Աշոտյանը հորդորում է չխրտնել իր հարցերից

Նախագիծը, որը Հանրային հեռուստաընկերության եթերում վարում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ի սկզբանե նախատեսված չէ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին՝ որ ինքը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, և ենթադրվում է, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին, որքանո՞վ կկարողանա անկողմնակալ մոտեցում ցուցաբերել:

«Ես հետևում եմ այն լրատվական ուշադրությանը, որ սևեռվել է հաղորդաշարի շուրջ: Երբ սկսում էինք նախագիծը, մենք ակնկալում էինք, որ կլինի մեծ հետաքրքրություն: Չէինք ակնկալում, որ հետաքրքրությունը կլինի այսքան մեծ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, որոնք իրենց քննադատությամբ և ուշադրությամբ է՛լ ավելի բարձրացրին հասարակության ուշադրությունը, այս նախագծի գրավչությունը: Ի սկզբանե նախագիծը նախատեսված չէ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի համար: Այն ընդգրկելու է բազմաթիվ թեմաներ, ձգվելու է ավելի երկար, հուսով եմ, քան անգամ այս տարին է: Այսինքն՝ չի ավարտվելու, չի ստեղծվել հատուկ հանրաքվեի համար, չի ավարտվելու հանրաքվեով:

Պարզապես ակնհայտ էր, որ եթե դնում ենք խնդիր՝ քննարկելու հասարակությանը հուզող հիմնահարցեր, ապա այս էապում չենք կարող շրջանցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Գալիք ուրբաթ օրվա հաղորդումը եթե տեսնեք (այն, ի դեպ, գրվել է ավելի շուտ, քան սահմանադրական բարեփոխումներին նվիրված առաջին եթերը, գրվել են նաև մի շարք հաղորդումներ), ամենալավ ապացույցն է այն բանի, որ այդ շահարկումները տեղին չեն: Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին:

Ես, բնականաբար, վստահ մտնելու եմ այդ կեցվածքի մեջ, երբ տաղավարում բացառապես տալու եմ նույնանման, նույնատիպ հարցեր բոլոր հյուրերին՝ ինքս տաղավարից դուրս լինելով Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ, ընտանիքի լավ հայր և այլն»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ անձամբ կողմ է սահմանադրական փոփոխություններին՝ որպես քաղաքացի Արմեն Աշոտյան, որը հանրաքվեին մասնակցելու է և քվեարկելու է: Նա նշեց, որո որոշները փորձում են տարիներ շարունակ կարծրատիպ ձևավորել, որ իշխանությունը վախենում է ընդդիմության հարցերից.

«Այս պարագայում կարծեք թե ինձ համար անհասկանալի մի այլ սխեմա են փորձում հարթակ նետել, որ ընդդիմությունն է վախենում իշխանության հարցերից: Ես իշխանություն չեմ ներկայացնում հեռուստատաղավարում: Պարզապես եթե տալիս եմ, այսպես, ասած վատ, ծանր հարցեր, դրանք տալով՝ հնարավորություն եմ տալիս դիմացինին: Ես շատ եմ ուրախանում, որ դուք ինձ տալիս եք ամենադաժան հարցերը, որովհետև ինձ համար դա հնարավորություն է ձեզ և հասարակության ներկայացնել մեր տեսակետը:

Յուրաքաչյուր հարց ոչ միայն մարտահրավեր է, այլ նախևառաջ արձագանքելու, պատմելու ու հիմնավորելու տեսակետ: Հետևաբար՝ պետք չէ խրտնել հարցերից, հարցերը բնականաբար կլինեն էլի բավականաչափ սուր, բավականաչափ անսպասելի, և այդ հարցերը միտում չունեն, կներեք արտահայտությանս համար, կպնելու կամ քննադատելու կամ վարկաբեկելու որևէ մեկին: Այդ հարցերը նպատակ ունեն տեսակետ բարձրաձայնելու և հնարավորություն տալու այլոց այդ տեսակետներին հակառակ տեսակետ արտահայտել»:

Նա նշեց, որ հարղորդումը «Աշոտյանի շուրջ սեղծված, բայց Աշոտյան քաղաքական գործչով պայմանավորված հաղորդում է»:

Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ իր մոտ տպավորություն է, որ ՀԱԿ-ը մոռացել է քարոզարշավը, որ «ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին և բացառապես կեղծ օրակարգ է ձևավորել՝ փորձելով ուշադրության կենտրոնում պահել սահմանադրական փոփոխությունները ոչ թե որպես երևույթ և բովանդակություն, այլ նպաստելով իր նոր ծրագրի հանրայնացմանը, ինչի համար շնորհակալ է. «Անսպասելի նվեր էր ՀԱԿ-ի կողմից ինձ»:

Հարցին, թե ո՞ր ժամին է նկարահանվում հաղորդումը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Եթե ուզում եք հետաքրքրվել աշխատանքային ժամով, ուրեմն ձեզ տեղեկացնեմ հետևյալը: Աշխատանքային օրենսգիրքն ինձ՝ որպես նախարարի, և ձեզ՝ որպես քաղաքացու, պարտադրում է 40 ժամանոց աշխատանքային շաբաթ՝ ժամը 9-ից մինչև 6-ը: Վստահեցնում եմ ձեզ՝ շատ-շատ նախարարներ, այդ թվում ես աշխատում եմ առնվազն օրը 2-3 ժամ ավել, պլյուս շաբաթ և կիրակի օրերը: Եթե ուզում եք ժամի մասին խոսել, ապա խնդրում եմ՝ հետևեք, որ ես ամեն օր ժամը 6-ին գնամ տուն աշխատանքից»:

Տեսանյութեր

Լրահոս