«Րաֆֆի Հովհաննիսյանը փոշիացրեց ողջ քաղաքական կապիտալը, որն ուներ»

«Ես մեկ-երկու քննարկման եմ մասնակցել ընդդիմախոսների հետ, բայց ինձ մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ նրանք խոսում են այն նախագծի մասին, որին ծանոթ չեն, չեն կարդացել ու չեն ընդունում նրա համար, որ իրենց առաջարկը չի ընդունվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի քննարկումների մասին` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Հիշեցնենք, որ օրերս ստեղծվել է «Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբը, որը պատրաստվում է մինչև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն՝ դեկտեմբերի 6-ը, իշխանափոխություն իրականացնել ու արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջոցով տապալել հանրաքվեն:

168.am-ի հարցին՝ որքանո՞վ է դա իրատեսական, և արդյո՞ք դա իշխանություններին մտահոգվելու առիթ չի տալիս, Խ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Իրատեսական չեմ համարում, մտահոգիչ չէ: Եթե մտահոգիչ է, ուրեմն՝ այդ քաղաքական գործիչների համար, որոնք տապալում են իրենց քաղաքական ապագան: Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ իդեալական հնարավորություններ՝ նախագահական ընտրություններից ուղղակի ստանձնել կառուցողական, ինստիտուցիոնալ առումով կենսունակ ընդդիմության լիդերի դերակատարումը, նա հրաժարվեց այդ հնարավորությունից, նա փոշիացրեց ողջ քաղաքական կապիտալը, որն ուներ»:

Ըստ Խ. Հարությունյանի՝ մեր ընդդիմության համար թիվ մեկ կարևորագույն սխալն այն է, որ իրենց ամբողջ գործունեությունն ուղղում են մեկ անձի դեմ. «Սա ապագա չխոստացող պայքար է, և այս ամբողջ 25 տարվա ընթացքում մեր ընդդիմությունը ձախողվել է դրա պատճառով»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս