Լյուդմիլա Սարգսյանը չի միանա «Այո»-ի ճակատին
«Ես, անկեղծ ասած, ո՛չ «Ո՛չ»-ի ճակատին եմ միանում, ո՛չ «Այո»-ի: Մենք կուսակցությունով մեր կողմն արտահայտել ենք, և կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է»,- պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ եք մասնակցել սահմանադրական բարեփոխումների «Այո»-ի քարոզարշավին՝ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով սահմանադրական բարեփոխումների նախագծին կողմ է քվեարկել:
Նրա խոսքով՝ իրենց կուսակցականները կողմնորոշված են, իրենք Սահմանադրությանը «այո» են ասելու. «Ես կարծում եմ՝ առանց մեր որևէ ճակատի միանալու էլ՝ շատ հստակ է և՛ «Այո»-ի ճակատը, և՛ «Ոչ»-ի»:
Հարցին էլ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ կողմ լինելով՝ քարոզարշավ չեք տանելու, Լ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Հարցազրույցներ ենք տալիս, կարծիքներ ենք հայտնում, դա էլ է, չէ՞, ինչ-որ ձևով քարոզչություն, կարծում եմ՝ դրանով պետք է բավարարվել, համենայն դեպս, մեր մասով: Մենք մեր կարծիքն արտահայտել ենք, մեր համակիրները գիտեն՝ մենք ինչ ենք մտածում Սահմանադրության վերաբերյալ, ու ըստ այդմ էլ՝ կկողմնորոշվեն»: