«Պուտինի և Օբամայի հանդիպումով՝ կանխվեց երրորդ համաշխարհային պատերազմը». Գուրգեն Եղիազարյան
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կածում է՝ պետք է ողջունել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, քանի որ դրա բացակայության պարագայում՝ «դանդաղ, բայց հաստատուն կերպով» շարժվելու էինք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ Սիրիայի հարցում ՌԴ նախագահը ոչ մի սխալ քայլ չի արել:
«Պուտինն ասում էր, որ միակ ուժը, որը դիմակայում էր իսլամական պետությանը, Ասադի բանակն էր, և նա ասում էր, որ մենք պետք է օգնենք Ասադին՝ 21-րդ դարի չարիքը, ուռուցքը վերացնելու համար: Հիմա եղավ Պուտին-Օբամա հանդիպումը, որը ողջունելի է մարդկության ապագայի համար: Հանդիպումից ժամեր անց ՌԴ-ն այդ հանդիպման ոգով սկսեց գործողությունները: 2.5 օր է անցել ու այդ հրոսակներն արդեն առաջ չեն շարժվում»,-նկատեց Գ. Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ բանակցությունների արդյունքում շատ լավ քայլ եղավ, և Ռուսաստանը համաձայանություն ստացավ գործելու. «Ես ցավով լսեցի, որ նախահագ Օբաման ասաց, որ Ասադը քիմիական զենք է օգագործել, այնինչ, ՄԱԿ-ի փորձագետները ասացին, որ քիմիական զենք Ասադի կողմից չի օգտագործվել»:
Դիտարկմանը, թե ԱՄՆ-ն ասում է՝ «մեզ համար անհասկանալի է՝ ինչ է անում Ռուսաստանը», Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Անհասկանալի է, որովհետև սկսեցին կադրեր ցույց տալ, որ ՌԴ-ն ռմբակոծում է Սիրիայի ազատ բանակին, բայց դրանք 3 ամիս առաջվա կադրեր էին»:
Գ. Եղիազարյանը նաև նշեց, որ սա կարևոր է մեզ համար որովհետև այն ժամանակ Հայաստանը նույնպես վտանգված էր, քանի որ իսլամական պետության ծրագրի մեջ կար հայոց պետականության կործանումը: Նա հիշեցրեց, որ նախորդ անգամ ինքը հայտարարել էր, որ Իսլամական պետությունը ֆինանսավորվում էր Թուրքիայի կողմից. «Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Թուրքիան միջանցք բացեր, ու իրենք մտնեին Հայաստան: Հիմա ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև որոշակի պայմանավորվածություններ եղան, ու Թուրքիան անմասն մնաց այս ամենից»: