Արա Աբրահամյանը «կուսակցություն է բացում». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Առաջ գոնե Մոսկվա կար, նամակներ էինք գրում, գնում էինք այնտեղ արդարության էինք հասնում, հիմա ընկել ենք էդ խուժանի ձեռը՝ ոչ արդարություն կա, ոչ խիղճ»։ Ծանոթ տեսակետ է, այնպես չէ՞։ Հայաստանցիների մի քանի տասնյակ սերունդ դաստիարակվել են այն համոզմունքով, որ տեղական իշխանները, որոնք նշանակված են դրսից, ագահ են եւ խաբեբա, բայց նրանք, ովքեր այդ տեղական իշխաններին նշանակել են, նրանք հզոր եւ արդար մարդիկ են, եւ ծայրահեղ դեպքում կարելի է գործերը դասավորել «Տիզբոնում»։
Այդ հոգեբանությունն ունի զանազան դրսեւորամներ։ Նախ՝ Հայաստանի բնակչության մոտ ինչ-որ աղոտ հույս է պահպանվել, որ դրսից կգա ինչ-որ «աչքը կուշտ» հայ մեծահարուստ եւ «էս երկիրը կդզի»։
Վերջապես, հավակնություններ ունեցող իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները իրենց գործերը փորձում են դասավորել «չերեզ Մոսկվա»։ Ընդ որում, ընդդիմադիրները Երեւան վերադառնալուց հետո աշխատում են բոլորին համոզել, որ իրենց ընդունել են «համարյա Պուտինի մակադարկով», եւ Մոսկվան իշխանափոխության «դաբրոն տվալ ա»։
Արտասահմանում ապրող հայ բիզնեսմենների հավակնությունները երկար պատմություն ունեն եւ սկսվում են դեռեւս Սերժ Ջիլավյանից։ Փող ունենալը եւ բարեգործություններ անելը (իհարկե, փառք ու պատիվ նրանց դրա համար) այդ մեծահարուստների մեջ վստահություն են առաջացնում, որ «էս ազգի համար էդքան բան անելով»՝ նրանք կարող են նաեւ որոշել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը։
Հիմա էլ մոսկվաբնակ Արա Աբրահամյանն է «կուսակցություն բացել»՝ ինչպես որ նրանք բացում են խանութներ, հյուրանոցներ եւ կազինոներ։ Պարզ չի աոայժմ՝ Կրեմլի՞ց են նրան հանձնարարեալ «կուսակցություն բացել», թե՞ այդ գործարարը Հայաստանում ունի իր բրզնես-շահերը։ Դեռ հայտնի չէ նաեւ, թե որրանով է այդ «ձեռնարկությունը» համաձայնեցված Հայաստանի իշխանությունների հետ։ Շուտով պարզ կդառնա, թե ինչպես է կոչվելու այդ կուսակցությունը՝ ՕԵԿ, «Հայկական վերածնունդ», թե այլ կերպ։ Մի բան կարելի է հստակ ասել՝ այդ կուսակցությունը 2017 թվականի ընտրություններում մեծամասնություն չի ստանա եւ լավագույն դեպքում կդառնա կոալիցիայի անդամ կամ «ոչ իշխանական ուժ»՝ տարբերությունը մեծ չի։ Բոլոր դեպքերում այդ կուսակցությունը մեր քաղաքական ներկապնակում նոր երանգ չի ավելացնի»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում։