«Ռուսաստանը չի խանգարում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը». Գագիկ Բեգլարյան

«Բավականին մեծ ծրագիր է, մեծ գումարների մասին է խոսքը, եթե ՀՀ-ն ունենար այդ գումարները, մենք հիմա վաղուց կառուցած կլինեինք»,- խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ մենք կարողանանք գտնել համապատասխան գործընկերներ, որ մեզ հետ այդ երկաթգիծը կկառուցեն և կշահագործեն. «Անընդհատ բան է փոխվում այդ ուղղությամբ, անընդհատ աշխատանքներն ավելի լավանում են, քան վատանում: Քանի որ ծրագիրը շատ մեծ է, երկարատև աշխատանք է պահանջում: Ամեն այցի ժամանակ, ամեն հարաբերության ժամանակ ինչ-որ մի բան է փոխվում, բաց ես կարող եմ ասել, որ դրական շարժ կա»:

Հարցին՝ խնդիրը միայն ֆինանսակա՞նն է, թե՞ աշխարհաքաղաքական խնդիրներ էլ կան, նախարարը պատասխանեց, որ ֆինանսականն այսօր ամենաառաջինն է: Անդրադառնալով աշխարհաքաղաքական խնդիրներին՝ Գ. Բեգլարյանը նշեց, որ վերջերս Հայաստան էին եկել Իրանի փոխվարչապետը և քաղաքաշինության և տրանսպորտի նախարարը, ու «նրանց տրամադրվածությունն այնպիսին էր, որ այդ երկաթգիծն անպայման պետք է կառուցվի»:

Դիտարկմանը, թե ասում են՝ իրականում Ռուսաստանն է խանգարում, որ Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցվի, Գ. Բեգլարյանն այսպես արձագանքեց. «Ոչ, այդպիսի բան չկա»:

Կարդացեք նաև

Հարցին էլ՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Իրանը փոխի իր մտադրությունը և Ադրբեջանի միջով իրականացնի իր էներգետիկ ծրագրերը, նախարարը պատասխանեց, որ կոնկրետ իրենց բանակցությունների ընթացքում ինքը նման տպավորություն չի ստացել:

Տեսանյութեր

Լրահոս