ՍԱՍ-ի Արտակը աշխատակիցներին սպառնում է. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ՍԱՍ-ի աշխատակիցների առաջ պայման է դրել ութական «Այո» բերել սահմանադրական հանրաքվեի համար՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն:
Երեկ ՍԱՍ-ի աշխատակիցներից «ՀԺ»-ին ահազանգել են, որ պայմանը չկատարողներին սպառնում են աշխատանքից ազատել: «Այն աշխատակիցներին, ովքեր հանրապետության մարզերից են, նույնպես հրահանգված է ութական ընտրողի անձնագրի պատճեն ներկայացնել: Այս ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր՝ քվեարկության»,- ասել է ՍԱՍ-ի աշխատակիցը: Պատգամավորից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Հիշեցնենք, որ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել էին, որ ՍԱՍ-ի աշխատակիցները քվեարկել են Արտակ Սարգսյանի՝ մեծամասնականով առաջադրված ընտրատարածքում: 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Սարգսյանն իր աշխատողներին ուղարկում էր Տարոն Մարգարյանի քարոզարշավին, հրահանգել էր, թե ում օգտին քվեարկել: 2013թ. նախագահական ընտրություններում «շեֆը» «ՍԱՍ»-ի աշխատակիցներին վերահաշվառվել էր Արաբկիր վարչական տարածքում, նրանց քվեները վերահսկելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: