Սիրիայում սպանվել է ԴԱԻՇ-ի 40 զինյալ
Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների ավտոշարասյանը հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է նվազագույնը 40 իսլամիստ: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում կատարելով Մարդու իրավունքների սիրիական կենտրոնին (Syrian Observatory for Human Rights, SOHR):
Ավիահարվածը իրականացվել է կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, Համա նահանգում:
Հարվածի տակ է հայտնվել 16 ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյունը, ինչի հետևանքով մեքենաները ոչնչացվել են:
Կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի, թե ովքեր են իրականացրել ավիահարվածը՝ ռուս զինվորականնե՞րը, թե՞ սիրիական բանակը:
«Ընդ որում՝ ինքնաթիռները չեն պատկանում Վաշինգտոնի գլխավորած կոալիցիային»,- նրա խոսքերը մեջբերում է Yahoo News-ը: