Երիցյանն անպատժելի՞ է
«Վելես» հասարակական կազմակերպությունը տարեսկզբին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով չհովանավորել վաշխառուներին: Խոսքը, մասնավորապես, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի և նրա մտերիմների մասին էր:
Դատախազության գործելաոճը, սակայն, նույնն է մնացել: «Բացահայտ հովանավորչությունը շարունակվում է: Երիցյանն արտոնյալի կարգավիճակում է, նրա դեմ հարուցված ցանկացած քրեական գործ կարճվում է»,- մեզ հետ զրույցում ասաց «Վելես» հ/կ-ի նախագահ Մարինա Պողոսյանը:
Վերջինս թեև պաշտպանում է Երիցյանից տուժած քաղաքացիների շահերը, սակայն ինքն էր հայտնվել տուժողների շարքում: Նախկին պաշտոնյան կարողացել էր կեղծ տեղեկությունների միջոցով «գործ սարքել» իրավապաշտպանի դեմ:
Հովհաննես Երիցյանը քննչական մարմիններին հայտնել էր, թե Մարինա Պողոսյանը «ղազախական մաֆիայի» անդամ է, սպառնում է մարդկանց, թե կառևանգի նրանց երեխաներին, վրաերթի կենթարկի ծնողներին, և այլն: Այս անհավանական թվացող «փաստերի» հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Մարինա Պողոսյանն 8 ամիս մասնակցել է իր դեմ հարուցված գործի քննությանը:
Պողոսյանի անմեղությունն ապացուցվել էր հենց Երիցյանի մտերիմների ցուցմունքների հիման վրա, քանի որ վերջիններս քննչական մարմին հայտնել են, որ Երիցյանի մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր:
Այս ընթացքում «Վելես» հ/կ-ի նախագահը ևս դիմել էր քննչական մարմին՝ հայտնելով, որ Երիցյանը սուտ մատնություն է կատարել իր դեմ՝ ցանկանալով վախեցնել ու ճնշել իրեն: Հարուցվել էր քրեական գործը, որը կարճ ժամանակ անց կարճվել էր:
Իրավապաշտպանը բողոքարկել էր կարճման որոշումը, և այս տարվա հուլիսի 29-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա բողոքը: Թվում էր, թե գործը հետ կվերադառնա նախաքննություն, և Երիցյանը պատասխանատվության կենթարկվի իր հայտնած կեղծ տեղեկությունների համար, սակայն. «Դատախազության համար անընդունելի է այն միտքը, որ իրենց հովանավորչության տակ գտնվող Երիցյանը կարող է պատժվել: Նրանք բողոքարկել են դատարանի որոշումը, և մենք վստահ ենք, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի կոծկեն այս գործը»:
Հաշվի առնելով Երիցյանը ֆինանսական հնարավորությունն ու տարատեսակ իշխանական կապերը՝ իրավապաշտպանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կլինի ի օգուտ Երիցյանի: «Ես հուսով եմ, որ դատավորը կկարողանա դիմակայել Դատախազության ճնշմանը և օբյեկտիվ որոշում կայացնել՝ գիտակցելով, իր որոշման հետևանքները»,- ասում է «Վելես» հ/կ-ի նախագահը:
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին: