«Եթե նրանք ծանոթանան նախագծի բովանդակությանը, նրանց համար նույնպես դժվար կլինի ասել «ոչ»». ՀՀԿ-ականը՝ «Ոչ»-ի ճակատին

ՀՀԿ-ն բաց է համագործակցության համար և Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը անցկացնելու է և՛ առանձին, և՛ այլ քաղաքական ուժերի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ իրենք համագործակցության կողմնակից են եղել միշտ. «Փոփոխություններին կողմ արտահայտվող ուժերը միասին են պայքարում, սակայն քարոզարշավն այս պահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ձևով է իրականացնում: Իսկ համատեղ քարոզարշավը քննարկման ենթակա հարց է»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն առաջիկա օրերին կկազմի իր ծրագիրը և կսկսի քարոզարշավը: «Հույս ունեմ, որ դեկտեմբերի 6-ին հանրության շրջանում էլ կոնսոլիդացիա կլինի և կքվեարկեն` հօգուտ փոփոխությունների»:

Հարցին՝ երկրի նախագահն ինչպիսի՞ մասնակցություն է ունենալու քարոզարշավին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ նախագահն իր լիազորությունների շրջանակներում իրականացնելու է իր գործունեությունը:

Կարդացեք նաև

«ՀՀԿ-ն  իր գործընթացն է տանում, մենք արդեն հանդիպումեր ունեցել ենք բնակչության որոշ հատվածի հետ, նրանք կիսում են մեր կարծիքը «այո»-ի առումով, և բացատրական աշխատանքներ տանելիս՝ տեսնում ենք, որ «այո»-ի կողմնակիցները բավականին մեծ ուժ կկազմեն»,- նշեց Գ. Մելիքյանը:

Նա հորդորեց «ոչ»-ի ճակատին ավելի բովանդակային քննարկումներ անցկացնել հանրության հետ. «Կարծում եմ՝ եթե նրանք ծանոթանան նախագծի բովանդակությանը, նրանց համար նույնպես դժվար կլինի ասել «ոչ»»:

Տեսանյութեր

Լրահոս