Եթե Ադրբեջանն այսպես շարունակի, պետք է սկսել Ղարաբաղի անկախության ճանաչման պրոցեսը. Ստեփան Գրիգորյան
«Ադրբեջանը անցնում է նախապայմանային քաղաքականության, երբ Հայաստանի Հանրապետության առջև պայմաններ է դնում բանակցությունները սկսելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նա նկատեց, որ նախկինում էլ դա եղել է, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բանակցային պրոցես գնում էր. «Այս երկու տարվա մեջ իրենք սկսեցին հստակեցնել այդ պայմանային քաղաքականությունը, ու հենց դրանով եմ ես պայմանավորում Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Ղարաբաղի հետ կապված: Սա ոչ թե Հայաստանի քաղաքականության փոփոխությունն է, այլ ուղղակի տրամաբանական արձագանք է Ադրբեջանի կոշտացող քաղաքականությանը»:
Ըստ քաղաքագետի՝ ՀՀ նախագահի հայտարարությունը Ղարաբաղի հետ կապված նաև նշանակում է, որ եթե այսպես շարունակվեն Ադրբեջանի սադրանքներն ու պրովոկացիաները, Հայաստանը նոր պրոցես կսկսի՝ կա՛մ Ղարաբաղի անկախության ճանաչում, կա՛մ միացում. հաշվի առնելով, որ Ադրբեջանի ռեյտինգը հիմա աշխարհում շատ ցածր է, պարզ է, որ եթե Հայաստանը գնա այս ճանապարհով, կգտնվեն երկրներ, որ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Սա շա լուրջ մեսիջ է Ադրբեջանին:
Խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին՝ Ս. Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը կշարունակի այս ամենը. «Ու եթե շարունակի, պետք է սկսել Ղարաբաղի անկախության պրոցեսը, ու այս վիճակում շատ երկրներ կմիանան դրան»: