Բաժիններ՝

Տեղի ունեցավ «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմի պրեմիերան

Հոկտեմբերի 1-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Արթուր Բախտամյանի «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմի պրեմիերան։ Այն ներկայացնում է եղեռնազոհ չորս գրողների ենթադրյալ Նոբելյան ճառերը։ «Մենք որոշեցինք նկարահանել արևմտահայ չորս գրողների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի այն երևակայական ճառերը, որ նրանք կարող էին ասել Ստոկհոլմի բեմում Նոբելյան մրցանակ ստանալիս, սակայն չկարողացան դա իրականացնել, որովհետև 1915թ. ավարտվեց նրանց կյանքը»,- ասում է Արթուր Բախտամյանը։

Արթուր Բախտամյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծագործական խումբը նկարահանումների ընթացքում հայտնաբերել-բացահայտել է մեծագույն բանաստեղծներին, նրանց կյանքը, ճանապարհը։ Անցել են այսօրվա Թուրքիայի, Ստամբուլի փողոցներով, որտեղ գրողներն ապրել ու ստեղծագործել են։ Սա հարյուրամյա ճանապարհ է, մեր կարոտի ու կորստի ճանապարն է, որը ֆիլմի միջոցով ներկայացվում է հանդիսատեսին։

Արթուր Բախտամյանը նշեց, որ ցանկություն ունի ֆիլմը հետագայում թարգմանել 2 լեզվով՝ թուրքերեն և անգլերեն։ Դիմելով հանդիսատեսին՝ նա ընդգծեց, որ, թող հավակնոտ չհնչի, ամեն ինչ անելու է, որ թուրքերեն տեքստը կարդա Նոբելյան մրցանակի արժանացած թուրք գրող Օրհան Փամուկը, իսկ անգլերեն տեքստը՝ գուցե Մել Գիբսոնը. «Պետք է հանրահայտ ձայն, հանրահայտ տեմբր ու բովանդակություն լինի, այլապես այսօրվա լրատվական հարահոսի մեջ մարդիկ չեն կարող հասկանալ այն որակը, որը բացակայեց, ոչնչացվեց 100 տարի առաջ»։

Ֆիլմի տեքստի հեղինակն է Լևոն Գալստյանը։ Նա նշեց, որ հիմնական խնդիրը չորս գրողների ասելիքը փոխանցելն է։ «Մենք աշխատել ենք հստակեցնել նրանց հիմնական ասելիքը, նրանց հայացքն առհասարակ աշխարհի նկատմամբ, որոշակի կարծրատիպերից փորձել ենք դուրս գալ և գրողներին ներկայացնել ոչ այնքան նրանց քաղաքացիական ըմբոստության մեջ, որպես պարզապես նահատակ, այլ որպես մտածող և մտավոր մարդիկ, որոնց ասելիքը, ըմբռնումներն ու ընկալումները դուրս են տարածությունից և ժամանակից»։

Ֆիլմի ստեղծագործական աշխատանքները տևել են 9 ամիս, նկարահանումները կատարվել են Արևմտյան Հայաստանում և Հայաստանի Հանրապետությունում։ «Չարտասանված Նոբելյան ճառերը» ցուցադրվելու է հեռուստատեսությամբ, նաև՝ բուհական, մասնագիտական լսարաններում։ «Չարտասանված Նոբելյան ճառերի» տեքստը կտպագրվի «Անդին» գրական ամսագրում։

Հավելենք, որ «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպությունն այն կյանքի է կոչել ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս