«Հայաստանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր». Հովիկ Աբրահամյանը՝ «Doning business» զեկույցի մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Doning business զեկույցին: Ըստ նրա՝ դրանում Հայաստանը երեք կետով առաջ է շարժվել` 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը. «Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանը դրվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող 3 կամ ավելի բարեփոխումներ անցկացրած տնտեսությունների շարքում: Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղությունով իրականացված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային, սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամանակի ու ծախսերի կրճատումը և պայմանագրերի կիրարկման որակը:

Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը: Մասնավորապես՝ ցածր ռիսկային նախագծերի համար այժմ չեն կիրառվում ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախերը: Արդյունքում սահմանային ձևակերպումների համար պահանջվող 50 ժամը հասցնելով 3 ժամի»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այս ցուցանիշով երկիրը 58-րդ հորիզոնականից տեղափոխվել է 29-րդ հորիզոնական: «ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:

Ընկերությունների հիմնադրման առումով Հայաստանն աշխարհում լավագույն երկրների շարքում է՝ 189 տնետեսությունների շարքում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում. Հայաստանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր:

Սա համաշխարհային առաջատար երկիր Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է: Եթե աշխարհում սեփականության գրանցումը միջին հաշվով կատարվում է 48 օրում, ապա Հայաստանում դրա համար բավարար է ընդամենը 7 օրը: Միաժամանակ պետք է հիշենք, որ մշտապես առկա են բարելավման լրացուցիչ հնարավորություններ, և սա պետք է լինի մեր բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս