Բաժիններ՝

Սահմանամերձ գյուղերում ֆիլմը կցուցադրվի անվճար, բարեգործական հիմունքներով. Հայկ Մարությանը՝ «Սիրո գործակից» նոր կատակերգության մասին. Life.panorama.am

Հոկտեմբերի 22-ից մեծ էկրաններ կբարձրանա եւ հայկական կինոկատակերգությունները եւս մեկով կհամալրի «Կարգին ստուդիայի» և «Էսքիզ ստուդիայի» «Սիրո գործակից» կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարի հեղինակը Ռոբերտ Մարտիրոսյանը, համահեղինակը՝ Արման Մարությանը: Life.panorama.am-ը նոր ֆիլմի մասին մանրամասներ ստանալու նպատակով զրուցել է ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանի հետ:

-Հայկ, կխնդրեի նախ մի փոքր պատմեիք այս ֆիլմի ստեղծման գաղափարից:

– Պետք է ասեմ, որ այս ֆիլմի գաղափարը ունեցել ենք դեռ շատ վաղուց եւ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն էլ սկսել ենք «Սուպեր մամա» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո: Այսինքն՝ շուրջ մեկ տարի աշխատաել ենք «Սիրո գործակից»-ի վրա, փորձել ենք ամեն բան շատ բարձր մակարդակով իրականացնել:

-Արդեն հասկանալի է, որ ֆիլմը հատուկ ուղղվածություն ունի, հետաքրքիր է ինչո՞ւ, ո՞րն է եղել նպատակը:

– Այո, ֆիլմը կլինի սպորտային ուղղվածության, որի նմանը դեռ չի եղել հայկական կինոշուկայում: Մենք էլ փորձեցինք գնալ այդ քայլին: Պետք է ասեմ, որ սկզբնական շրջանում թվում էր, թե դժվարություններ կլինեն, բայց, երբ մտանք պրոցեսի մեջ, տեսանք, որ մեծ թվով մարդիկ զբաղվում են հենց մեծ թենիսով, որոնց մասին մենք անգամ չէինք կարծում: Մեզ համար նման ուղղվածության ֆիլմ ստեղծելու համար նաեւ մեծ խթանիչ ուժ հանդիսացավ այն հանգամանքը, որ սպորտով զբաղվելը ճիշտ եւ առողջ ապրելակերպ է, պետք է հաճելիորեն նկատեմ նաեւ, որ մեր անձնակազմից շատերը նկարահանումներից հետո որոշեցին զբաղվել սպորտով, շատերը՝ հենց մեծ թենիսով: Հուսամ, որ ֆիլմը դիտելուց հետո շատերը կոգեւորվեն եւ կցանկանան զբաղվել սպորտով, ինչը իսկապես, շատ կարեւոր է մարդու կյանքում:

-Կարծես թե, «Սուպեր մամա»-ի դերասանական կազմը պահպանվել է, միայն ավելացել են եւս մի քանի դերակատարներ:

– Այո, գրեթե բոլոր դերասանները պահպանվել են, միայն հերոսուհին է փոխվել, դա էլ զուտ այն պատճառով, որ սխալ կլիներ, որպեսզի գլխավոր հերոսուհին նույն մարդը լիներ, հետո մենք մտադրություն ունենք հաջորդ տարի նկարահանել նաեւ «Սուպեր մամա 2»-ը, որտեղ մեծ հավանականությամբ Անի Խաչիկյանը կրկին հանդես կգա:

siro gorcakic

-Գլխավոր հերոսուհին Էթերի Ոսկանյանն է, ում հեռուստադիտողը մշտապես տեսել է շատ լուրջ, տխուր կերպարներում, նրան հումորային ժանրում պատկերացնելը ռիսկային քայլ չէ՞ր, քանի որ հանդիսատեսը արդեն սովոր էր նրան տեսնել լուրջ կերպարներում:

– Մենք մեր տեսակով կարծրատիպեր քանդող ենք, մենք միշտ գնացել ենք այն ճանապարհով, որը հեռուստադիտողին, այս պարագայում՝ կինոդիտողին հետաքրքիր լինի: Եթե մարդիկ սովոր են տվյալ դերասանին միօրինակ կերպարներում տեսնել, մենք փորձել ենք ներկայացնել նրան այլ կողմով, օրինակ «Սուպեր մամա»-ում Լեւոն Հարությունյանին այնպես էինք փոխել, որ մարդիկ անգամ չգիտեին, թե նա ով է: Այս ֆիլմում էլ մենք այնպես ենք փոխել մեր դերասաններից մի քանիսին, որոնց տեսնելիս վստահաբար կինոդիտողը հաճելիորեն անակնկալի կգա: Այսինքն՝ մենք միշտ գնում ենք էքսպերիմենտների, որոնք, հուսամ հաջողություն կունենան:

-«Սիրո գործակից»-ում նկարահանվել է նաեւ վիտամինցի Արմուշը, եթե հաշվի առնենք, որ Գարիկը եւս «Վիտամին ակումբ»-ի ներկայացուցիչ է, սա նշանակում է, որ համագործակցել եք «Վիտամին ակումբ»-ի հե՞տ:

