Ոստիկանապետը շրջբաժինների պատասխանատուներից բացատրություններ է պահանջել
ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել ընթացիկ տարվա անցած ինն ամիսների ընթացքում ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` օպերատիվ-ծառայողական գործունեության ընդհանուր գնահատականը թողնելով տարվա արդյունքների ամփոփմանը՝ ոստիկանապետը իր դժգոհությունն է արտահայտել ծառայության մեջ տեղ գտած մի շարք ուղղություններից: Աղաջանյանն անձամբ է հրապարակել գրանցած հիմնական ցուցանիշները՝ հատկապես հանցագործությունների և մասնավորապես բնակարանային գողությունների բացահայտման ուղղություններում, և միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ արձանագրած ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության, Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջբաժինների պատասխանատուներից պահանջել բացատրություններ դրանց վերաբերյալ:
«Արցախում անբացահայտ հանցագործություններ չպիտի լինեն: Մենք ի զորու ենք հասնել դրան»,- նշել է ոստիկանության պետը: Կ. Աղաջանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է սևեռել անչափահասների, ինչպես նաև նախկինում դատվածների կողմից հանցագործությունների կանխարգելման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի և ապօրինի պահվող զենք, զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ հանձնարարելով դրանց հետ մեկտեղ խստագույնս պահպանել հանցագործությունների գրանցման կարգապահությունը և բացարձակապես ձերբազատվել հանցագործությունները թաքցնելու արատավոր երևույթից: