«Սպանել, գցել ես ու դու տանը շնթռել». կույր տղամարդը մեղադրվում է կնոջը սպանելու մեջ

Վերաքննիչ դատարան է բողոքարկվել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով տղամարդը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

Աչքերի կուրություն ունեցող տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա առանձնատան ննջասենյակում ապօրինաբար տուժող կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ բութ, կարծր առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին, սպանել նրան, ապա հետքերը թաքցնելու նպատակով՝ դիակը տեղափոխել է առանձնատան բակ»:

Ըստ դատավճռի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը, թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում, իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում նա օգտվելով իր դատավարական կարգավիճակից՝ հրաժարվել է ցուցմունքներ տալ, իսկ դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տուժող կնոջը չի սպանել, նրան ծեծի չի ենթարկել: Դեպքի օրը խմելուց հետո, սովորության համաձայն, կինը գնացել է դուրս: Արդեն մութ էր, և ինքը նրա ետևից չի գնացել, դուրս գնալուց առաջ մի տեսակ խորհրդավոր ձայնով իրեն ասել է՝ «մեկ հատ ծխախոտ տուր, էլ չեմ ուզի»: Մինչև հիմա իրեն անհասկանալի է, թե ինչու նա նման արտահայտություն արեց: Ինքը քնել է, ապա գիշերը ժամը 03:30-ից 04-ի սահմաններում գնացել է տուժող կնոջը որոնելու, քանի որ նա հիվանդության պատճառով հաճախ էր ընկնում գետնին: Շոշափելով փնտրել է նրան, սակայն չի գտել: Տուն բարձրանալու ժամանակ ոտքը կպել է նրան: Այդ ժամանակ նա դեռ մահացած չէր, սակայն չէր կարողանում խոսել: Նրան ասել է. «Վեր կաց, գնա քնի», ապա բարձրացրել է, և շոշափելիս՝ գլխին զգացել է շատ արյուն, սկբում մտածել է, որ ջուր է քսած գլխին:

Քանի որ նրան ձեռք է տվել, իր հագուստին նույնպես արյուն է քսվել: Տեսնելով, որ տուժողն իրեն չի լսում, մտածել է՝ կլրջանա, կգնա քնելու, իսկ ինքը գնացել ու քնել է: Առավոտյան դուրս է եկել «մարդկանց մեջ» արյունոտ հագուստներով ու ձեռքերով, իսկ մարդասպանն այդպիսի բան չէր անի: Իջել է խանութ, որտեղ ասել են, որ ինքն արյունոտ է: Այդ ժամանակ էլ մտքով անցել է, որ սպանել կամ վիրավորել են տուժող կնոջը, որից իր հագուստն արյունոտվել է: Բակում լսել է, որ կինն ընկած է: Այդ ժամանակ Ոստիկանությունն իրեն տարել է: Մտածել է, որ կապացուցվի իր անմեղությունը, բայց ոչ թե ապացուցվել է, այլ սպանությունը բարդվել է իր վրա:
Դեպքի օրն ինքը տուժող կնոջ հետ չի վիճել: Հակառակ դեպքում՝ նա հանգիստ չէր մնա ու օգնություն կկանչեր, կգոռար: Կարծում է, որ նրան սպանել են, քանի որ ընկնելու հետևանքով նա այդպիսի վնասվածքներ չէր ստանա: Չի կարող ասել, թե ով կարող էր սպանել նրան: Դա կարող էին անել նրա տնից գույք տանողները:

Կարդացեք նաև

Դատարանն անհիմն է համարել ամբաստանյալի պատճառաբանությունները, թե ինքը դիտավորությամբ չի սպանել, գտել է, որ դրանք նպատակ են հետապնդում խուսափել դիտավորյալ սպանության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրան առաջադրված մեղադրանքն ապացուցված է քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված հետևյալ ապացույցներով:

Ըստ դատավճռի՝ վկաներից մեկը, ով տուժող կնոջ հանգուցյալ որդու նախկին կինն է եղել, հայտնել է, որ հարսն ու որդին տառապել են ալկոհոլիզմով, որդին ալկոհոլիզմի հետևանքով մահացել է: Հետագայում հարևաններից իմացել է, որ նախկին հարսն ու ամբաստանյալն ամուսնացել են և բնակվում են նախկին հարսի տանը: Հետո ինքը՝ ամբաստանյալը, նախկին հարսի հասցեին տալիս է սեռական բնույթի հայհոյանքներ և նրան ծեծի ենթարկում: Հարևանների բողոքների հիման վրա բազմաթիվ անգամ ոստիկաններ են գնացել իրենց բակ և հարևաններից բացատրություններ վերցրել, սակայն ամբաստանյալը նախկին հարսին ծեծելու համար ամեն անգամ պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ նախկին հարսի դեմ բողոք չի ներկայացրել:

Դեպքի օրը դուրս է եկել ու լսել նախկին հարսի ձայնը, ով տվել է ամուսնու անունը՝ մի ծեծի, մի ծեծի: Մտածելով, որ նրանց միջև ամենօրյա վեճ է, վերադարձել է տուն և քնել: Առավոտյան տեսնելով, որ նախկին հարսը գետնին ընկած է, կանչել են իրեն: Ինքը մոտեցել է և տեսել, որ նա չի շնչում: Զանգահարել են շտապ օգնություն: Նրանք եկել են ու ասել, որ նախկին հարսը մահացել է մոտ երեք ժամ առաջ, և իրենք ոչինչ անել չեն կարող: Այդ ժամանակ ամբաստանյալը տանն էր, հարևանը ձայն է տվել՝ ասելով՝ «էս ինչ արեցիր», ամբաստանյալն էլ պատասխանել է, որ ինքը ոչնչից տեղյակ չէ:

Վկաներից մեկը, ով ամբաստանյալի ու տուժող կնոջ հարևանն է եղել, հայտնել է, որ ամբաստանյալն ու տուժող կինը խմած ժամանակ միշտ վիճաբանում ու կռվում էին: Դեպքի օրը՝ գիշերը մինչև ժամը 05-ն իրենց բնակարանում լսվել են ամուսինների վիճաբանության ու կռվի ձայները: Լսել է նաև հարվածի ձայներ, որից հետո ձայները կտրուկ դադարել են: Ինքն ուշադրություն չի դարձրել՝ մտածելով, որ դա ալկոհոլի ազդեցության տակ հերթական վիճաբանությունն է: Առավոտյան իմացել է, որ տուժող կինը մահացել է: Նրան տեսել է տան բակում ընկած: Նրա ընկած դիրքից և հագուստներից հասկացել է, որ նրա ուսերից քարշ տված, բերած-գցած է: Իրենց հարևաններից մեկը ճվալով ամբաստանյալին կանչել է, ասելով՝ «սպանել-գցել ես ու դու տանը շնթռել»: Ամբաստանյալը, դուրս գալով տնից, ասել է, որ ինքը ոչնչից խաբար չէ:

Ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է:

 

Տեսանյութեր

Լրահոս