– Վիտամինի տղաների հետ շատ վաղուցվա ընկերներ ենք, բայց մեզ մոտ դերասանների համար քասթինգ արվում է ըստ դերերի, այսինքն՝ մեզ մոտ երբեք չկա ընկեր-ծանոթ-բարեկամ-խնամի մոտեցումը: Շատ լավ դերասաններ կան, ովքեր մեզ մոտ ընկերներն են, բայց այս ֆիլմում չեն խաղում, այսինքն՝ դերասաններ ընտրել ենք ըստ կերպարների համապատասխանության:

-Ֆիլմի որակի մասին խոսելիս առաջինը շեշտվում է ֆիլմի բյուջեն, սա համաշխարհային մոտեցում է, որից դուք եւս զերծ չեք մնացել: Նշանակում է, որ ֆիլմը բացի բովանդակային որակից, ունի նաեւ տեխնիկական բարձր որա՞կ:

– Այո, ֆիլմի համար ծախսվել է մոտավորապես 350.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բայց քանի որ աշխատանքները դեռեւս ամբողջությամբ ավարտված չեն, հնարավոր է, որ այս թիվը դեպի վերեւ որոշակի փոփոխությունների ենթարկվի, արդյունքում գուցե 400.000 ԱՄՆ դոլարին հասնի «Սիրո գործակցի» բյուջեն: Այս ֆիլմը «Ալաբալանիցա»-ից եւ «Սուպեր մամա»-ից տարբերվելու է նրանով, որ սա շատ ավելի ծախսատար է եղել եւ թե տեխնիկապես, թե մարդկային ռեսուրսներով ավելի հագեցած ու տարողունակ: Մեզ մոտ մեկ տեղում են բավականին մեծ թվով սիրված եւ տաղանդավոր աստղեր, որոնցից ամեն մեկը կարող են մի ֆիլմի գլխավոր դերակատար լինել:

-Հետաքրքիր է, նկարահանումները իրականացվել են միայն Հայաստանո՞ւմ:

– Այո, միայն Հայաստանի սահմանում է եղել, բայց իրոք Հայաստանի, որովհետեւ նույն «Սուպեր մամա»-ն նկարահանել ենք հիմնականում Երեւանում, իսկ այս ֆիլմի մեծամասնությունը նկարահանել ենք Ծաղկաձորում, Դիլիջանում եւ Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում, այնպես որ, ֆիլմը դիտելով կարելի է հիանալ նաեւ մեր երկրի չքնաղ բնությամբ:

-Հայկ, շատերը նկատում են, որ վերջին շրջանում նկարահանվող հայկական ֆիլմերը մեկանգամյա դիտման են արժանանում, ի՞նչ եք կարծում՝ «Սիրո գործակիցը» նման ֆիլմերից չի՞ լինի:

– Ես կարող եմ այս հարցին պատասխանել «Սուպեր մամա»-ի օրինակով, որի դեպքում մենք մեր երկրի համար վերջին 25 տարվա կտրվածքով գրանցեցինք աննախադեպ դիտման ռեկորդ՝ «Սուպեր մամա»-ն դիտել են 220.000 մարդ, որի շարքում շատերը երկու անգամ են դիտել, իսկ մի փոքր տոկոսն էլ անգամ երեք եւ չորս անգամ: Նույն կերպ ռեկորդ գրանցեցինք նաեւ յութուբում, որտեղ գրանցվել է 5 միլիոնից ավելի դիտում:

-Հուսանք, որ «Սիրո գործակից»-ը կգերազանցի Ձեր իսկ սահմանած ռեկորդը:

– Այո, մենք մեզ համար դարձել ենք այսպես ասած մրցակից, հիմա մենք մեզ պետք է հաղթենք, որի համար ամեն բան արել ենք: Իսկապես շատ մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեկ քայլ առաջ անցնենք տեխնիկական, որակական եւ բովանդակային ամեն տեսանկյունից, իսկ թե որքանով է դա հաջողվել, պետք է ասի հանդիսատեսը:

-«Սիրո գործակից»-ը կրկին կցուցադրվի՞ Հայաստանի տարբեր շրջաններում:

– Այո, մեր ծրագրին համապատասխան ինչպես «Սուպեր մամա»-ն եղավ, այնպես էլ այս ֆիլմը կցուցադրվի Հայաստանի բոլոր շրջաններում: Այն շրջաններում, որտեղ չեն լինի կինոթատրոններ, մենք ստեղծում ենք դրանք, որպեսզի բոլորն էլ իրենց զգան ՀՀ լիարժեք քաղաքացիներ: Ընդ որում, պետք է հատուկ շեշտեմ, որ այս քայլը զուտ կոմերցիոն բնույթ չի կրում, որովհետեւ այդ կերպ հազիվ արված ծախսերն ենք հոգում, ուղղակի մենք հաճույք ենք ստանում այդ մարդկանց ուրախությունից եւ ոգեւորությունից: Իսկ սահմանամերձ գյուղերում ֆիլմը կցուցադրվի անվճար բարեգործական հիմունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս