Արա Աբրահամյանի կուսակցաշինությամբ ուզում են շեղել ժողովրդի ուշադրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական հայտը եւ ապագայում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությունը քաղաքական շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Առաջին տպավորությունն այն էր, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թափուր տեղի հայտ է ներկայացվում եւ այն էլ՝ «ընդդիմադիր» Ծառուկյանի, որն ստանձնել էր ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացման առաքելությունը:

Շատերը կարծում են, որ Սերժ Սարգսյանն է Արա Աբրահամյանին Հայաստան հրավիրել, որպեսզի նրանով «ապահով» ընդդիմություն կերտի։ Մյուսների կարծիքով էլ, Ռուսաստանն է իր կամակատարին հայաստանյան քաղաքական դաշտ գործուղել՝ ԲՀԿ-ի կապիտուլյացիայից հետո պրոռուսական ընդգծված ընդդիմության դատարկ տեղն զբաղեցնելու նպատակով: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են մեր քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն ընդունել Արա Աբրահամյանի հայտը:

Արմատական ընդդիմության բացառիկ կոչումը կրող ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ Արա Աբրահամյանն «էն գլխից» արդեն սխալ է թույլ տվել՝ Սերժ Սարգսյանից թույլտվություն վերցնելով իր ծրագրերն իրականացնելու ու կուսակցություն ստեղծելու հարցում.

«Ամեն դեպքում, թող ստեղծի, կտեսնենք, բայց թող նա անպայման հստակ դիրքորոշում հայտնի քաղաքական թիվ մեկ խնդրի՝ սահմանադրական ավանտյուրայի վերաբերյալ»: Ռուսաստանի կողմից ներդրված ուժ լինելու մասին Արամ Մանուկյանն ասում է, որ իր համար ընդհանրապես ընդունելի չէ, որ որեւէ ուժ այս կամ այն երկրի շահերի պաշտպանության համար է ստեղծվում:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար ավելի քան հստակ է՝ Աբրահամյանի ստեղծած կուսակցությունն ընդդիմադիր դաշտում չի գործելու, իրենց էլ մրցակից չի համարվելու. «Ի տարբերություն որոշ կուսակցությունների, Արա Աբրահամյանն ի սկզբանե ճշմարտախոս ձեւով հայտարարեց, որ ինքն ընդդիմություն չի լինելու, իշխանափոխություն չի պահանջելու»: 

ՀՀԿ-ական պատգամավորին հարցրինք՝ արդյոք ակնարկում է, որ Աբրահամյանը կարող է Ծառուկյանի բախտակի՞ցը դառնալ, բայց ՀՀԿ-ականը կանխեց, ասելով՝ «համեմատելու չեն», ավելին՝ մոռանալով կուսակցական ղեկավարի ու շարքայինների ամիսներ առաջ Ծառուկյանի՝ իբրեւ քաղաքական դերակատարի հասցեին քննադատությունները, ՀՀԿ-ականը դիֆերամբ ձոնեց ԲՀԿ-ի նախկին նախագահի հասցեին.

«Ծառուկյանը հայաստանյան գործիչ է, նրա բոլոր արարքները մեր աչքի առաջ են, եւ Ծառուկյանն այդ իմաստով շատ դրական գործ է կատարել, թեկուզ եւ այն, որ նա ստեղծեց ու ձեւավորեց մի քաղաքական կուսակցություն՝ հանձին ԲՀԿ-ի: Բացի դրանից, Ծառուկյանը մեծ հետք է թողել բարեգործության բնագավառում եւ շարունակում է դա անել: Իսկ Արա Աբրահամյանի դեպքում նույնն ասել չեմ կարող, նա հայաստանյան քաղաքական դաշտում անհայտ անձնավորություն է, ընդամենը ՌՀՄ-ի նախագահը»: Արա Աբրահամյանի նոր ստեղծվելիք կուսակցությունը ՀՀԿ-ի համար, Հարությունյանի խոսքով, վտանգ չի կարող ներկայացնել. «Ախր, ինչի՞ եք հարայ-հրոցներդ քցել, ոչ մի բան չի արել, ոչ մի բան չի ստեղծել, ինչ է, ՀՀԿ-ի ոտքերը պետք է թուլանա՞ն, համբերեք՝ տեսնենք։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս