Արփինե Հովհաննիսյանին «տամպոն» ու «ներդիր» բառերը դուր չեն գալիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանը երեկ կառավարության հաստատմանն էր ներկայացրել ազատազրկվածների համար կարեւոր մի որոշում, որով պետք է փոխվեին կալանավայրերում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, անկողնային ու հիգիենիկ պարագաների, հանդերձանքի չափաբաժինները, դրանց շահագործման ժամկետները։ Նախկին որոշումն ընդունվել էր 2003 թվականին։ Այն ժամանակվանից շատ բան է փոխվել, եւ, բնականաբար, կային չկարգավորված հարցեր։

Հիմնականը, թերեւս, սննդի որակի եւ սահմանված չափերի խախտման հարցն էր, որին նախարարը որեւէ կերպ չի անդրադարձել։ Գաղտնիք չէ, որ կալանավայրերի խոհանոցն այնքան անորակ է, որ միայն առավել չքավորները կամ հարազատ չունեցողներն են դրանից օգտվում։ Այս խնդրից սկսելու փոխարեն նախարարը կոսմետիկ բարելավման ճանապարհն է ընտրել։ «Մենք սկզբունքորեն կարգավորում ենք մի քանի խնդիրներ, ոչ միայն հիվանդ, այլ նաեւ հղի, կերակրող մայր կամ անչափահաս դատապարտյալների սննդի չափաբաժինները»,– հայտարարեց նախարարը։

Իրականում, փոփոխությունները շատ չեն։ Դատապարտյալների օրական սննդակարգին ընդամենը ավելացել է 25 գրամ բուսական յուղ։ Նախկին որոշմամբ սահմանված էր, որ դատապարտյալն իրավունք ունի բնակվել մինչեւ 3 տարեկան երեխայի հետ։ Նոր որոշմամբ պետությունն այս երեխաներին նաեւ մանկական սնունդ, երեխայի խնամքի միջոցներ, հագուստ, կոշկեղեն ու փափուկ գույք է տրամադրում։ «Ամենահեղափոխական» փոփոխությունը Արփինե Հովհաննիսյանը մտցրեց կանանց հիգիենիկ պարագաներով ապահովելու հարցում։

Նա հին որոշմանը, որը սահմանում էր կանանց հիգիենիկ պարագաների ցանկը՝ «հիգիենիկ միջադիրներ, տամպոններ, լակտացիոն միջարկներ (ներդրուկ) եւ այլն», նոր, ավելի «առաքինի» խմբագրմամբ ներկայացրեց՝ «կանացի հիգիենայի միջոցներ»։

Ի դեպ, կանանց տրվող «տամպոնների» քանակը չի ավելացել։ Դրանց համար կանանց գաղութում մինչեւ հիմա «ցելլա են քցում», լրացուցիչ «տամպոնը» երազանք է, տարեց կանայք, ովքեր վերապրել են կլիմակտերիկ շրջանը, հավաքում են «տամպոնները» եւ դրանք փոխանակում ավելի պիտանի պարագաների հետ։ «Տամպոնների» եւ միջադիրների միջոցով «Աբովյանի» բնակիչները միմյանցից ծառայություններ են «գնում»։ Այսօր էլ, ինչպես 10 տարի առաջ, կանանց գաղութում հիգիենայի պարագաների պակաս կա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս