեց հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ի՞նչ է դա նշանակում։ Ըստ Ձեզ՝ հասկանալով, որ չի ունենալու Արևմուտքի աջակցությունը, Էրդողանը կշարունակի՞ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

– Ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծչի խոցումը միայն տրամաբանական պատճառներով հնարավոր չէ բացատրել։ Դա չի կարող բացատրվել միայն արտաքին քաղաքական պատճառներով։ Թուրքիայի արտաքին քաղաքականության պրակտիկան վերլուծելու կարողություն ունենալու համար պետք է հասկանալ նախ` վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտնի «Ռազմավարական խորություն» պատրանքը։ Դավութօղլուն ցնորամիտ է։ Իրական կյանքի նրա ընկալումը խնդրահարույց վիճակում է։ Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա ևս չի ընկալում աշխարհն այն ունիվերսալ նորմերով, որոնք հասանելի են բոլորին։

Այս երկուսը հավատում են, որ, եթե Թուրքիան գործի` ինչպես գերտերություն, ապա կընկալվի հենց այդպիսին։ Նրանք մտածում են, որ Մերձավոր Արևելքն և սուննի իսլամական տարածաշրջանները մեծ սիրով կընդունեն նոր տեսակի Օսմանական գերիշխանությունը։ Անկարան, ամենայն հավանականությամբ, հույս ունի շահել ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումից։ Սա զարմանալի չէր լինի, քանի որ սա քաղաքական թիմ է, որը կարծում է, որ կարող է հաղթահարել ցանկացած հարց առճակատմամբ և բևեռացմամբ։ Կա մի իրավիճակ, որն անհանգստացնում է նրանց. Ռուսաստանը խոչընդոտում է նրանց միջամտությանը Սիրիայում` թիրախավորելով այն խմբերին և այն վայրերը, որոնք նրանք ընկալում են` որպես իրենց ազդեցության գոտի։ Բայց տեղին չեն պնդումները, թե Էրդողանը համարձակորեն լարում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես Ձեզ կհարցնեի, երբ նշում եք` «համարձակորեն լարում է», վստա՞հ եք։

– Շատ փորձագետներ ներկայիս լարվածությունը որակում են` Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի նշույլներ։ Ի՞նչ եք կարծում այս հեռանկարի մասին։

– Դա չափազանցված է։ Բայց եթե ենթադրենք, որ Երրորդ համաշխարհային պատերազմը նման չի լինելու նախորդներին, ապա չի ունենալու հստակ սկիզբ, հստակ ճակատներ ու մարտեր, այլ լինելու է տարերային, ընդլայնված, ցրված, ասես երբեք չի ավարտվելու։ Այս պարագայում մենք կարող ենք Թուրքիայի կողմից ռմբակոծչի խոցումն ու այլ զարգացումներն այս անկյունից դիտարկել։ Սակայն կան անձինք, ովքեր պնդում են, որ Երրորդ համաշխարհայինը սկսվել է 2001թ. սեպտեմբերի 11-ով։ Այնուամենայնիվ, վատ չէ մտքում պահել, որ պատերազմը երբեք ավարտված չէ։

– Այս պայմաններում ի՞նչ առաջընթաց կարելի է ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում։

– Երբ «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մասին ազդարարվեց` բոլորը մտածեցին, որ Թուրքիայում վերջապես բանականությունը հաղթեց։ Քվանչը հռետորական հարցով դիմեց` ինչո՞ւ պետք է Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը վնասի Թուրքիային։ Ընդհակառակը, Թուրքիայում այնքան շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են բաց սահմաններ և առևտրային հարաբերությունների զարգացում տեսնել երկու երկրների միջև։ Նույնիսկ ԱԶԿ ընտրազանգվածից շատերն են դա ցանկանում։ Սակայն Թուրքիայում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել։ Վախենամ, որ ազգայնականությունն ու ռասայականությունն ավելի թունավոր են, քան մենք ենք կարծում։ Ես կցանկանայի ասել, որ այդ հարաբերությունները դրական ուղղությամբ են ընթանալու, սակայն չեմ կարող։ Սակայն ես կարող եմ միայն ասել, որ թուրք աջ քաղաքական գործիչներն աշխարհի ամենաիրատես և պատեհապաշտ գործիչներն են, ուստի, երբ նրանք մտածեն, որ այդ հարաբերությունների վերականգնումը շահավետ է, նրանք դրական քայլեր կնախաձեռնեն։

– Հայ փորձագետները գտնում են, որ Հայաստանը կարող է ռուս-թուրքական առճակատման թիրախը դառնալ։ Նույն այդ պնդումների համաձայն` Թուրքիան կարող է օգտագործել Հայաստանն ու ԼՂ հակամարտությունը` ընդդեմ Ռուսաստանի։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Ոչ։ Թուրքիան այնքան հզոր չէ, որպեսզի գլուխը պարզած` շարժվի Ռուսաստանի հետ առճակատմանն ընդառաջ։ Նրանք նույն լիգայից չեն։ Ավելին, եթե Թուրքիան փորձի օգտագործել Հայաստանը` որպես հաղթաթուղթ, ապա չի կարողանա ստանալ անհրաժեշտ արևմտյան աջակցությունը։ Թուրքիան մշտապես փորձում է այնպես անել, որպեսզի Արևմուտքը մոռանա «հայկական» բառը։ Այս փուլում սպառնալ Հայաստանին, միջամտել ԼՂ հակամարտության հարցերին` կնշանակի` ռիսկի դիմել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում։

Տեսանյութեր

Լրահոս