Պարզեցվում է հարկ վճարողների կողմից պետբյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը

Այսօր ՀՀ Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական կայքում, նախագծերի փաթեթով կարգավորվում և պարզեցվում է հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը, կրճատվում են պետական բյուջեից հարկ վճարողների գումարների հետ վերադարձման ժամկետները, գումարների վերադարձման հետ կապված պահանջվող փաստաթղթերը, հստակեցվում են պարտավորությունների հաշվառման կարգն ու ժամկետները, նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման և հարկային պարտավորությունների վճարման ժամկետները՝ դրանով իսկ կրճատելով հարկ վճարողի բիզնես գործընթացների հետ կապված ժամանակատարությունը: Այդ նպատակով առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ, որի դեպքում կկարգավորվեն մի շարք խնդիրներ: Մասնավորապես, կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը, սխալ վճարումների հետևանքով տույժեր այլևս չեն հաշվարկվի, կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու և դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը և այլն:

Տեսանյութեր

Լրահոս