«Ցմահ ազատազրկվածների թեման երկսայր սրի է նման». Արփինե Հովհաննիսյան
«Ցմահ ազատազրկվածների թեման հասարակությունում ամենասուր թեմաներից մեկն է: Այն երկսայր սրի է նման»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ցմահ ազատազրկվածներին պահելու պայմանների վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանի հարցին:
Նախարարը նկատեց, որ շատ ցմահ ազատազրկվածներ օրինական դատավճիռներով դատապարտված են չափազանց ծանր հանցագործությունների համար: Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ գործերի վերաբացումը դատարանի խնդիրն է, իսկ իր կողնից որպես իրավաբան և արդարադատության նախարար գնահատական տալը ճիշտ և կոռեկտ չէ:
Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ ցմահ ազատազրկվածներին պահելու պայմանների հետ կապված կան չափանիշներ, որոնց փորձում են հետևել, օրինակ՝ Արմավիրի ՔԿՀ-ի շինարարությունը մեծ մասով կլուծի փակ և կիսափակ ռեժիմով պահվողների խնդիրը: Նախարարը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ն կբացվի դեկտեմբերին:
Նա նաև հայտնեց, որ առաջիկայում ԱԺ քննարկմանը կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն՝ տեսակցության ժամանակի կրկնակի երկարացման մասին: Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ փակ ռեժիմով պահվող արդեն 9-րդ դատապարտյալը տեղափոխվել է կիսափակ ռեժիմ՝ դրան համապատասխան հնարավորությունների ընձեռնումով: Նախարարը հավաստիացրեց, որ ցմահ ազատազրկվածների պահելու պայմանների բարելավման ուղղությամբ քայլեր շատ պետք է արվեն և դրանք շարունակական են: