Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իրանը պետք է միավորվեն Սիրիայի ճգնաժամը լուծելու նպատակով. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Պարսից ծոցի երկրների ու Իրանի համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին՝ Սիրիայում ստեղծված վիճակին քաղաքական լուծում տալու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օլանդը, ԵՄ գագաթաժողովից հետո հանդես է եկել լրագրողների առաջ ու հայտնել, որ մինչ ընդհանուր նիստը Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը ու իրենց հանդիպման արդյունքներն ամրագրել ընդհանուր հայտարարությամբ:
«Մեզ հարկավոր է սկսել քաղաքական գործընթաց ու այնպես անել, որ դրանում ներառվեն սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները»,- հայտարարել է Օլանդը լրագրողներին ԵՄ գագաթաժողովից հետո:
«Քաղաքական գործընթացը պետք է հաստատվի, ու ԵՄ երեք երկրները պետք է գործեն մեկ ուղղությամբ: Անկասկած, շփումներ կլինեն կողմերի հետ, որոնց դա մեծամասամբ վերաբերում է՝ տարածաշրջանի երկրների, Պարսից ծոցի, Իրանի հետ: Ոչ մի կողմի չպետք է անտեսել»,- ասելէ Օլանդը:
Դրա հետ միասին՝ նա հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի ապագան չի կարող լինել: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին, որ հարվածներ է հասցնում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններին: