Եգիպտացիները թաքցնում են А321-ի աղետի հետաքննության մանրամասները. WSJ
Փորձագետներն անհանգստացած են ռուսական А321 ինքնաթիռի կործանման իրեղեն ապացույցների պահպանությամբ, քանի որ եգիպտական իշխանությունները թաքցնում են ինքնաթիռի կործանման պատճառների մասին տեղեկությունը, գրում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ անցել է ավելի քան երկու շաբաթ Սինայում տեղի ունեցած ողբերգությունից, իսկ Սինայի անապատում ընկած ինքնաթիռի բազմաթիվ բեկորներ ուսումնասիրված չեն, թեև կարող են պարունակել կարևոր վկայություններ:
Դեռևս գոյություն ունի ինչ-որ «խառնաշփոթ» այն բանի առնչությամբ, թե ովքեր են ներառվելու քննչական կոմիտեի կազմում, որը կոչված է հետաքննել աղետի պատճառները:
ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Էրիկ Վայսի խոսքով՝ Կահիրեն խորհրդակցում է ամերիկացի փորձագետների հետ, սակայն դեռ թույլ չի տալիս նրանց դառնալ հետաքննության լիիրավ անդամ:
«Մենք պատասխանում ենք որոշ հարցերի, ձգտում ենք օգտակար լինել: Դա մեր ակտիվության ողջ մակարդակն է տվյալ պահին»,- ասել է Վայսը:
Եգիպտոսի կառավարությունը հրաժարվել է հրապարակավ հնչեցնել իրեղեն ապացույցների հավաքման իրենց պլանները:
Իրենց հերթին, փորձագետներն ընդգծում են, որ ինքնաթիռների բեկորների ուսումնասիրությունը վճռորոշ նշանակություն ունի պարզելու, թե որն է եղել ինքնաթիռի կործանման իրական պատճառը:
Եգիպտոսի իշխանությունները թաքցնում են նաև տեղեկությունը, թե արդյոք կատարվել է ինքնաթիռի ուղևորների մարմինների դիահերձում: