ՆԱՏՕ-ի խորհուրդն արտահերթ կարգով կքննարկի Սիրիայում Ռուսաստանի գործողությունները
ՆԱՏՕ-ի խորհուրդն այսօր արտահերթ նիստ կհրավիրի, որտեղ կքննարկի Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, մասնավորապես, Թուրքիայի օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից խախտելու փաստը:
Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ:
«Ես հենց նոր հանդիպել եմ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, որ քննարկեի Սիրիայում ու դրա շուրջ ՌԴ ռազմական վերջին գործողությունները, այդ թվում՝ ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքը անթույլատրելիորեն խախտելու փաստը»,- ասվում է հաղորդագրությունում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մոսկվային հարգել ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքն ու «խուսափել դաշինքի հետ հարաբերություններում էսկալացիայից»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ռուսաստանին իր երկրի օդային տարածքը խախտելու մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն իր երկրի օդային սահմանները խախտելու պատճառով Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել էր Անկարայում իր դիվանագիտական ներկայացուցչություն:
Գերատեսչությունում պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանի մերձակայքում: