«Մեր բոլոր ընտրությունների թիվ մեկ հարցը, գերխնդիրը քաղաքական կամքն է». Նաիրա Զոհրաբյան
«Մեր ընտրակեղծարարության ինստիտուտը, արջի ծառայության ինստիտուտն այնքան է կատարելագործվել, հասցվել ոսկերչական մակարդակի, որ չկա վստահություն: Այդուհանդերձ, ամեն ինչ կախված է քաղաքական կամքից»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ եթե չկա քաղաքական կամք արդար, ազատ ընտրություններ անցկացնելու, ինչ ուզում ես արա՝ ուզում ես մատը թանքոտի, ուզում ես ականջին օղ արա՝ «ես քվեարկել եմ» վերտառությամբ, մեկ է, կկեղծեն. «Մեր բոլոր ընտրությունների թիվ մեկ հարցը, գերխնդիրը քաղաքական կամքն է»:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում հստակ արձանագրվում է, որ կա անվստահություն հանրության մեջ ընտրական գործընթացների նկատմամբ, և պետք է այդ անվստահության գործակիցը ջարդել, որի համար ԲՀԿ-ն միացավ մատերի թանաքոտման առաջարկին, որը հասկանալի էր, որ պետք է մերժվեր:
Նկատելով, որ շատ շահարկվեց, որ ընդդիմությունը չունի անհրաժեշտ քանակով վստահված անդամներ, ուստի պահանջում է լրացուցիչ լծակներ, Ն.Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ունի այնքան վստահելի, պրոֆեսիոնալ, լիցենզավորում անցած անդամներ, որ կարող է ընտրական հանձնաժողովի բոլոր տեղերը վերցնել և ապահովել վստահելի անձանցով: