Գյուղացիները ստիպված են եղել խաղողը վաճառել 35 դրամով
168.am-ի» խմբագրություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր գյուղի Պռոշյանի գինու-կոնյակի գործարանը շաբաթ օրն Արմավիրի մարզի Ջանֆիդա, Փշատավան, Արևիկ ու հարակից մյուս գյուղերի բնակիչների խաղողի բերքը գնել է բավականին ցածր գնով: Մեր աղբյուրը նշում է, որ մինչ այդ խաղողը մթերվել է 60-80 դրամով, իսկ քանի որ շաբաթ օրը մթերման վերջին օրն էր, և հայտարարվել էր Արարատյան դաշտավայրում սպասվող ցրտահարությունների մասին, մթերող գործարանների սեփականատերերն օգտվել են այդ հանգամանքից և մթերման գինը սահմանել 35 դրամ. «Ընդ որում՝ մթերված խաղողի գումարը կանխիկ չի վճարվել, և հայտնի էլ չէ, թե երբ կվճարեն: Ցրտահարությունից խաղողը փրկելու համար գյուղացիները ստիպված մթերման այդ խայտառակ ցածր գնին համաձայնել են»:
Մեր աղբյուրը նաև նշում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղյակ է եղել իրավիճակից, բայց ոչ մի լուծում չի առաջարկել:
Խաղողը գյուղացուց այդպիսի ցածր գնով գնվել է այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում իր հարցազրույցում հայտարարել էր. «Որևէ մեկի խաղողն այգում չի մնալու: Որակով խաղողի գինը սահմանված է 150 դրամ»: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում էր բարձրորակ բերքին, բայց 35 դրամով խաղող մթերելն էլ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Խեղճ գյուղացին կրկին հայտնվել է անելանելի վիճակում. բավական չէ՝ բերքը մթերվել է 35 դրամով, դեռ հայտնի էլ չէ, թե երբ կստանան գումարը: