Կնոջը դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող տղամարդը մահացել էր. քրեական գործը կարճվել է

Կնոջը դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ դադարեցվել է, քրեական գործի վարույթը կարճվել է նրա մահվան պատճառով: Էդիկ Ավագյանը մահացել էր հոկտեմբերի 6-ին:

Էդիկ Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս սպանելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, դիտավորությամբ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, վերջինիս ապօրինաբար զրկելով կյանքից: Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չէր ճանաչել:

Հոկտեմբերի 8-ին դատարան է ստացվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի գրությունը և հատուկ հաղորդագրությունն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունքում բուժում ստացող Էդիկ Ավագյանը հոկտեմբերի 6-ին մահացել է:
Դատական նիստի ընթացքում մեղադրողը և պաշտպանը, ծանոթանալով գրություններին և ամբաստանյալի մահվան փաստը հավաստող բժշկական վկայականի պատճենին, միջնորդել են դատարանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1 մասի 10-րդ կետի համաձայն, ամբաստանյալ Էդ.Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումն դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ վերջինիս մահվան պատճառաբանությամբ:

Խորհրդակցական սենյակում դատարանը քննարկելով մեղադրողի և պաշտպանի միջնորդությունները, ուսումնասիրելով գրությունը՝ ամբաստանյալի մահվան փաստը հավաստող բժշկական վկայականի պատճենը, դատարանը գտել է, որ միջնորդությունները հիմնավոր են, դրանք բխում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10–րդ կետի պահանջներից և ենթակա են բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1 մասի 10-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել, և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս