«Նման հորից չէր կարող լինել այնպիսի ժառանգ, որն իր ազգի ներկայացուցիչների նկատմամբ կատարեր տեռորիստական ակտ». Արթուր Վարդանյանը մեղադրանքը չի ընդունում, գտնում է, որ այն մտացածին է

Արթուր Վարդանյանը, ով, ըստ ԱԱԾ-ի, ժամանելով Հայաստան՝ ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ Արթուր Վարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և գտնում է, որ այն մտացածին է:

Նրա խոսքով՝ Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով` հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր ձեռք բերելը և իրականացնելը: Նրա խոսքով՝ երկուսն էլ դասվում են ծանր հանցագործությունների շարքին, մի դեպքումՂ որպես պատիժ նախատեսվում է ազատազրկումՂ 8-12, մյուս դեպքում՝ 3-8 տարի ժամկետով: Փաստաբանն ասաց, որ իր տեղեկություններովՂ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննարկվի միջնորդությունը՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Հարցին, թե ինչ նպատակներով է նախատեսված եղել զենքը, որ հայտնաբերվել է Նորք-Մարաշի բնակարաններից մեկում, փաստաբանը պատասխանեց. «Այն մեղադրանքի ծավալը, որ ներկայացված է, իմ պաշտպանյալը չի ընդունում: Այսինքն՝ չի ընդունում այն պաշտոնական մեղադրանքը, որ այդ զենքը պետք է կիրառվեր այստեղ»: Հաջորդ հարցին՝ արդյոք նա ընդունո՞ւմ է, որ զենքն իրենն է, փաստաբանը պատասխանեց, որ նախաքննության փուլում տեղեկատվություն չի կարող տրամադրել:

«Սույն գործի հետ կապված մամուլում և շրջապատում շրջանառվում են տարաբնույթ լուրեր, որ իբր Արթուր Վարդանյանն իր հանցագործ խմբով ցանկացել է տեռորիստական ակտեր իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում: Այնքանով, որքանով ընթանում է նախաքննություն, խնդրում եմ զերծ մնալ տարաբնույթ գնահատականներ տալուց: Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Արթուրի հայրը՝ Վալերի Վարդանյանը, եղել է ազատամարտիկ, հետախույզ, տասնյակ անգամներ անցել է թշնամու թիկունքը, այնուհետև օպերացիներից մեկի ժամանակ նահատակվել է»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Արթուր Վարդանյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված և ում մեղադրանք է առաջադրվել, «Եվրոպայում փայլուն կրթություն է ստացել». «Ունեցել է բարեկեցիկ աշխատանք, բարեկեցիկ կյանքով է ապրել, ունի ընտանիք, երեք անչափահաս երեխաներ, սակայն, թողնելով այդ ամենը, իր ուրույն լուման է ներդրել Քեսաբի ազատագրության համար: Բավական է համացանցով փորձեք որոշակի տեղեկատվություն վերցնել, և կարող եք այդ տեղեկատվությունը ստանալ: Ես վստահ եմ՝ վաղը պատմությունը տալու է իր գնահատականը, թե Արթուր Վարդանյանն ինչ ուրույն լումա ներդրեց Քեսաբի ազատագրման համար, և որն էր վերջինիս լուման հայապահպանման գործում՝ Սիրիայի հայկական համայնքի հետ կապված: Եվ այսօր, երբ սույն քրեական գործով ընթանում է նախաքննություն, եթերում տարածել վերջինիս կողմից Հայաստանի տարածքում տեռորիստական ակտ իրագործելու մասին տեղեկություն, ոչ միայն ընդունելի չէ, այլ նաև հակասում է անձի անմեղության կանխավարկածին: Վստահ եմ, որ նախաքննությունն ընթանալու է օբյեկտիվ, որտեղ կտրվեն շատ հարցերի պատասխանները, իսկ մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ձեռնպահ մնալ ավելորդ գնահատականներ տալուց: Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ եղած տեղեկատվությամբ՝ Արթուրը ոչ մի կուսակցության չի հարել, նրա միակ կուսակցությունը եղել է Հայաստանը, իսկ կուսակցական անդամները եղել են հայերը»:

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանն այսօր դասվում է աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում, յուրաքանչյուրիս պարտքն է՝ նպաստել դրան, իսկ դա զանցողներն օրենքի ամենայն խստությամբ պետք է ենթարկվեն պատասխանատվության. «Բայց միևնույն ժամանակ՝ եկեք գիտակցենք, որ անմեղ մարդիկ չպետք է ենթարկվեն պատասխանավության»:

Փաստաբանն ասաց, որ ներկայացնում է նաև գործով անցնող այլ անձանց շահեր, սակայն նշեց, որ ձեռնպահ կմնա նրանց անունները հրապարակելուց, քանի որ նրանց կողմից լիազորություն չունի հանրությանը տեղեկացնելու:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք փաստաբանը տեղյա՞կ է, թե ինչու են այդքան մարդիկ մի տանը գիշերելը, փաստաբանը հորդորեց՝ «չզարգացնել իրենց գիշերելու դրվագը», քանի որ նախաքննություն է իրականացվում, որը կպարզի այդ հարցի պատասխանը, ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, «բայց մարդը, անձը կաշկանդված չէ Հայաստանում գիշերել ցանկացած վայրում և ցանկացած գործառույթ իրականացնելու». «Այլ խնդիր է՝ այդ գիշերելու, գործառույթներ իրականացնելու արդյունքում կատարվե՞լ է քրեական հանցագործություն, թե՞ ոչ: Այսօր նախաննության մարմնի պարտավորությունը դա պետք է լինի՝ պարզել, ճշտել: Շատ կարևոր բան եմ ասում՝ այս փուլում ուղղակի զերծ մնանք ուղղակի գնահատականներ տալուց: Ես ինքս վստահ եմ, որ նախաքննությունը հակված է օբյեկտիվ գնահատական տալու յուրաքանչյուրի կատարած արարքին: Եվ եթե իրոք պաշտոնական վերսիայով այն է, որ վերջիններս պետք է տեռորիստական ակտ ներկայացնեն, ահաբեկչություն ներկայացնեն, թող գնան, ամենախիստ պատիժը ստանան: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նախաքննությունը շատ օբյեկտիվ գործառույթներ իրականացնի սույն դրվագով»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարեց, որ կանխվել են հրեշավոր վտանգներ, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ չի լսել. «Բայց անգամ, եթե ԱԱԾ-ի ղեկավարը նման հայտարարություն է կատարել, անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիր եմ տեսնում: Ցավոք, Հայաստանում մենք կուլտուրա չունենք, ցավոք, մենք մարդուն կարողանում ենք շատ փիս ցնցել, և նույն ձև կարող ենք նույն մարդուն տարիներ անց շատ փիս բարձրացնենք վերև: Տարրական կուլտուրա ես չեմ տեսնում մեր երկրում՝ կապ չունի՝ դա շարքային քաղաքացի՞ է, թե՞ պաշտոնյա: Եթե գնում է նախաքննություն, ոչ մեկն իրավունք չունի գնահատական տալու»:

Հարցին, թե ինչով է Արթուր Վարդանյանը պատճառաբանում այդքան զենքի առկայությունը, փաստաբանը պատասխանեց, որ նա ունի իր վարկածը, սակայն նախաքննության գաղտնիք է, և չի կարող հրապարակել:

Իսկ ինչու էր Արթուր Վարդանյանը վերադարձել Իսպանիայից, փաստաբանը պատասխանեց, որ որպես հայ՝ նա իր ուրույն  «դերակատարումն է ունեցել մի շարք գործառույթներում». «Բնականաբար, ցանկացել է նաև իր օբյեկտիվ դերակատարումն ունենալ, իմ կարծիքով՝ նաև Հայաստանի Հանրապետությունում: Այդ բոլոր հարցերի պատասխանը ես շատ կցանկանամ՝ շատ արագ նախաքննությունը տա, որը հետո կդառնա ձեր սեփականությունը: Մի բանում եմ ես վստահ, որ նման հորից չէր կարող լինել այնպիսի ժառանգ, որն իր ազգի ներկայացուցիչների նկատմամբ կատարեր տեռորիստական ակտ»:

Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Ըստ ԱԱԾ-ի՝ Արթուր Վարդանյանը՝ ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

 

Տեսանյութեր

Լրահոս