Բաժիններ՝

Ինչպե՞ս է ստացվում, որ Դանիան ունի ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա, իսկ Հայաստանը՝ 1072

Ինչպե՞ս է ստացվում, որ զարգացած երկրներից Դանիան ունի ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա, իսկ Հայաստանը՝ 1072: Այս հարցադրումն այսօր ԱԺ նիստում հնչեցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ 2016 թ. բյուջեով ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների թիվն ավելանալու է 83-ով, այսինքն՝ բյուջեի եկամուտների կրճատմանը զուգընթաց՝ ճոխությունների համար մեծ գումարներ են ծախսվում:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն անտեղի համարեց Դանիայի հետ համադրումը, քանի որ այդ դեպքում պետք է բոլոր չափանիշներով համադրվել, իսկ ՀՀ-ում, ինչպես վստահեցրեց նա, ծախսերի կրճատումը սկսվել է վաղուց:

Պատգամավորի հարցադրմանը, թե ի՞նչ կապ ունի Գ. Խաչատրյանը ՀԴՄ-ների թուղթը ներկրող ընկերության հետ, մի՞թե դա կոռուպցիայի, հովանավորչության կամ խմբակային կառավարման ցայտուն օրինակ չէ, նախարարը պատասխանեց, թե դրա հետ ինքն ու իր ընտանիքը որևէ առնչություն չունեն: «Առաջին փուլում, երբ ՀԴՄ մեքենաների կտրոններն էին թողարկում, շատ կարևոր խնդիր էր, որ դրանք չկեղծվեին: Դրա համար կառավարությունը որոշեց մրցույթ անցկացնել: Այն մարդիկ, ովքեր մասնակցեցին այդ մրցույթին, պատահականությամբ իրենք բնակվում են մեր շենքում: Իրենք առաջարկեցին այն մոդելը, որը մեր համար նախընտրելի էր: Ես ուզում եմ անկեղծ ասել, որ նաև հաշվարկներ կային, որ 10 մլն դոլարի շահույթ ունի այդ ձեռնարկությունը, բայց այդ ձեռնարկությունը թափանցիկ էր: Հետագայում մենք հրաժարվեցինք այդ կտրոններից, երբ նոր սերնդի ՀԴՄ-ները բերեցինք»,- պատասխանեց նախարարը:

Գ. Խաչատրյանը հերքեց, որ որևէ անձնական շահ կարող է այդտեղ լինել. «Հիմա նոր ՀԴՄ-ների հետ կապված էլ՝ կան հոդվածներ, թե մեր բիզնեսն է: Մենք նման մանր բիզնեսներով, պարոն Փաշինյան, հավատացեք, գայթակղություն չունենք զբաղվելու: Դա շատ մանր բիզնես է, ես առիթ կընձեռեմ, Դուք ծանոթանաք, թե ինչ եկամուտ ու շահույթ ունեն: Ձեր հարցերի բոլոր պատասխանները կսպառվեն»:

«Փաստորեն, հասկացանք, որ մեր կառավարության անդամները մենակ կռուպնի բիզնեսներով են զբաղվում»,- եզրակացրեց Ն. Փաշինյանը՝ նկատելով, որ ՀԴՄ ներկրող ընկերությունը հավանաբար «պատահաբար» գրանցվել էր այն նույն բնակարանում, որտեղ գրանցված է «Յուքոմ» ընկերությունը, որի առնչությունը Գ.Խաչատրյանի հետ հրապարակայնորեն հավաստված է:

«Խոշորով մեղադրում եք, գոնե մանրով մեզ մի մեղադրեք»,- հորդորեց Գ.Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ՀԴՄ-ով զբաղված երիտասարդն այն նույն երիտասարդն է, ով հետագայում սկսել է աշխատել «Յուքոմի» հետ, բայց նա հաղթել էր մրցութային կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս