Բաժիններ՝

Ադրբեջանի կալանավայրում դաժանորեն ծեծվել է ընդդիմադիր REAL շարժման ղեկավարը

Ազատազրկման վայրում գտնվող REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը հոկտեմբերի 16-ին դաժանաբար ծեծվել է թիվ 2 գաղութում, որտեղ կրում է իր պատիժը, հայտարարել է նրա փաստաբան Ջավադ Ջավադովը:

Ինչպես հայտնում է contact.az-ը, փաստաբանը բողոք է ներկայացրել Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովին, Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին ու օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային: Բողոքում նշված է, որ ծեծը տեղի է ունեցել ժամը 15։30-ին՝ փաստաբան Ֆուադ Աղաևի այցից հետո:

Նշվում է, որ Մամեդովին կանչել են բանտի վարչական շենք, որտեղ տեղափոխել են բանտապետի տեղակալի՝ Շաքիլի մոտ։ Վերջինս ու Չինգիզ անունով մի աշխատակից սկսել են ծեծել Մամեդովին՝ հարվածելով վերջինիս գլխին, ապա տեղափոխել են բանտապետ Էյվազ Ասքերովի աշխատասենյակ, որտեղ Մամեդովին գցել են հատակին ու ծեծել ոտքերով: Գաղութի պետը սպառնացել է Մամեդովին, որ նա բանտից ողջ դուրս չի գա:

Փաստաբանի խոսքով՝ հանդիպման ժամանակ ինքը իր պաշտպանյալի վզին ու գլխին կապտուկներ է տեսել: Բողոքում փաստաբանը պահանջել է անմիջապես հետաքննություն սկսել ու ապահովել նրա անվտանգությունը:
Հնարավոր է՝ ընդդիմադիր գործչին ծեծել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունով համաներման դիմումի ստորագրումից հրաժարվելու համար:

Միջազգային հանրությունը վաղուց ու համառորեն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից Մամեդովին ազատել, սակայն իշխանություններն անտեսում են նրանց պահանջները՝ փորձելով Մամեդովից կորզել ներում հայցելու խնդրանք:

Հիշեցնենք, որ REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը կալանավորվել էր 2013թ. փետրվարի 4-ին: Նրան մեղադրում են 2013թ. հունվարին Իսմայիլինսկի շրջանում անկարգությունների կազմակերպման մեջ: Վերջինս 2014 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս