Գործարար կնոջ մարմնի որոշ մասեր բացակայել են. ինչու է դատարանը թոռանը մեղավոր ճանաչել տատին սպանելու, դին այրելու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Ալբերտ Մոմջյանը մեղավոր է ճանաչվել տատին սպանելու և գողության մեջ: Դատավճռով՝ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 21 տարի ժամկետով:

Ալբերտ Մոմջյանը 2014թ. սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է և այդ ժամանակվանից գտնվում է անազատության մեջ: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է դատավճիռը:

Ինչում է մեղադրվել ամբաստանյալը

Ալբերտ Մոջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, գրավադրել դրանք, ստացել է վարկեր և դրանցով մարել բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելու հետևանքով տանուլ տված և պարտք մնացած գումարները, այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Սիլվա Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերն իր մեքենայով Սիլվա Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, նշել, թե տատի մահը վրա է հասել վերջինիս բնակարանում շարունակված վիճաբանության ժամանակ, նրան հրելու հետևանքով, անզգուշությամբ։ Չի ընդունել Սիլվա Գալստյանի ոսկյա զարդերը գողանալու համար իրեն առաջադրված մեղադրանքը` պատճառաբանելով, որ դրանք վերցրել և վարկային կազմակերպություններում գրավադրել է նրա գիտությամբ և համաձայնությամբ։
Դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալի այս պատճառաբանություններն անհիմն են, հետապնդում եմ քրեական պատասխանատվությունից խուսափելու և մեղմ պատիժ ստանալու նպատակ, այդ պատճառաբանությունները՝ հերքվել, իսկ առաջադրված մեղադրանքում նրա մեղավորությունը հաստատվել է պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված հետևյալ ապացույցների համադրման և գնահատման արդյունքներով.
Ինչով է դատարանն ապացուցված համարել մեղադրանքը

1. Իր իսկ հակասական ցուցմունքներով. ըստ դատական ակտի՝ դատարանում ամբաստանյալը հայտնել է, որ ժամանակ առ ժամանակ բնակվել է տատիկին` Սիլվա Գալստյանին պատկանող` Ձորաղբյուրում գտնվող ամառանոցում։ 2014թ. սեպտեմբերի սկզբներին` դեպքից 5-10 օր առաջ, տատիկը նկատելով իր անհանգիստ վիճակը՝ հետաքրքրվել է դրա պատճառով, ինքը կիսվել է նրա հետ, պատմել, որ խաղադրույքներից պարտքեր է կուտակել և չի կարողանում դրանք մարել։ Տատիկը խոստացել է օգնել, սակայն որևէ մեկին այդ մասին չպատմելու պայմանով` պատճառաբանելով, որ իր հայրը և բոլոր հարազատները միշտ նախատում են նրան՝ իրեն երես տալու համար։ Տատիկը խոստացել է ամսվա վերջում բնակարանների և խանութների վարձավճարների հաշվին տրամադրել այդ գումարները` իր պարտքերը մարելու նպատակով, սակայն պնդել է, որ այդ գումարը շտապ է անհրաժեշտ, քանի որ պարտատերերը «խեղդում են»։

Տատիկը խոստացել է մի քանի կտոր ոսկյա զարդեր վաճառել և օրեր անց այդ գումարն իրեն տալ։ Նրան համոզել է ոսկյա զարդերը չվաճառել, այլ գրավադնել։ Երկար համոզելուց հետո` տատիկը համաձայնել է, տվել է որոշ ոսկյա զարդեր, որոնք ինքը գրավադրել և ստացել մոտ 2.000.000 դրամի վարկեր, այդ չափով մարել պարտքերը, թեև իր ընդհանուր պարտքը կազմում էր շուրջ 4.000.000 դրամ։

Երկու օր անց տատիկն իր սենյակում պատահական տեսել է խաղադրույքներ կատարելու վերաբերյալ կտրոններ, բարկացել է իր վրա` նախատելով խաղադրույքներ կատարելու և գումարներ տանուլ տալու համար, իր և մոր հասցեին վիրավորական խոսքեր է ասել։ Այդ խոսքերից վիրավորվել է, որոշել է անպայման վերադարձնել նրա ոսկյա զարդերը` իր այդ մտադրության մասին հայտնելով տատիկին։ Զարդերից հանել է ադամանդյա քարերը, փոխարենը՝ տեղադրել կիսաթանկարժեք քարեր, իսկ ադամանդները վաճառել է` տատիկի ոսկյա զարդերը գրավից ազատելու նպատակով, սակայն ադամանդների իրացումից ստացած այդ գումարը չի բավականացրել։

Դեպքի օրը` 2014թ. սեպտեմբերի 15-ի առավոտյան, տատիկն իրեն զանգահարել և ասել է, որ վերջինիս «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան տեղից չի շարժվում, եկել է, սակայն ինքը նույնպես չի կարողացել այն գործարկել, զանգահարել է իր հոր վարորդին, ում օգնությամբ մեքենան հաջողվել է սարքել։

Նշել է նաև, որ տատիկի հետ վիճաբանությունը սկսվել է մեքենայում, այն բանից հետո, երբ նրանից մեքենան է խնդրել` համահայր եղբոր ծննդյան տարեդարձին գնալու նպատակով։ Տատիկը մերժել է` պատճառաբանելով, թե մեքենան իր պարտքերի դիմաց իր ձեռքից նույնպես կվերցնեն։ Բարձրանալով տատիկի բնակարան` վիճաբանությունը շարունակել են այնտեղ։ Տատիկն իրենից պահանջել է մեքենայի բանալիները, սակայն ինքը չի տվել, որից հետո տատիկը սկսել է իրեն ճանկռել։ Այդ պահին իր աչքերի դիմաց սևացել է, հիշում է, որ նրան ուժեղ հրել է, որից հետո վերջինիս նկատել է արդեն գետնին ընկած վիճակում։ Նրան տեղափոխել է անկողին, երեսին ջուր է շփել` ուշքի բերելու նպատակով, սակայն ականջը սրտին մոտեցնելով` հասկացել է, որ նա արդեն մահացած է։ Խառնվել է իրար, չի հասկացել` ինչ անել, որոշել է հորը պատմել, սակայն համարձակությունը չի ներել։ Գնացել է եղբոր ծննդյան տարեդարձին մասնակցելու, որ ոգելից խմիչք օգտագործի, համարձակությամբ զինվի և հորը պատմի կատարվածի մասին, սակայն այդպես էլ չի պատմել թե՛ նրան, թե՛ որևէ այլ անձի։

Ծննդյան տարեդարձին մասնակցելուց հետո գնացել է Ձորաղբյուրի տուն, մտածել է՝ ինչպես վարվել, այնուհետև վերադարձել է տատիկի բնակարան, որոշել է նրա դիակը տանել և մի տեղ թողնել։ Գիշերը` ժամը 03-ի սահմաններում, հետևի կողմից թևատակերից գրկելով և քաշելով` դիակը վերելակով իջեցրել է ներքև, տեղավորել նախապես շքամուտքին մոտեցրած «Տոյոտա Պրադո» մեքենայի հետևի նստատեղին։ Դիակը մեքենայով տարել և արդեն լուսադեմին թողել է Արտաշատի խճուղու վրա։ Նրա հագուստի վրա նկատելով իր ճանկռած ձեռքերի արյան հետքերը` կրակայրիչով այրել է հագուստը և հեռացել, որից հետո գնացել է տատիկի տան բակ, մեքենան կանգնեցրել բակում և վերադարձել Ձորաղբյուրի ամառանոց։ Դիակը տեղափոխելուց բնակարանի բանալին դռան վրա էր, չի հիշում` դիակն իջեցնելուց բնակարանի մուտքի դուռը կողպե՞լ է, թե՞ ոչ։ Տատիկի մարմինը միայնակ է իջեցրել բնակարանից, որևէ մեկը չի օգնել, սպորտով էր զբաղվում և իր ֆիզիկական հնարավորությունները ներել են։

Փնտրելով տատիկին` հայրը եկել է իր մոտ` Ձորաղբյուր, տեղեկացրել, որ Սիլվա Գալստյանը նրան պատմել է իր պարտքերը մարելու նպատակով ոսկյա զարդերը գրավադնելու մասին։ Վիճաբանել են, հայրը պահանջել է ոսկյա զարդերը, ինքն ընդունել է, որ տատիկի տված ոսկյա զարդերը գրավադրել է, այդ գումարով մարել պարտքերը, որից հետո գրավից հանել է դրանք։ Սենյակից բերել է դրա մասին վկայող փաստաթղթերը և հանձնել հորը, որից հետո վերջինս հեռացել է։

Ձերբակալվելուց հետո` ՁՊՎ-ում գտնվելու ժամանակ, հայրը տեսակցել է իրեն և խնդրել հայտնել վերջինիս մոր գտնվելու վայրը` խոստանալով, որ կալանավայրում ամեն ինչով իրեն կապահովի։ Ինքն այդ տեղեկությունը հայտնելու համար պահանջել է 200.000 դոլար գումար։ Այդ կապակցությամբ զանգահարել է մորը և խնդրել նրա մոտ պահել հոր կողմից փոխանցվելիք գումարը` հայտնելով նաև, որ հետագայում կասի, թե այդ գումարով ինչ անել, իսկ հորն առաջարկել է գումարը թողնել իր մոր մոտ։ Գումարի փոխանցման վայրն ինքը չի հայտնել, նրանք են պայմանավորվել, իսկ դիակի գտնվելու տեղը հորը հայտնել է վերջինիս կողմից ՁՊՎ-ում իրեն տեսակցելու ժամանակ։

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը նշել է նաև, որ հայրը չի ընդունում տատիկի կողմից իրեն տրված ոսկյա զարդերի գրավադրման մասին տեղեկացված լինելու հանգամանքը` ցանկանալով այդ կերպ արհեստականորեն ծանրացնել իր վիճակը։
Տատիկի մահվան հնարավոր պատճառի վերաբերյալ դատաբժշկի եզրակացության շուրջ հարցաքննվելիս` նշել է, որ ինքը հրել է տատիկին, հնարավոր է, որ կոկորդի շրջանում վնասվածքը ստացած լինի հենց այդ հատվածից նրան հրելու կամ նրա մարմինը մեքենայում տեղավորելու ժամանակ հետևից գրկելուց և կոկորդին սեղմելուց։ Իր մարմնի վրա ճանկռվածների առկայությունը պարզաբանել է բնակարանում վիճաբանության ժամանակ տատիկի կողմից իրեն ճանկռելու հանգամանքով, իսկ ձեռքերի այտուցվածությունը պատճառաբանեց վերոնշյալ դեպքից հետո նյարդային վիճակում գտնվելիս Ձորաղբյուրի տանը պատերին հարվածելու հանգամանքով։

Նշել է, որ հորից գումարը պահանջել է` գիտակցելով, որ երկար ժամանակ կալանավայրում է անցկացնելու, այնտեղ իր կարիքները հոգալու խնդիր կա։ Նշել է նաև, որ չի կարող մեկնաբանել հագուստները կրակայրիչով այրելու հետևանքով տատիկի դիակը գրեթե ամբողջությամբ այրվելու հանգամանքը, պնդեց, թե այրել է բացառապես տատիկի հագին եղած սպիտակ հագուստը, քանի որ դրա վրա իր արյան հետքերն էին մնացել։ Նշեց, որ դեպքի հետևանքով տատիկի բնակարանի դասավորությունը չէր խառնվել, դիակը տեղափոխելուց միայն գորգն էր թեքվել, որը և ուղղել է, բնակարանում և մեքենայում արյան հետք չի նկատել, դեպքից հետո մեքենան լվանալ է տվել ավտոլվացման կետում, լվանալու նպատակն այն հողերից և ցեխից մաքրելն էր։ Նշել է, որ բնակարանում ոսկյա զարդեր չի փնտրել, իսկ դեպքի օրվա դրությամբ բոլոր պարտքերը մարել էր։ Հայտնեց, որ հրելու պատճառը վիճաբանությունն էր, տատիկը «չոր» կին էր, կարող էր մարդու ստորացնել, նույնիսկ ինքնասպանություն հասցնելու աստիճանի։ Տատիկի դիակի վրա հայտնաբերված վնասվածքները հնարավոր է՝ առաջացած լինեն ննջասենյակի մահճակալի սուր եզրերին հարվածելու հետևանքով։

Պարտքերը մարելու նպատակով տատիկի կողմից ոսկյա զարդերն իրեն տրամադրելու հանգամանքը հարազատների կողմից հերքելու փաստը մեկնաբանել է նրանց կողմից իր վիճակը հնարավորինս բարդացնելու ցանկությամբ։
Նշել է նաև, որ թեև անզգուշությամբ է տատիկին մահ պատճառել, կատարվածի մասին հորը չի պատմել, քանի որ համարձակություն չի ունեցել։ Մեքենան ավտոլվացման կետից վերցնելով և կանգնեցնելով շենքի բակում` դռները կողպել և բանալին թողել է խանութի աշխատակցի մոտ, քանի որ որոշ իրեր նախկինում ևս թողնում էին նրա մոտ։ Խանութի աշխատակցին ասել է, թե մեքենան վերցրել էր լվացման կետ տանելու նպատակով։
Ընդունել է, որ քրեական գործին կցված ոսկյա զարդերը տատիկին էին պատկանում, նշել, որ դրանք հենց այն զարդերն են, որոնց ադամանդյա քարերը փոխել և վաճառել է։

Նշել է նաև, որ թեև նախաքննության սկզբնական փուլում այլ կերպ է մեկնաբանել իր մարմնին հայտնաբերված վնասվածքների առաջացման մեխանիզմը, սակայն իրականում դրանք պատճառել է տատիկը, վերոնշյալ դեպքի ընթացքում, իսկ ռեստորանում որևէ վիճաբանություն չի եղել, այդտեղ որևէ վնասվածք չի ստացել։
Տատիկի եղունգների տակ արյան հետքեր հայտնաբերվելու փաստը բացատրել է նրա կողմից իրեն ճանկռելու հանգամանքով։ Տատիկը թեև մինչ այդ խոստացել էր, որ մեքենան այդ օրը տրամադրելու է, սակայն վիճաբանության արդյունքում հրաժարվել և փորձել է իր ձեռքից բանալիները վերցնել, որի ընթացքում է իրեն ճանկռել։ Նորմալ փոխհարաբերությունների ժամանակ տատիկը մեքենան իրեն վստահում էր, հակառակ պարագայում` չէր տալիս։ Եղել են դեպքեր, երբ «չեմուչում է արել», սակայն, միևնույն է, ինքը մեքենան վերցրել է։ Եղել է նաև, որ առանց զգուշացնելու է մեքենան վերցրել, քանի որ բանալիները հիմնականում իր մոտ են եղել։ Եղել է նաև դեպք, որ ավտոմեքենան առանց նրա գիտության վարելու ժամանակ տատիկի հեռախոսազանգերին չի պատասխանել, և վերջինս, կարծելով, թե նրա մեքենան հափշտակել են, ավտոմեքենայի առևանգման հաղորդմամբ դիմել է Ոստիկանություն։

2. Տուժողի իրավահաջորդ Հովհաննես Մոմջյանի` դատարանում հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքներով: Վերջինս, դատարանում իրացնելով սահմանադրական իր իրավունքը, հրաժարվեց որդու` գործով ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանի վերաբերյալ ցուցմունք տալուց և պնդեց նախաքննական ցուցմունքները։ Համաձայն դրանց` 2014թ. ապրիլից իր ավագ որդին` Ալբերտ Մոմջյանը, տեղափոխվել և բնակություն է հաստատել իր մորը պատկանող` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատանը։ Ալբերտի ֆինանսական կարիքները հոգացել է ինքը, շաբաթական նրան է տրամադրել 25.000 դրամ, Սիլվա Գալստյանն Ալբերտի նկատմամբ ցուցաբերել է հոգատար վերաբերմունք։ Վերջին տարիների ընթացքում որդին զբաղվել է տարբեր բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելով, կուտակել է պարտքեր, այդ թվում` 6.500.000 դրամի չափով, որն ինքը մինչև 2014թ. ապրիլն ամբողջությամբ մարել էր։

3. 2014թ. սեպտեմբերի 15-ին Ալբերտը և իր մայրը` հանգուցյալ Սիլվա Գալստյանը, եղել են Ձորաղբյուր գյուղում գտնվող վերջինիս առանձնատանը։ Ժամը 18։00-ի սահմաններում նրանք մորը պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերադարձել են Երևան։ Այդ օրը` երեկոյան, մոր հետ չեն կարողացել հեռախոսակապ հաստատել, իսկ հաջորդ օրը քույրը և մորաքույրը, այցելելով Երևանում գտնվող բնակարան, քրոջ մոտն եղած բանալիով բացել են դուռը, մուտք են գործել բնակարան, սակայն մայրը տանը չի եղել, իսկ նրա բջջային հեռախոսը դրված է եղել սեղանին։

4. Հ. Մոմջյանը նախաքննական մարմնին կասկածներ է հայտնել առ այն, որ մոր անհետ կորելու հետ անմիջականորեն առնչություն ունի Ալբերտը, քանի որ նա է մշտապես եղել իր մոր հետ, իսկ բնակարանի ննջասենյակի անկողնու մոտ դրված պահարանի ուսումնասիրությամբ իր քույրը և մորաքույրը պարզել են, որ այդտեղից և առհասարակ բնակարանից բացակայում են մորը պատկանող տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

5. Նշել է նաև, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 18:00-ի սահմաններում իր մայրը Ալբերտի հեռախոսհամարից զանգահարել է իր կնոջը և խնդրել 1 ժամվա սահմաններում հանդիպել նրա բնակարան` ամառանոցի ծառերից հավաքված դեղձի իրենց բաժինը վերցնելու նպատակով։ Ժամը 18:45-ի սահմաններում իր կինը գնացել է բնակարան, թակել է դուռը, սակայն այն չեն բացել, մայրը չի պատասխանել նաև հեռախոսազանգերին։

6. Երբ քրեական գործի քննության ընթացքում Ալբերտը ձերբակալվել է, 2014թ. սեպտեմբերի 19-ին իր հեռախոսահամարով հեռախոսազրույց է ունեցել ՁՊՎ-ում գտնվող և իրեն զանգահարած Ա. Մոմջյանի հետ, ով առաջարկել է հայտնել իր մոր դիակի գտնվելու վայրը՝ նրան 200.000 դոլար գումար տալու պայմանով։ Նշել է, որ ունի ընդամենը 170.000 դոլար և ընդհանուր համաձայնությունից հետո, Ալբերտի պահանջով նույն օրը նախապես զանգահարելով Ալբերտի մորը, 170.000 դոլար գումարը փոխանցել է նրան։ Ժամը 21:30-ի սահմաններում Ալբերտը նույն հեռախոսահամարից դարձյալ զանգահարել է, հայտնել է, որ տեղյակ է գումարը մորը փոխանցելու փաստից, խոստացել ավելի ուշ հայտնել իր մոր դիակի տեղը։

7. Այնուհետև, 2014թ. սեպտեմբերի 20-ին` առավոտյան, ՁՊՎ-ում տեսակցել է որդու հետ, ով տեղեկացրել է, որ Սիլվա Գալստյանի դիակը գտնվում է Գառնի գյուղից Արտաշատ տանող ճանապարհի հարակից տարածքում, որի մասին հայտնել է իրավապահներին։

8. Հետագայում Սիլվա Գալստյանին պատկանող Ձորաղբյուրի ամառանոցից` Ալբերտ Մոմջյանի սենյակում` լազերային սկավառակների տուփերում, հայտնաբերել է Ա.Մոմջյանի անվամբ կնքված վարկային և գրավադրման պայմանագրեր, որոնք ներկայացրել է քննությանը։ Նշել է նաև, որ գրավադրված իրերը, հնարավոր է, որ լինեն հենց իր հանգուցյալ մորից` Սիլվա Գալստյանից հափշտակված ոսկյա զարդերը։ Նշել է նաև, որ Սիլվա Գալստյանն Ալբերտ Մոմջյանին որևէ ոսկյա զարդ չէր կարող վստահել կամ փոխանցել` հաշվի առնելով վերջինիս նախկին վարքագիծը և պահվածքը, այն է` խաղամոլությամբ զբաղվելը, Ալբերտը դրանք հափշտակել է և սպանել Ս. Գալստյանին։

9. Վկայի ցուցմունքով, ով բնակվել և որպես պահակ աշխատել է Սիլվա Գալստյանին պատկանող Ձորաղբյուրի ամառանոցում։ Ալբերտ Մոմջյանը վերջին ժամանակ նույնպես բնակվել է նշված ամառանոցում, իր կնոջ խոսքերից գիտի, որ նրա և տատի՝ Սիլվա Գալստյանի հարաբերությունները կրել են լարված բնույթ, սակայն իր ներկայությամբ նրանք չեն վիճել, Սիլվան հոգ է տարել թոռան մասին, նրա սիրած կերակուրներն է պատրաստել։

10. 2014թ. սեպտեմբերի 15-ին` կեսօրից հետո, Ալբերտը և Սիլվան վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաք, մեքենան վարել է Ալբերտը։ Իր համար անսովոր էր այն, որ Սիլվան հրաժեշտ տալուց իրեն ասել է, որ շատ գոհ է իրենից, մինչ այդ նման դեպք երբևէ չէր եղել։ Իրեն հայտնի էր, որ Ալբերտը նույն օրը մասնակցելու էր եղբոր ծննդյան տարեդարձին։ Նույն օրը` ժամը 22։00-ի սահմաններում, Ալբերտը միայնակ վերադարձել է ամառանոց, ինչից հետո ինքը դարպասները կողպել է։ Այն, որ Ալբերտն այդ օրը տանը չէր գիշերել, հասկացել է՝ տեսախցիկները դիտելով, քանի որ նրա հեռանալը ֆիքսվել էր, իսկ վերադարձը`ոչ։ Ըստ էության` Ալբերտն աննկատ, ավտոտնակի պատի վրայով էր դուրս եկել ամառանոցից և հեռացել։ Իր կինն է նկատել նրա վերադարձը, որը եղել է արդեն առավոտյան, վերջինս նաև հայտնել է, որ Ալբերտի ձեռքին տոպրակ է եղել, Ալբերտը պատճառաբանել է, որ վերադառնում է խանութից, ուր գնացել էր հաց գնելու։

11. Նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո վկան պնդել է, որ Սիլվա Գալստյանը մշտապես բարկացել է Ալբերտի վրա՝ չաշխատելու, զբաղմունքի որևէ տեսակ չունենալու, խաղամոլությամբ զբաղվելու համար։ Սիլվա Գալստյանը մշտապես իրեն հայտնել է, որ վախենում է Ալբերտից, քանի որ մտածել է, որ վերջինս մի օր ինչ-որ մի վատ քայլի է դիմելու։ Բացի այդ, իր կնոջ խոսքերից գիտի, որ դեպքի օրն Ալբերտը տուն վերադառնալուց հետո իր կնոջն ասել է, թե` «ես իմ անելիքն արել եմ», սակայն որևէ կերպ չի կարող մեկնաբանել Ալբերտի այդ արտահայտությունը։

12. Վկա, ամբաստանյալի մոր՝ դատարանում հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքներով, ըստ որի` 2014թ. սեպտեմբերի 19-ին` ժամը 19։30-20։00-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անծանոթ քաղաքային հեռախոսահամարից զանգահարել է որդին` Ալբերտ Մոմջյանը, և հայտնել, որ նրա հայր Հովհաննես Մոմջյանը կզանգահարի իրեն և գումար կփոխանցի։ Դրանից հետո պայմանավորվել և հանդիպել է Հովհաննեսին, որտեղ վերջինս սև տոպրակով իրեն է փոխանցել 170.000 դոլար գումար, որը վերցրել և տարել է իր բնակարան, որը հետագայում իրավապահների առաջարկությամբ առգրավման համար ներկայացրել է նրանց։

13. Վկա, Սիլվա Գալստյանի հարսի ցուցմունքով, ով դատարանում հայտնել է, որ 2014թ. սեպտեմբերի 15-ին` ժամը 18։30-ի սահմաններում, իրեն է զանգահարել ամուսնու մայր Սիլվա Գալստյանը և հայտնել, որ Ձորաղբյուրի ամառանոցից դեղձ է բերել և ցանկանում է փոխանցել իրենց։ Նրան հայտնել է, որ այդ պահին տանը չէ, նրա բնակարան կհանդիպի քիչ ուշ և կվերցնի այն։ Ժամը 19։40-ի սահմաններում այցելել է Երևանում գտնվող Սիլվայի բնակարան, թակել դուռը, սակայն այն ոչ ոք չի բացել։ Այնուհետև զանգահարել է Սիլվայի ինչպես՝ բնակարանի, այնպես էլ՝ բջջային հեռախոսահամարներին, սակայն վերջինս կրկին չի պատասխանել։ Մտածելով, թե հնարավոր է, որ Ս.Գալստյանը քնած է, հեռացել է։ Նույն օրը` երեկոյան կրկին զանգահարել է ամուսնու մորը, սակայն՝ կրկին ապարդյուն, վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել։ Այդ օրն իր որդու ծննդյան տարեդարձն էր, զբաղված էին խնջույքի հարցերով։ Հաջորդ օրն այցելել է Ս.Գալստյանի բնակարան, որտեղ արդեն գտնվում էր վերջինիս դուստրը, սակայն Սիլվան բացակայել է, թեև վերջինիս բջջային հեռախոսը գտնվել է բնակարանում։ Սկսել են զանգահարել Սիլվայի ծանոթներին, սակայն ոչ ոք նրա մասին տեղեկություն չի ունեցել, որից հետո միայն իր ամուսնու քույրն անհետ կորելու վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում։

14. Հարցերին պատասխանելիս նաև նշել է, որ ամուսնուց լսել է Ալբերտի` խաղամոլությամբ զբաղվելու և պարտքեր ունենալու մասին, սակայն դրանք մարելու մասին որևէ տեղեկության չի տիրապետում։ Ալբերտը Սիլվայի ամենասիրելի թոռն էր։ Դեպքի հաջորդ օրն այցելել են Սիլվայի բնակարան, այն թեև քանդած չի եղել, սակայն որոշ իրեր դասավորված էին արտասովոր կերպով։

15. Վկա, տուժողի դստեր ցուցմունքներով, որ 2014թ. սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել մոր` Սիլվա Գալստյանի հետ, որի ընթացքում նա իրեն հայտնել է, որ Ալբերտ Մոմջյանը վերջին օրերին գտնվում է անհանգիստ վիճակում, ինչը նրան հուզում է։ Նույն օրը` երեկոյան, մի քանի անգամ զանգահարել է Սիլվա Գալստյանի հեռախոսահամարին, սակայն վերջինս չի պատասխանել։ Զանգահարել է մորը պատկանող խանութ, սակայն աշխատակիցները ևս նրանից տեղեկություն չեն ունեցել, տեղեկացրել են միայն, որ Ալբերտն է եկել խանութ ու Սիլվայի մեքենայի բանալիներն է թողել` ասելով, որ տարել էր լվանալու։

Հաջորդ օրը` առավոտյան, այցելել է Սիլվա Գալստյանի` Երևանում գտնվող բնակարան և հայտնաբերել, որ նա բացակայում է բնակարանից, իսկ բնակարանի հարդարանքից հասկացել է, որ վերջինս չի գիշերել այնտեղ։ Բնակարանի ստուգմամբ հայտնաբերել է, որ այնտեղից բացակայում են մորը պատկանող ոսկյա զարդերը։ Մոր անհետ կորելու վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում։ Հետագայում համապատասխան քննչական գործողության ժամանակ ճանաչել է իրեն ներկայացված ոսկյա զարդերը և հայտարարել, որ դրանք պատկանել են իր մորը։

Հարցերին պատասխանելիս՝ նաև նշել է, որ իր մայրն եղել է նաև շատ հոգատար տատիկ, շատ է սիրել Ալբերտին և ամեն ինչ արել նրա համար, սակայն տեղյակ լինելով Ալբերտի` խաղամոլության հանդեպ հակում ունենալու մասին` բացառում է մոր կողմից նրան ոսկյա զարդերը հանձնելու հնարավորությունը։ Իր մայրը միշտ ուշադրություն է դարձրել Ալբերտի գործողություններին և զգացել է նրա անհանգստությունները։ Դեպքի օրը նույնպես հայտնել է Ալբերտի` ոչ սովորական, անհանգիստ վարքագծի մասին, որն արտահայտվել է հաճախակի տնից դուրս գալով ու գալով, բջջային հեռախոսով հաճախակի զրուցելով։ Ալբերտի` խաղադրույքներ կատարելու հարցերի շուրջ իր մայրը նախատել է նրան, տեղյակ է, որ նրա պարտքերը մարել են, սակայն կոնկրետ չի կարող ասել` մա՞յրն է վճարել, թե՞ իր եղբայր Հովհաննես Մոմջյանը։

Մայրը երբեմն բողոքել և կասկածել է, որ Ալբերտը ոսկյա զարդեր է հափշտակել։ Մոտ 2 տարի առաջ դեպք է եղել, որ մայրը ստույգ պարզել էր, որ Ալբերտը նրա պայուսակից գումար է հափշտակել։ Այդ համոզմունքը պայմանավորված էր նրանով, որ նշված օրը մեքենայում միայն երկուսով էին եղել, որից հետո էր գումարն անհետացել։ Բացառել է գրավադնելու նպատակով մոր կողմից Ալբերտին ոսկյա զարդեր տալու հանգամանքը։ Վերհիշել է, որ դեպքից մոտ մեկ ամիս առաջ մեքենայի անհետացման հարցով մայրը դիմել էր Ոստիկանություն, սակայն պարզվել էր, որ Ալբերտն էր մեքենան տարել։ Նշել է նաև, որ մայրը թեև փոքրամարմին էր, սակայն ուներ մոտ 78-80 կգ քաշ։

16. Վկա, ամբաստանյալի համահայր եղբոր՝ դատարանում հրապարակված և հետազոտված ցուցմունքներով` այն մասին, որ 2014թ. սեպտեմբերի 15-ին իր ծննդյան տարեդարձը նշել է «Հին Էրիվան» ռեստորանում։ Ծննդյան արարողությանը հրավիրված է եղել նաև համահայր եղբայրը` Ալբերտ Մոմջյանը, ով ռեստորան է ժամանել ժամը 21։00-ի սահմաններում։ Վերջինս ռեստորանում մնացել է մոտ կես ժամ, որից հետո հեռացել է։ Այնտեղ գտնվելու ընթացքում Ա. Մոմջյանը որևէ մեկի հետ չի վիճաբանել, որևէ մեկի հետ ծեծկռտուք չի եղել։

17. Վկա, տուժողի թոռան ցուցմունքով, որ 2014թ. սեպտեմբերի 15-ին «Հին Էրիվան» ռեստորանում հրավիրված է եղել եղբայր Տիգրան Մոմջյանի ծննդյան արարողությանը։ Ժամը 21։00-ի սահմաններում մորեղբոր որդին` Ալբերտ Մոմջյանը, այցելել է ռեստորան և մոտ կես ժամ անց միասին դուրս են եկել այդտեղից, միասին քայլել Հյուսիսային պողոտայում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետ։ Վերադարձել են ռեստորանի մոտ, որտեղից Ալբերտը քայլելով հեռացել է Մաշտոցի պողոտայի ուղղությամբ։ Հայտնել է, որ Ալբերտը որևէ մեկի հետ չի վիճաբանել, ծննդյան արարողության ժամանակ որևէ միջադեպեր չեն եղել։

Սիլվա Գալստյանի և Ալբերտի միջև եղել են նորմալ փոխհարաբերություններ։ Տատիկից, մորից և ընտանիքի մյուս անդամներից լսել է, որ Ալբերտը հակում է ունեցել խաղադրույքներ կատարելու հանդեպ։ Դեպքից հետո` 2014թ. սեպտեմբերի 16-ին կամ 17-ին, տատիկի անհետ կորելու կապակցությամբ վերջինիս բնակարանում հավաքվելու ժամանակ Ալբերտի ձեռքը եղել է այտուցված վիճակում, սակայն այդ հարցով չեն խոսել, վնասվածք ստանալու հանգամանքներով չի հետաքրքրվել։ Եղել է դեպք, որ առանց տատիկի թույլտվության Ալբերտը վերցրել է նրա մեքենան, որի կապակցությամբ տատիկը զայրացել և բողոքել է։

18. Վկա, ամբաստանյալի ընկերուհու՝ դատարանում հրապարակված և հետազոտված ցուցմունքներով այն մասին, որ բացառել է, որ Սիլվա Գալստյանը Ալբերտին կարող էր որևէ ոսկյա զարդեր նվիրել կամ գրավադնելու համար տրամադրել, Սիլվա Գալստյանը Ալբերտին նույնիսկ ավտոմեքենան չէր վստահում։

19. Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի` գործով ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանը որևէ քրոնիկական հոգեկան հիվանդությամբ չի տառապել և փորձաքննության պահին չի տառապում, նա հանդիսանում է «Հոգեպես առողջ» անձնավորություն։ Ինչպես իրեն մեղսագրվող արարքը կատարելու, այնպես էլ՝ փորձաքննության պահին նա կարող էր և կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, ուստի նրան հարկ է ճանաչել մեղսունակ։ Իրավախախտումը կատարելու պահին նա չի գտնվել որևէ ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին, կարող է ճիշտ հասկանալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները և տալ ճշմարիտ ցուցմունքներ։

20. Սիլվա Գալստյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի` հաշվի առնելով վաղ և ուշ դիակային երևույթների զարգացվածության աստիճանը` Ս.Գալստյանի մահը վրա է հասել փորձաքննության կատարման պահից (սկսվել է 2015թ. սեպտեմբերի 21-ին) 3-4 և ավելի օր առաջ։ Կապված դիակի այրման-ածխացման, ներքին օրգանների և կմախքային ոսկրերի բացակայության, ինչպես նաև կենդանիների կողմից դիակի հոշոտման հետ` մահվան ստույգ պատճառը որոշել հնարավոր չէ, սակայն ելնելով այն հանգամանքից, որ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել էր ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածք` շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, կարելի է ենթադրել, որ մահվան պատճառը կարող էր հանդիսանալ մեխանիկական շնչահեղձությունը պարանոցի օրգանները սեղմելու միջոցով։

Ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածքը, շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղումները, գլխի աջ քունքագագաթային շրջանի կտրած վերքը, գլխի աջ քունքագագաթային շրջանի սալջարդ վերքը, արյունազեղումները գլխի մաշկի տակ աջ քունքային շրջանում, աջ քունքամկանում, ձախ կոնքազդրային հոդի շրջակա փափուկ հյուսվածքներում, սուբարախնոիդալ մանր օջախային արյունազեղումները պատճառվել են կենդանության օրոք, մահվանից կարճ ժամանակամիջոց (րոպեներ կամ ժամեր) առաջ, կտրած վերքը պատճառվել է սուր եզր ունեցող առարկայի կամ գործիքի, մյուս վնասվածքները` բութ առարկաների ներգործությամբ։

Ս.Գալստյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են նաև հետմահու առաջացած գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, կոնքի, ստորին վերջույթների շրջանների մաշկածածկույթների և փափուկ հյուսվածքների 3-4-րդ աստիճանի ջերմային այրվածքներ ածխացմամբ, ինչպես նաև կենդանիների կողմից դիակի հոշոտմանը բնորոշ վնասվածքներ` ներքին օրգանների, զույգ վերին վերջույթների, թիակների, անրակների կողոսկրերի, ողնաշարի կրծքային և գոտկային հատվածների բացակայությամբ և ձախ ստորին վերջույթի մարմնից անջատմամբ։

21. Դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով, համաձայն որոնց` ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանի ստացած մարմնական վնասվածքները պատճառվել են սուր ծայր կամ եզր ունեցող առարկայով կամ գործիքով, այդ թվում՝ նաև եղունգներով, հնարավոր է՝ գործի հանգամանքներում նշված ժամանակահատվածում, այսինքն՝ 2015թ. սեպտեմբերի 15-16-ը։ Նույն եզրակացությամբ չի բացառվել, որ Ա.Մոմջյանի մարմնին հայտնաբերված վնասվածքները պատճառված լինեին դիմադրության արդյունքում։

Դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի` «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայություն, որը պատկանել է մարդու և ըստ արյան «ABO» իզոշճաբանական համակարգի՝ առաջացել է արյան «A» խումբ ունեցող անձից կամ անձանցից, այդ թվում՝ կարող էր առաջանալ ինչպես՝ գործով ամբաստանյալ Ա.Մոմջյանից, այնպես էլ՝ տուժող Սիլվա Գալստյանից։

Ավտոմեքենայի առևանգման վերաբերյալ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերով 2014թ. օգոստոսի 29-ին կազմված եզրակացությամբ, համաձայն որի` Ալբերտ Մոմջյանը, առանց Սիլվա Գալստյանի թույլտվության և համաձայնության, 2014թ. օգոստոսի 28-ին վարելու նպատակով վերցրել էր վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ Ս.Գալստյանն ահազանգել էր Ոստիկանություն։ Տվյալ ապացույցով դատարանը հաստատված է համարել քննվող դեպքից ընդամենը 1 ամիս առաջ Ա.Մոմջյանի նկատմամբ վերջինիս տատիկի` տուժող Ս.Գալստյանի, որոշակի անվստահության փաստը։

Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումը

Գնահատելով դատաքննությամբ հետազոտված վերոնշյալ ապացույցները` դատարանը հաստատված է համարել մեղադրանքը:

Դատարանը նշել է, որ Սիլվա Գալստյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեխանիզմի վերաբերյալ ամբաստանյալ Ա. Մոմջյանի դատաքննական ցուցմունքները տրամագծորեն հակասում են դիակի դատաբժշկական փորձաքննությամբ տուժող Ս.Գալստյանի դիակի վրա հայտնաբերված և մինչ նրա մահը պատճառված վնասվածքների տեղակայմանը, բնույթին, ուղղությանը, վերջին հաշվով՝ պատճառման մեխանիզմին։ «Ըստ ամբաստանյալի ցուցմունքների՝ վերջինս հրել է իր առջևում կանգնած տուժողին, որից հետո նրա թիկունքային և/կամ կողային հատվածով վայր է ընկել ննջասենյակի հատակին, իսկ ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածքը, որն ուղեկցվել է շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, հավանաբար առաջացել է տուժողի դիակը, նրա թևերի տակից բռնելով, քաշել-տեղափոխելու ընթացքում, այն դեպքում, երբ ամբաստանյալի նույն ցուցմունքների և դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցների համադրման արդյունքներով՝ ակնհայտ է, որ տուժողի դիակի տեղափոխումը կատարվել է նրա անշնչանալուց 6-8 ժամ հետո, հետևաբար՝ ամբաստանյալ Ա.Մոմջյանի առաջ քաշած վարկածի պարագայում ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածքը և շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղումները պետք է լինեին հետմահու։

Ավելին, ամբաստանյալ Ա.Մոմջյանը նշել է նաև, թե իբր փորձել է տատի մահվան վերոնշյալ հանգամանքների` անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ պատմել հորը, բայց համարձակությունը չի ներել, թեև նույն ժամանակահատվածում «համարձակվել է» տուժողի դիակի վայրը հայտնելու համար 200.000 դոլար պահանջել վերջինիս որդի, միաժամանակ՝ իր հայր Հովհաննես Մոմջյանից։ Բացի այդ, ըստ ամբաստանյալի ցուցմունքների` տուժողի հետ վիճաբանության պատճառ է հանդիսացել այն, որ վերջինս թեև խոստացել, սակայն ի վերջո արգելել է «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով գնալ իր համահայր եղբոր ծննդյան արարողությանը, մինչդեռ դատաքննությամբ պարզվեց, որ այդ արարողությանն ամբաստանյալը, այնուամենայնիվ, գնացել է, սակայն զարմանալիորեն՝ առանց ավտոմեքենայի։ Նշված հանգամանքը վկայում է, որ տուժողի մահվանը նախորդած վեճի պատճառի վերաբերյալ ամբաստանյալ Ա.Մոմջյանի պատճառաբանությունը` ավտոմեքենայի բանալիները չտալը, մտացածին է»,- դատավաճռում նշել է դատարանը։

Դատարանը նշել է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն` գործով ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանի մարմնին հայտնաբերվել են նաև նրան դիմադրելու արդյունքում պատճառված վնասվածքներ, որոնք պատճառվել են սուր ծայր կամ եզր ունեցող առարկայով կամ գործիքով, այդ թվում՝ նաև եղունգներով, հնարավոր է՝ գործի հանգամանքներում նշված ժամանակահատվածում: Նշված ապացույցը, ըստ դատարանի. ամբաստանյալ Ա.Մոմջյանի ցուցմունքի և միաժամանակ Ալբերտ Մոմջյանի եղնգային կտրվածքներում հայտնաբերված արյան հետքերի վերաբերյալ դատակենսաբանական փորձաքննության եզրակացության հետ համադրությամբ ևս վկայում է տուժողի մահվանն անմիջապես նախորդող պահին վերջինիս և գործով ամբաստանյալի միջև պայքարի առկայության մասին։

Դատարանը նշել է, որ ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանը տուժող Ս.Գալստյանին պատկանող ոսկյա երեք մատանիները գրավադրել և 1 տարի մարման ժամկետով 170.000 դրամի վարկ է ստացել անգամ նրան դիտավորությամբ կյանքից զրկելու օրը, դրանից ընդամենը ժամեր առաջ, որը ևս, ըստ դատարանի. վկայում է ամբաստանյալի մոտ հատկապես ոսկյա զարդերի գողության դեպքերը թաքցնելու շարժառիթով տուժողին սպանելու դիտավորության առկայության և այն գրեթե անմիջապես իրականացնելու փաստի մասին։ «Տուժող Ս.Գալստյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մասին է վկայում նաև վերջինիս դին թաքցնելու, փոխադրամիջոցը ավտոլվացման կետում լվանալ տալու, այդ կերպ կատարած սպանության, դրան նախորդած ոսկյա զարդերի գողության դեպքերը և դրանց իր առնչությունը թաքցնելու՝ ամբաստանյալի վարքագիծը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցով անմարդաբնակ վայր տեղափոխելը, ավելին՝ այն այրելը, որը որևէ կերպ չի տեղավորվում տուժողին հրելու և անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ գործով ամբաստանյալի առաջ քաշած վարկածի շրջանակներում»,- նշել է դատարանը։

Դատարանն արձանագրել է, որ թեև տուժողին կյանքից զրկելու հետևանքով բացակայում է վերջինիս գույքի գողության փաստը հաստատող ուղղակի ապացույցը՝ տուժող Ս.Գալստյանի ցուցմունքը, սակայն վերջինիս արդուզարդի գողության փաստը հաստատվել է դատաքննությամբ հետազոտված վերոնշյալ անուղղակի ապացույցների բավարար ամբողջությամբ, որոնք, ըստ դատարանի, նախ և առաջ հաստատում են՝

ա. թոռան կողմից խաղամոլությամբ զբաղվելու կապակցությամբ տուժողի բացահայտ անհանդուրժողականությունը,

բ. խաղամոլության հետևանքով թոռան կողմից տանուլ տված գումարները և պարտքերը ժամանակին մարելու, սակայն այլևս չմարելու սկզբունքային դիրքորոշման առկայությունը,

գ. սկզբունքային այդ դիրքորոշման և տուժողի նյութական բարվոք վիճակում գտնվելու պայմաններում վերջինիս կողմից ոսկյա զարդերը (առավել ևս՝ ադամանդե քարերով զարդերը) գրավադնելու և վարկ վերցնելու նպատակով թոռանը տրամադրելու անհնարինությունը,

դ. տուժողի ոսկյա զարդերի գրավադրման և վարկերի ստացման մասին ամբաստանյալ Ա.Մոմջյանի կողմից միայն նախաքննության որոշակի փուլում հայտնելը, երբ այն հերքելն այլևս անիմաստ էր և անհեռանկար գործ, քանզի վերջինիս հայր, գործով տուժողի իրավահաջորդ Հովհաննես Մոմջյանը նրա սենյակից հայտնաբերել և արդեն իսկ նախաքննական մարմնին էր ներկայացրել որդու՝ Ալբերտ Մոմջյանի անվամբ կնքված այդ վարկային և գրավի պայմանագրերի, կանխիկ վճարման անդորրագրերի օրինակները, որի պայմաններում նախաքննական մարմնի կողմից տուժողի ոսկյա զարդերի առգրավումը համապատասխան գրավատնից և վարկային կազմակերպությունից միայն ժամանակի խնդիր էր։

Դատարանը որպես ամբաստանյալի անձը դրականորեն բնութագրող տվյալ է գնահատել՝ նախկինում դատապարտված չլինելը, երիտասարդ լինելը, ֆիզիկապես վատառողջ լինելը, իսկ որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք` ուսման վայրում դրականորեն բնութագրվելը: Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել։

Նշենք, որ դատավճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս